«Ես մենակ իմ տղուս կուզեմ, մենակ իրա ձենը լսեմ, ասի՝ մա»․ Հռիփսիմեն ասում է՝ կյանքը մղձավանջ է

38-ամյա Հռիփսիմե Ղանդիլյանը հուզմունքով նշում է, որ կորցնելով որդուն՝ ինքն էլ իրեն է կորցրել, այլևս ոչինչ առաջվանը չէ, օրը տառապանք է և մղձավանջ։

«Ես մենակ իմ տղուս կուզեմ, մենակ իրա ձենը լսեմ, ասի՝ մա»,- մորմոքով ասում է Հռիփսիմեն։

Հռիփսիմեն ավագ որդուն կորցրել է պատերազմի ժամանակ։

19-ամյա Գառնիկ Ղանդիլյանը ծառայել է Ստեփանակերտի Ցոր զորամասում, երբ սկսվել է պատերազմը։ Մայրն ասում է՝ որդին պատերազմի ընթացքում եղել է բոլոր թեժ կետերում, բայց զանգելիս միշտ ասել է՝ ամեն ինչ ընտիր է։

«Տղաս վարորդ էր, էղել ա տարբեր մարտական դիրքերում՝ Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, Շուշի։ Մասնակցել ա մարտական գործողությունների և վիրավորներին «Ուրալ»-ով օգնություն հասցրել, սնունդ մատակարարել: Ինքը բացարձակ ինձ չի ասել, որ թեժ կռիվների ա մասնակցել, միշտ ինձ խաբել ա ու շատ հմուտ ձևի։ Ասում էր՝ ձեզ լավ նայեք, իմ մասին չմտածեք»։

Հռիփսիմեն ասում է՝ չնայած որդին ասել է, որ ամեն ինչ կարգին է, բայց 44 օր մայրը հաց չի կերել, անհանգստությունն ու տագնապը մշտապես ուղեկցել են։ Մայրն ասում է՝ սիրտը զգում էր, որ տղան տուն չի վերադառնալու։

Գառնիկ Ղանդիլյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ավարտից մեկ օր անց՝ նոյեմբերի 10-ին։

«Տղուս զոհվելուց մի օր առաջ ոչ ոք ռիսկ չի արել մեքենան վարի, գնա տղերքին սնունդ բերի։ Տղես առանց մի վայրկյան մտածելու «Ուրալը» վերցրել ա, վիրավոր զինվորներին նստացրել ու շարժվել ա։ Ասել են՝ չգնա՛ս, Գռնո՛, վտանգավոր է, համոզել են, ոչ մեկին չի լսել, ասել ա՝ բա իմ առաքելությունը ո՞րն է, տղերքին չեմ թողնի էսպես մնան, մյուսներն էլ սոված են։ Տղաներին հասցրել ա հոսպիտալ, սնունդ վերցրել ու հետ եկել։ Կարմիր շուկայի մարտական դիրքում ա եղել, շատ հոգնած ա եղել, քնել ա։ էդ ժամանակ Ֆ16 ռումբ են գցել, ու տղես զոհվել ա»,- կսկիծով ասում է որդեկորույս մայրը։

Հռիփսիմեն ասում է՝ այդ գիշեր իր ինքնազգացողությունը վատացել է, ամբողջ գիշեր աղոթել է, որ որդին ողջ հետ գա:

«Գիշերը ժամը 3-ի ժամանակ ա տղես զոհվել, հենց էդ ժամին ես վատացա։ Մեջս ուժեղ տագնապ կար, ամբողջ մարմնով սկսեցի դողալ: Չոքել էի գետնին ու Աստծուն աղաչում էի, ասում էի՝ Աստվա՛ծ ջան, ի՞նչ ա կատարվում հետս, երեխուս հետ ի՞նչ ա եղել։ Ամբողջ գիշեր չոքած աղոթելով լուսացրել եմ, որ երեխես լավ լինի»,- արցունքների միջից ասում է մայրն ու նշում՝ հաջորդ 3 օրվա ընթացքում որդուց տեղեկություն չի ստացել, նոյեմբերի 12-ին իմացել է ողբերգական լուրը։

«Ես զգում էի, մեր տունը շատ մարդ էր հավաքվել, ախպերս ասեց։ Երբ լսեցի տղայիս բոթը, այդ պահից ես էլ մեռա։ Կյանքս սաստիկ փոխվեց։ Առանց իմ տղայի կյանքս հավասար է ոչնչի, արժեք չունի»,- հուզվում է մայրը։

Գառնիկը շատ հայրենասեր էր՝ ասում է մայրը։ Հռիփսիմեն, պատերազմի օրերին իմանալով Գառնիկի մտերիմ ընկերոջ զոհվելու մասին, որդուն խնդրել է՝ թողնել գալ, սակայն որդին մերժել է ու ասել, որ ինքը փախնող տղա չէ։

«Հոկտեմբերի 25-ին տղիս ընկերը զոհվել էր, ընկերոջը բերեցին, իմ վախն է՛լ ավելի մեծացավ: Ես ոչ մի լավ բան չէի սպասում, իրան չասեցի, որ ընկերը զոհվել ա, ասեցի՝ փախի։ Ասեցի՝ որ փախնես, ինձ կփրկես, կապրեմ, ասեց՝ մա՛մ, մյուս անգամ ինձ նման բան չասես, ես կյանքում նման բան չեմ անի, դուք չեք հասկանա, սա ուրիշ կռիվ ա… Ո՞նց թողնեմ, որ գան ու հասնեն իմ բա՞կ, դռանս դեմը։ Իմ կյանքը 100 կյանք ա, եթե ես գամ՝ մենակ քեզ կփրկեմ, բայց որ մնամ՝ 100 հոգու կփրկեմ։ Ինձ էստեղից կա՛մ խփված կհանեն, կա՛մ վիրավոր»։

Գառնիկ Ղանդիլյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և պատվոգրով։

Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

Հռիփսիմեն ասում է՝ եթե չարաբաստիկ պատերազմը չլիներ, որդին արդեն 3 ամիս առաջ տանը կլիներ։

«Ես հավերժ սպասող մնացի տղուս ճանապարհին»,- կսկիծով ասում է մայրը։

Գառնիկը կենսուրախ էր, կատակասեր, խելացի, դպրոցում գերազանց է սովորել, սպորտի է գնացել՝ ձյուդոյի, 7 մեդալ ուներ, բազմաթիվ պատվոգրեր՝ պատմում է մայրը։

Հռիփսիմեն ասում է՝ որդին նաև շատ աշխատասեր էր, ռեստորանում DJ է աշխատել, մորեղբոր հետ միրգ-բանջարեղեն վաճառել։ «Երազանք ուներ, ասում էր՝ բանակից գամ, պապայի հետ գնամ խոպան, գամ, մի հատ տուն կառնեմ, ավտո ու խանութ կբացեմ, ես իմ սեփական բիզնեսն եմ ուզում ունենալ»։

Մայրն ասում է՝ միակ սփոփանքը որդու գերեզմանն այցելելն ու որդու հետ զրուցելն է․ «Գերեզման չեմ կարողանում ասել, գնում եմ իրա տուն, զրուցում, կիսվում, երբեմն՝ կռվում հետը, որ ինձ մենակ թողեց։ Ասում եմ՝ ինձ ո՛ւժ տուր, խորհո՛ւրդ տուր, որ առաջ գնամ։

Չի եղել մի վայրկյան՝ իրանից կտրվեմ, միշտ մտքով իրա հետ եմ, ուր գնում եմ, իրա հետ զրուցում եմ»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am