«Հայրենիքի փրկության շարժումը» ազատում է Բաղրամյան պողոտան, Դեմիրճյան փողոցում ստեղծվում է շտաբ

«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը հայտարարություն է տարածել իր հետագա անելիքների վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՓՇ խորհուրդը քաղաքական պայքարի ներկա շրջափուլում որոշել է սկսել քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը:

«Հանրային ճնշման պահպանման և Շարժման հետագա գործողությունների համակարգման նպատակով Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել Շարժման շտաբ: Վերականգնել Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծված անհարմարությունը»,- նշված է տարածած հայտարարության մեջ:

Շարժումը հետագա անելիքները ներկայացնելու համար մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում հրավիրում է հանրահավաք: