Եթե փետրվարին էլ ձյուն չլինի, ոռոգման ջրի լուրջ խնդիր ենք ունենալու, նույն խնդիրը երկրորդ տարին է կրկնվելու. Հարություն Մնացականյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է գյուղատնտես Հարություն Մնացականյանը

– Պարո՛ն Մնացականյան, հաշվի առնելով, որ այս տարվա ձմեռը ևս, կարծես թե, ձյունառատ չէ, ինչպիսի՞ գյուղատնտեսական տարի եք ակնկալում։

– Դեռ վաղ է այդ մասին խոսել, հույս ունեմ, որ փետրվարին ձյուն կտեղա, եթե ձյուն չտեղա՝ անցյալ տարվա նման չորային տարի ենք ունենալու և ոռոգման լուրջ խնդիր, նույն խնդիրը երկրորդ տարին կրկնվելու է, որովհետև սակավաձյուն տարի է դեռ, ինչը, բնականաբար, լավ չէ։

– Համավարակով ու պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ գյուղատնտեսության ոլորտը ծանր վիճակում հայտնվեց, ձեր գնահատմամբ՝ հաջողվե՞լ է որոշակիորեն մեղմել իրավիճակը։

– Պատերազմից հետո մենք անդառնալի կորուստներ ենք ունեցել, իսկ այդ կորուստները փորձել ենք հաղթահարել ներմուծման միջոցով։ Այսօր 90 հազար հեկտար հող ենք կորցրել, տարին մոտ 150 հազար տոննա հացահատիկի և հատիկաընդեղենային մշակաբույսերի դեֆիցիտ ունենք, այդքան բացը լրացվում է Ռուսաստանից, Ուկրաինայից ներմուծելով։ Ընդհանրապես, ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք անընդհատ ու մշտական լուծում են պահանջում, եթե դա արվի՝ բացը մի քիչ կմեղմվի, եթե ոչ՝ կունենանք այն, ինչ ունենք այսօր։

– Պարո՛ն Մնացականյան, իսկ պատկան մարմինների, պատասխանատու գերատեսչությունների կողմից տեսնո՞ւմ եք այդ բացը լրացնելուն, իրավիճակը մեղմելուն միտված քայլեր։

– Այդ առումով դրական քայլ էլ կա, բացասական էլ։ Որոշակի միջոցառումներ կան՝ վարկերի տեսքով, 0% սուբսիդիաների ու այլնի տեսքով, բայց չկա այդ ամենի հետագծելիությունը, այսինքն՝ երբ գյուղացին կամ թեկուզ ներդրողը մեծ գումար է վարկ վերցնում, պետությունը չի վերահսկում, թե ինչ որակով է գյուղացին անում այդ գործը, ու վաղը-մյուս օրը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել: Այգեգործության, ջերմոցային տնտեսության մեջ լինելու են բազմաթիվ նման խնդիրներ։

– Էկոնոմիկայի նախարարի խոստացած երկնիշ տնտեսական աճը, ըստ ձեզ, ինչո՞ւ հնարավոր չեղավ ապահովել։

– Դե, Վահան Քերոբյանն ասել էր, որ հույս է տվել մարդկանց, իսկ աշխարհում ոչ մի երկիր հեքիաթներով չի զարգացել, եթե այդ հեքիաթները չի վաճառել ուրիշի վրա։

– Հայաստանի գյուղոլորտը արտահանման տեսանկյունից ի՞նչ վիճակում է։

– Արտահանման տեսանկյունից ունենք մեծ ներուժ, որը բացարձակ չենք օգտագործում, եթե ճիշտ պետական վերահսկողություն իրականացնենք՝ կստանանք միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ ապրանքներ, որոնք կարող ենք արտահանել և՛ Եվրոպա, և՛ այլուր, բայց այսօր մենք կախված ենք միայն Ռուսաստանից։

Տարեկան 140-160 հազար տոննա ապրանքի արտահանումը ծիծաղելի ու շատ փոքր թիվ է․ Ուզբեկստանը տարեկան արտահանում է 700 հազար տոննա ծիրան, միայն ծիրան, մենք որ հասնում ենք 34-37 հազար տոննայի, համարում ենք սուպեր ցուցանիշ։

– Պարո՛ն Մնացականյան, ի՞նչ քայլեր պետք է իրականացնեն պատկան մարմինները, որպեսզի գյուղոլորտում իրավիճակը փոխվի դեպի դրականը։

– Ամենաառաջին քայլը պետք է լինի գյուղատնտեսության նախարարության վերականգնումը, ու բոլոր ոլորտները պետք է խոր ու մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվեն, որովհետև բոլոր ոլորտներում կան խնդիրներ, Հայաստանում գյուղատնտեսության մեջ չկա մի ոլորտ, որը նորմալ վիճակում լինի։

Ամեն ոլորտում խոր ուսումնասիրություններից, բոլոր կոմպետենտ մասնագետներին հավաքելուց ու նրանց հետ խորհրդակցելուց հետո հստակ, համաչափ քայլեր պետք է կատարվեն, ուրիշ տարբերակ չկա: Պետք է հիմնել սելեկցիոն կայաններ, սերմնաբուծարաններ, նոր տնկիների ստեղծման անհրաժեշտություն է լինելու, և այդպես բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում։

– Կառավարությունը գյուղոլորտում նորամուծություններ է անում, օրինակ՝ ոռոգման մասով, այդ կարգի նորամուծությունները, ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ են արդյունավետ։

– Արդյունավետ են, բայց այն մակարդակի չեն, ինչ ես եմ պատկերացնում։ Ոռոգման համակարգն ինչքան ուզում են բարելավեն, եթե ամբողջ երկրի ջրային ռեսուրսները մինչև այգի հասնելը կրում են 70% կորուստ, ապա այդ այգում կաթիլային ոռոգման համակարգը չի կարող օգուտ տալ։

Մեր ամբողջ երկրի ոռոգման համակարգը եթե չվերականգնվի, արդյունավետության մասին խոսելն անիմաստ է։ 7 միլիարդ խորանարդ ջրից 5 մլրդ խորանարդ կորուստ ենք տալիս, պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ թիվ է։ Այդ կորուստը պետք է հասցնենք առավելագույնը 5-10%-ի, եթե դա չարվի՝ այդ ոլորտում արվող քայլերը ռեալ ոչինչ են կամ շատ չնչին արդյունավետության են լինելու։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am