Լավ սցենարի դեպքում զբոսաշրջության ոլորտի վերականգնման գործընթացը կսկսվի հաջորդ տարվա ապրիլից․ Մեխակ Ապրեսյան

Լուսանկարը՝ horizonguides.com

2020-ին Հայաստանի տուրիզմի ոլորտում նախորդ տարվա նման դրական սպասումների հարցում զգուշավոր են։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգայն ժողովում ներկայացնելով Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման հաշվետությունը, հայտարարեց, որ Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը 2019-ին 2018-ի համեմատ աճել է 14,4 տոկոսով։ 

Սակայն, կորոնավիրուսը խառնել է բոլոր խաղաքարտերը: Աշխարհում ստեղծված աննախադեպ իրավիճակը շարունակում է մեծ վնասներ հասցնել տարբեր ոլորտներին:

Ի տարբերություն 2019 թվականի, այս տարի, սակայն, փորձագետները զբոսաշրջության ոլորտում էական նվազում են կանխատեսում։

 Դա են վկայում նաև Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, որոնց համաձայն՝ առաջին եռամսյակում, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ոլորտում 14,6 տոկոս անկում է գրանցվել։

«Մեր գնահատականներով՝ երկրորդ եռամսյակում շատ մեծ կլինի զբոսաշրջային այցելությունների նվազման ցուցանիշը՝ հաշվի առնելով, որ մինչև հունիս ամիս չեղարկումներ են եղել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Ըստ Ապրեսյանի՝ եթե ներգնա զբոսաշրջության ոլորտում այս մի քանի ամիսների ընթացքում փորձեն ոտքի կանգնել, ապա ոլորտի տարեկան ցուցանիշները կարող են դրական արդյունք ցույց տալ։

«Լավ սցենարի դեպքում զբոսաշրջության ոլորտի վերականգնման գործընթացը կսկսվի հաջորդ տարվա ապրիլից։ Եթե իրանական շուկան սկսի աշխուժանալ, ապա ոլորտը կկենդանանա մարտի կեսերից, իսկ եթե ոչ, ապա՝ ապրիլից։ Հետևաբար այս տարվա կտրվածքով նվազումը, նախորդ տարվա համեմատ, էական կլինի՝ շուրջ 50 տոկոս»,- ասում է Մեխակ Ապրեսյանը։

Ստեղծված իրավիճակում, ըստ Ապրեսյանի, պետք է խթանել ներքին զբոսաշրջությունը, խրախուսել այդ ուղղությամբ նախաձեռնությունները, պետական աջակցությամբ կազմակերպել ու անցկացնել փառատոներ, ցուցահանդեսներ, որոնք կարող են գրավիչ լինել մարդկանց։ 

«Խրախուսման միջոցառումներ պետք են լինելու՝ ներգրավելով հանրապետության մարզերը, Արցախը՝ լավագույնս ներկայացնելու մեր երկրի հնարավորությունները, գեղեցկությունը, պատմականությունը։ Իհարկե, ներքին զբոսաշրջությունը չպետք է ամբողջությամբ փոխարինի զբոսաշրջությանը, և դրան պետք է փոխարինի միջազգային զբոսաշրջության ոլորտի զարգացումը»,- նշում է Ապրեսյանը։

Ոլորտը ոտքի կանգնեցնելուն ուղղված Կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, ըստ մասնագետի, ամբողջական չեն, և այդ պատճառով իրենք ներկայացրել են մի քանի առաջարկություններ։ 

«Զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ներկայացրել ենք առաջարկություններ այդ միջոցառումները կատարելագործելու, ոլորտի առանձնահատկությունը հաշվի առնելով, սահմանել հատուկ միջոցառումներ՝ զբոսաշրջության ոլորտը փլուզումից փրկելու ուղղությամբ։ 

Այս միջոցառումները անհրաժեշտ են, որպեսզի կարողանանք պահպանել ու ինովացիոն մեխանիզմներով կատարելագործել եղածը»,- ներկայացնում է Մեխակ Ապրեսյանը՝ ընդգծելով, որ կառավարության հետ արդեն այդ ուղղությամբ երկխոսության կա, և դրական են տրամադրված փոփոխություններ կատարելու ուղղությամբ։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am