Աննա Առաքելյանը նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Աննա Առաքելյանը նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։

Այս մասին տեղեկանում ենք Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունից:

Աննա Առաքելյանն ունի կառավարման, հասարակական, մասնավոր և ակադեմիական ոլորտներում աշխատանքային հարուստ փորձ: Մասնագիտական ուղին սկսել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարման» ամբիոնում, այնուհետև նույն ակադեմիայում ստանձնել է «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի մշակման և ղեկավարման գործընթացը։

ԿԳՄՍ-ի, ինչպես նաև ԵՄ և այլ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերում ներգրավվել է որպես զբոսաշրջության և մշակույթի ոլորտի փորձագետ: ՄԱԿ, ՄԱԶԾ և ԵՄ ծրագրերի շրջանակներում անցկացնում է թրեյնինգներ զբոսաշրջության, մշակույթի, մարքեթինգի և էկոլոգիական կրթության ոլորտներում։ Զբոսաշրջության ոլորտում հանդիսանում է Հոլանդական ավագ խորհրդատուների կազմակերպության կողմից որակավորված թրեյներ։ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում դասախոսում է «Կայուն զբոսաշրջություն», իսկ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում՝ «Մշակույթի կառավարում» և «Հաղորդակցության և կառավարչական հմտություններ» առարկաները:

Աննա Առաքելյանն ավարտել է ​​Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը՝ Թարգմանչական գործ մասնագիտությամբ։ Այնուհետև գերազանցությամբ ավարտել է ՀՀ պետական ​​կառավարման ակադեմիան՝ ստանալով մագիստրոսի կոչում հանրային կառավարում մասնագիտությամբ:

Ընդունվել է ՀՀ պետական ​​կառավարման ակադեմիայի ասպիրանտուրա՝ տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ։ Հրատարակել է մի շարք գիտական ​​հոդվածներ։

Հանդիսանում է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի շրջանավարտ։