Հայաստանում և Արցախում ապաստանած շուշեցիները կացարանի խնդիր ունեն

Շուշեցի 9 հոգուց բաղկացած ընտանիքը Երևանում տեղավորվել է 1 սենյականոց բնակարանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շուշիի բնակչուհի Ստելլա Միրզոյանը, ով մի խումբ շուշեցիների հետ այսօր դիմել էր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն՝ պարզաբանումներ ստանալու իրենց հուզող խնդիրների վերաբերյալ,  տեղեկացրեց, որ Շուշիում իրենց ընտանիքը թողել է մեծ բնակարանը, ամբողջ ունեցվածքն ու խանութը, որով վաստակում էին իրենց 11 հոգանոց ընտանիքի հիմնական ապրուստը:

«Այժմ մեր ընտանիքի տղամարդիկ  Արցախում են, իսկ մենք 9 հոգով ապաստանել ենք մեր սրտացավ, անծանոթ  հայրենակցի 1 սենյականոց բնակարանում: Չունենք աշխատանք և այլ եկամուտներ: Առայժմ վարձ չենք վճարում, սակայն չգիտենք դա որքան կտևի: Ապագան խիստ անորոշ է,  ուստի  դիմել էինք մեր ներկայացուցչին՝ հստակեցնելու թե ինչ քայլեր են նախատեսվում  Շուշիից տարհանված բնակչության խնդիրների լուծման ուղղությամբ: Գրեթե բոլոր շուշեցիները, որոնք ապաստանել են  թե այստեղ, թե Ստեփանակերտում,   ունեն բնակարանային ապահովման  խնդիր: Արցախի ներկայացուցիչը վստահեցրեց, որ առաջիկա օրերին լուծումներ կտրվեն»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ առայժմ որևէ պետական  աջակցությունից չեն օգտվել: