Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել ԵԽ պատվիրակությանը տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 22-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ կարևոր է AFET-ի գործունեությունը` ուղղված մեր տարածաշրջանի դիմակայունության ամրապնդմանը` հավելելով, որ 2020 թ. պատերազմից հետո ստեղծված հումանիտար իրավիճակի հարցում Եվրոպական խորհրդարանի ներգրավվածության և ըմբռնման աստիճանը մեծ է:

Այս համատեքստում ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Դեյվիդ Մքալիսթերին և Ժելյանա Զովկոյին անկողմնակալ դիրքորոշման և մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերի համար` հավելելով, որ գնահատելի են նաև Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության կոմիտեում ԵՄ պատվիրակության ղեկավար տիկին Մարինա Կալյուրանդի և Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի դիտարկումները:

Հանդիպմանը քննարկվել են համատեղ իրականացված և նախատեսվող օրակարգային ծրագրերին առնչվող մանրամասներ:

Անդրադարձ է եղել Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևերում և զեկույցներում ամրագրված աներկբա դիրքորոշմանը Հայաստանի համար կարևորագույն մի շարք հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմին, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններին, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը:

Զրույցի ընթացքում շոշափվել են նաև խորհրդարանական ընդդիմությանն առնչվող հարցեր: