«Չեմ կարծում, որ մենք պետք է բավարարվենք պատմության կողմից մեզ շռայլորեն կտակված դափնիներով». Հայկ Մարության

Հեղինակ MediaLab

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ ներկայացնում ենք ստորեւ։

«Թատերարվեստի հարգելի գործիչներ

Մենք իրավացիորեն հպարտանում ենք, որ մենք մշակութային ազգ ենք, որ մեր թատրոնն ավելի քան երկու հազար տարվա պատմություն ունի: Այո, ոչ ոք չի կարող հերքել, որ երկու հազար տարի առաջ Հայաստանում անտիկ թատերախմբեր էին գործում. սա պատմական փաստ է: Փաստ է նաև, որ մեր թատրոնը հատկապես վերջին երկու հարյուր տարիներին բուռն զարգացում է ապրել, ու մեր թատերական գործիչները հարստացրել են ոչ միայն ազգային, այլեւ հարեւան ժողովուրդների ու երկրների թատերարվեստը:

Այնուհանդերձ, ես չեմ կարծում, որ մենք պետք է բավարարվենք պատմության կողմից մեզ շռայլորեն կտակված դափնիներով: Ես համոզված եմ, որ հարուստ ժառանգությունը առավելևս պարտավորեցնում է՝ ամեն օր զարգացնելու մեզ ավանդված արժեքները՝ վերցնելով աշխարհից մեր բաժինը ու աշխարհին տալով մերը:

Սիրելի բարեկամներ, 

թույլ տվեք շնորհակալություն հայտնել թատրոնի աշխարհում ներգրավված բոլոր մարդկանց՝ այդ թվում, իհարկե, ձեր հանդիսատեսին:
Խնդրում եմ, փոխանցեք նրանց իմ շնորհավորանքներն ու անկեղծ մաղթանքները Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ: Ձեր աշխատանքը մեզ համար կենսակա՛ն կարևորություն ունի»: