Նիկոլ Փաշինյան. գնդակահարության պատի տակ կանգնածը

Մհեր Արշակյան

Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը բացառիկ հայտարարություն արեց խորհրդարանի ամբիոնից, թե ինքը մեղավոր է ոչ թե հողերը հանձնելու համար, այլ՝ չհանձնելու, պատերազմը հենց հողերը չհանձնելու հետևանք էր։

Այսինքն՝ ես չեմ հանձնել, հանձնել են կռվողները կամ չկռվողները: Իսկ ես ասել եմ, որ չեմ հանձնի, ես ոչմիթիզական էի։ Ու ինքը ճիշտ է, որովհետև եթե հանձնել է, բա էդ ի՞նչ պատերազմ էր, 44 օր ինչո՞վ էին զբաղված Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Արցախը: Ամբողջը հողի կռիվ էր, չէ՞, որը մեկը չի ուզում հանձնել, մյուսն էլ համառորեն ուզում է վերցնել։ 

Բայց այսքանը հասկացողը իր ժողովրդին պետք է ասեր նաև, որ, ժողովո՛ւրդ ջան, պատերազմն անխուսափելի է։ Ու թող խուճապ լիներ: Ու եթե վստահ ես, որ կոնսոլիդացիա չի լինելու այն ընկալման շուրջ, թե պատերազմի հետևանքով պետք է պատրաստ լինենք կորցնելու գրավյալ տարածքները, Ղարաբաղը, Շուշին, Լաչինի միջանցքը, Հայաստանի որոշ տարածքներ, ուրեմն գիտես, որ լինելու է ուրիշ բան՝ հրաժարական: Որովհետև ո՞նց կարելի է 30 տարի հաղթանակի պատրանքով ապրած ժողովրդին հասկանալի դարձնել, որ իր հաղթանակը զրոյացվել է հենց 1994-ի մայիսին, երբ կնքվեց հրադադարի համաձայնագիրը, ու սկսվեց այդ հաղթանակի վրա պետություն քանդելը։ 

Չէիր կարող ասել, որ պատերազմն անխուսափելի է, որովհետև քեզ մեղադրելու էին հողերը ծախելու համար հող նախապատրաստելով պատերազմով վախեցնելու մեջ, ու դու հասկացել ես, որ ժողովրդին չես կարող բացատրել, որ հող ծախելով չես զբաղված, այլ օբյեկտիվ, անխուսափելի իրականությունը ներկայացնելով, ուզում եք հավատացեք, չեք ուզում՝ մի հավատացեք: Դու ժողովրդի հետ խոսելու լեզուն չես իմացել, որովհետև այստեղ արդեն Սերժ Սարգսյան չկա, ու դու էլ քո ընդդիմությունը չես: 

Դու որոշել ես, որ քանի որ ժողովուրդը քեզ չի հասկանա, ուրեմն թող բախվի պատերազմին, որի սկսվելու մեջ մինչև երեկվա խորհրդարանի քո ելույթը, թվում էր, թե դու իսկապես մեղք չունես:

Թվում էր, թե քո մեղքը այն է, որ պատերազմի անխուսափելիությունն ես կոծկել: Բայց երեկ դու արեցիր պատերազմի ավարտից ի վեր ամենավտանգավոր հայտարարությունը, այն է՝ կարող էինք կանխել պատերազմը, «որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»։

Բայց սրա վտանգավորությունն այն չէ, որ զոհերը չկանխելու արդյունք էին, այլ այն, որ փակում է դուռը պատերազմի ու զոհերի մեղքից մի ավելի խոշոր «ազատագրման» առաջ։

Դա այն է, որ ինչ էլ աներ Փաշինյանը, ամբողջ Հայաստանն էլ նվիրեր Ադրբեջանին, պատերազմն անխուսափելի էր, Ադրբեջանը միայն կռվով էր համաձայն վերցնել այդ տարածքները և ոչ մի բանակցություն, Մինսկի խումբ, Իսրայելի քմահաճույք կամ «Բրիթիշ փեթրոլիում» չէին կարող կանխել կռիվը։

Հիմա պարզվում է, որ կանխել հնարավոր էր։ Այսինքն՝ փաստորեն պատերազմն անխուսափելի չէր։ Եվ, հետևաբար, պետք է գտնել մի արդարացում, թե ինչու Փաշինյանն ինքն իր դեմ դոստոևսկիական ինքնախարազանմամբ տվեց ամենադաժան ցուցմունքը։ 

Ըստ իս՝ սա դատարանում նախապես հնչեցրած վերջին խոսք էր, երբ նույնիսկ քրեական գործը չկա, երբ նույնիսկ պատմության դատաստանը չկա։

Փաշինյանն իր ինքնամեղադրականում ոչ այնքան նրբորեն մեղադրեց ամբողջ ժողովրդին, որին չէր կարող ասել, որ հողերը պահելու ոչ մի տարբերակ չկա։

Այսինքն՝ մեր ժողովուրդը բանական առումով այնքան է կորցրել իր որակները, որ նրան բանական տագնապներ ներկայացնել հնարավոր չէ։ Ուստի թող վճարի պատերազմով ու խելքի գա։ Ու երբ արդեն մենք սա գիտենք, ու եթե Փաշինյանն իր ինքնամեղադրականի մեջ իսկապես ճիշտ է, ուրեմն փաստ է նաև այն, որ դու՝ որպես ժողովուրդ, չգիտես կամ չես իմանա, թե ինչում մեղադրել նրան։ 

Մի ամբողջ ժողովրդի առաջ Փաշինյանը տանուլ տվեց իր գլխավոր խաղաքարտը՝ պատերազմի անխուսափելիությունը, այն, որ ինքը ոչ մի պարագայում, բացարձակապես ոչ մի պարագայում չէր կարող կանխել այն, նույնիսկ եթե աշխարհի բոլոր Աշոտ Փաշինյաններին գրավ դներ այդ պատերազմը չսկսելու դիմաց։ 

Ինչո՞ւ Փաշինյանն այսպես վարվեց, ինչո՞ւ իրեն զրկեց վերջին խաղաքարտից, որից հետո նա ուղղակի չի կարող հրաժարական չներկայացնել։

Պատճառը մարդկային է՝ այսպիսի ելույթից առաջ Փաշինյանը մտածել է՝ եթե ես հիմա գնդակահարության պատի տակ կանգնած լինեի, իմ ժողովրդին հասկանալի լինելու ի՞նչ վերջին փորձ կանեի:

Ու մտածել է երեկվա ելույթը, որովհետև այդպիսի բաներ կասես կա՛մ իբրև վերջին խոսք, կա՛մ երբ փակել ես պետության դռները, այսինքն՝ պետությունն արդեն չկա, կա՛մ էլ թքած ունես մեկ մարդու, հետևաբար, 3825 մարդու կյանքի վրա:

Մհեր Արշակյան

MediaLab.am