Հայ-թուրքական վիճահարույց հարաբերություններին և արձանագրությունների վավերացման քննարկումներին զուգահեռ` Երևանում մարտի 25-ին մեկնարկած արդեն երկրորդ թուրքական ֆիլմերի փառատոնը, ըստ կազմակերպիչների, մշակութային կամրջի դեր է կատարելու երկու հարևանների միջև:
Ի պատիվ Հրանտ Դինքի հոդվածներից մեկի «23,5» անվանումը կրող եռօրյա փառատոնը կազմակերպվել է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ջանքերով: Փառատոնի կայացմանն աջակցել է Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը:
«Մենք այս փառատոնը դիտարկում ենք որպես երկու երկրների միջև երկխոսության հաստատման գործիք»,- ասում է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը:
Բազմաթիվ թուրքական կարճամետրաժ ֆիլմերից ժյուրին ընտրել էր 10-ը, որոնք էլ ներկայացվել էին հանդիսատեսի դատին:
Դիտելուց հետո հավաքվածները կարող էին թղթիկների վրա գրել իրենց հավանած ֆիլմի անվանումն ու գցել սրահում տեղադրված հատուկ արկղի մեջ:
Ըստ միջոցառման կանոնադրության` հաջորդ տարի կազմակերպվելիք հերթական փառատոնի ժամանակ հանդիսատեսի որոշիչ ձայնով հայտնի կդառնա այս տարվա հաղթող ֆիլմի անունը:
Ընդունված կարգի համաձայն էլ` փառատոնի բացման արարողության ընթացքում մրցանակ հանձնվեց անցյալ տարվա փառատոնի հաղթող Դենիզ Ջեյհանին` «Լռություն» ֆիլմի համար:
«Այս մրցանակը ես ուզում եմ ընդունել հանուն Թուրքիայի ու Հայաստանի բարեկամության և Հրանտ Դինքի հիշատակի»,- ասաց Ջեյհանը մրցանակը ստանալիս:
Փառատոնի ընթացքում ներկայացվող ֆիլմերը բազմաժանր էին: Պատմում էին սոցիալական, քաղաքական, կրոնական խնդիրների մասին:
Օրինակ` Գոքհան Էվեջենի «Զառիվեր» ֆիլմը ներկայացնում էր Թուրքիայում ազգային փոքրամասնությունների խնդիրը: Այն մի ուսուցչի մասին էր, որը թույլ չէր տալիս իր աշակերտներին բացի թուրքերենից այլ լեզվով խոսել:
Ռեժիսորը ֆիլմը նվիրել էր «բոլոր այն երեխաներին, ովքեր խոսում են իրենց պապերի լեզվով»: Կային նաև իմաստային առումով ավելի թեթև ֆիլմեր:
Այդպիսին էր, օրինակ, «Քաղաքի ձայներ» կինոնկարը, որը ներկայացնում էր աղմկոտ և բանուկ Ստամբուլը: «Ես միշտ հավատացել եմ ժողովուրդների եղբայրությանը,- մարտի 26-ի համատեղ ասուլիսի ժամանակ ասաց փառատոնին «Նիգյար» մոնոներկայացմամբ հանդես եկող Թուրքիայի «Դանս Բուլուշմա, Իստանբուլ» պարարվեստի դպրոց-ստուդիայի ղեկավար Այթյուլ Հասալթունը:
– Մեր ժողովուրդների միջև խնդիրներ չկան, խնդիրները մեր իշխանությունների միջև են»: Փառատոնի ժյուրիի անդամ պոլսահայ Պողոս Եղիազարը փառատոնին նախորդող ասուլիսի ժամանակ շեշտեց, որ մշակույթի միջոցով հայ և թուրք ժողովուրդների միջև բարեկամական կապ ստեղծելու փորձ է արվում: «Անկախ ամեն ինչից, մշակույթը չպետք է տուժի:
Հաճախ Ստամբուլի փողոցներում` մեքենաների միջից, կարող եք լսել Կոմիտասի երաժշտությունը, ու միշտ չէ, որ այդ մեքենան հայի է պատկանում»,- ասաց Պողոս Եղիազարը:
Սակայն Հայաստանում բոլորը չեն, որ գոհ են «23,5» թուրքական ֆիլմերի փառատոնից:
«Հաղթանակի սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է հայրենասեր սերնդի ձևավորումը, դեմ է նման միջոցառումների անցկացմանը Հայաստանում:
Կազմակերպության նախագահ Դավիթ Խումարյանը մեզ հետ զրույցի ընթացքում ասաց, որ այս փառատոնն իրականում ոչ թե մշակութային, այլ քաղաքական ենթատեքստ ունի:
«Այս փառատոնը հայ հանդիսատեսին ցույց չի տալիս իրական Թուրքիայի դեմքը:
Ներկայացնում են թուրքական հասարակության լիբերալ մասին, որոնք այսօր այդ երկրում փոքրամասնություն են կազմում,- «Մեդիալաբին» ասաց Խումարյանը:
– Իսկ հայերի հանդեպ ատելությամբ տրամադրված ազգայնական մի ստվար զանգվածի մասին հայ հասարակությանը չեն պատմում»:
Լիաննա Խաչատրյան
© Medialab.am