Պեմզաշեն. շառից-փորձանքից հեռու սպանություններ

Մհեր Արշակյան

Գիտե՞ք ինչու ենք աշխարհով մեկ եղել, որ մոլորակի 8-միլիարդերորդ ծնունդը հայ է, ծննդավայրը՝ Մարտունի: Որովհետև ուրախանալը մեզնից որևէ ջանք չի պահանջում:

Մեր մեջ ասած, ամբողջ աշխարհի համար ուրախանալը որևէ ջանք չի պահանջում, բայց փոխարենը աշխարհի քաղաքակիրթ երկրներում, երբ հարևանի տան մեջ բռնություն է լինում, անմիջապես ոստիկանություն են զանգում: Իսկ զանգը ջանք է: 

Մտածելը, որ էդ տան մեջ երեխա են ծեծում, ջանք է: Ենթադրելը, թե էդ ծեծից ի՛նչ հետևանքներ կարող են լինել, ջանք է:

Պատասխան տալ, թե ինչո՛ւ զանգեցիր, ինչո՛ւ գործ տվեցիր հարևանիդ վրա, ջանք է:

Մտածել, թե օրերով ոստիկանությանը դեռ պիտի բացատրություն տամ, թե ինչ եմ լսել ծեծվողների բնակարանից, ջանք է: Ջանք է նույնիսկ այն միտքը, որ վաղը էդ բռնությունը կարող է քո տան դռանը չոքել:

Ամեն ինչ ջանք է:

Պեմզաշենում տեղի ունեցածը անաղմուկ չի եղել: Հարևաններից մեկը ազնվորեն խոստովանել է, որ ձայներ լսել է, բայց իրեն պահել է «հայի պես»: Հասկացաք, չէ՞:

Այսինքն՝ իմ ի՞նչ գործն է, թե ով ում է ծեծում, միայնակ կնիկ է, գուցե մեկի հետ լեզու չի գտնում, ես ինչի՞ խառնվեմ: Անմիջապես բռնության մեջ սյուժե են դնում, որպեսզի չխառնվեն:

«Հայի պես»: Այսինքն՝ ամեն ինչ կանենք, որ ոչինչ չանենք: Մինչև առավոտյան չտեղեկանանք, որ սպանվել են մայրն ու երկու երեխաները:

Ու դեռ օրերով կենթադրենք, որ էդպիսի սպանությունը «հայի ձեռքի գործ» չէ, հայն էդպիսի բան չի անի: Ռուս Պերմյակովը կանի, թուրք Սուլեյմանը կանի, վրացի Իրակլին կանի, հայ Վրույրը չի անի: 

Հիշո՞ւմ եք Գյումրիի հայտնի դեպքը: 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը մտել, ավտոմատով գնդակահարել էր, սպանել ընտանիքի 7 անդամի, որից 2-ը՝ մանկահասակներ, ոչ ոք ոչինչ չէր լսել: 

Մենք անտարբե՞ր ենք բռնության հանդեպ, թե՞ վախկոտ: Ըստ իս՝ դրանցից ոչ մեկն էլ չենք: Որպեսզի անտարբեր լինես, պիտի իմանաս, թե ինչու ես անտարբեր, նույն կերպ պետք է քո վախկոտությունը բացատրություն ունենա:

Մեր անտարբերությունը բացատրություն չունի, «գործ չտալը» անտարբերության արդարացում չէ, անտարբերությո՞ւնը՝ երբ տեղի ունեցողի հետևանքները քեզ հայտնի են, ու դա քեզ բնավ հետաքրքիր չէ:

Մենք բացարձակապես չիմաստավորված աշխարհի մարդիկ ենք, մենք անգամ վախկոտ լինել չգիտենք, ահա թե ինչու պեմզաշենցի կնոջ ասած «մտածեցի հայի պես»-ը չափազանց բնորոշող է մեզ:

Բոլորը կարող են լինել անտարբեր, բոլորը կարող են լինել վախկոտ, բայց չմտածել «հայի պես»: Մենք կարող ենք մտածել հայի պես: Այսինքն՝ մենք ունենք բացատրություն, մենք ունենք մեղավորներ, որոնց պատճառով մենք տեղից չենք շարժվում: 

Ես պեմզաշենցի այս վկային չեմ մեղադրում, որովհետև նա «փիլիսոփայական» արդարացում է ներկայացրել, նա մեզ օգնում է հասկանալ, թե ով ենք մենք, երբ համարյա մեր ներկայությամբ մարդ են սպանում:

Ի՞նչ է նշանակում «մտածել հայի պես»: Դա նշանակում է, որ ամբողջ աշխարհն ուրիշ կերպ է մտածում, իսկ դու՝ հայի պես:

Դա նշանակում է, որ մեզ նախապես հայտնի է, թե ինչ հետևանքներ կունենա դեպքին խառնվելը մեզ համար, ոչ թե նրա, ում ծեծում են կամ սպանում:

Մտածել հայի պես՝ նշանակում է չունենալ հասարակություն, քվեարկելիս պետությունը նկատի չունենալ, այլ միայն ինքդ քեզ, մտածել հայի պես՝ նշանակում է մտածել, թե թող ոստիկանությունը գա ու զբաղվի, իմ ի՞նչ գործն է:

Իսկ թե ինչպես պիտի ոստիկանությունը իմանա բռնության մասին, արդեն իմ գործը չէ:

Ուրեմն գոնե այսպիսի ողբերգությունները պիտի սովորեցնեն, որ մեզ նոր հայ է պետք, որը սկզբից կմտնի ուրիշի մաշկի մեջ, կփրկի մորը և երեխային, հետո նոր կուրախանա այն փաստից, որ Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի 8-միլիարդերորդ մարդը:

Մհեր Արշակյան

MediaLab.am