Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը 14-րդն է գեղասահքի աշխարհի առաջնությունում

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ավարտվել է գեղասահքի աշխարհի առաջնությունը. Հայաստանը ներկայացրել է Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Մրցումային երկու օրերի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչները 170.32 միավոր են հավաքել և զբաղեցրել 14-րդ հորիզոնականը:

Կարճ ծրագրից հետո Թինան և Սիմոնը 68.50 միավորով գրավել էին 14-րդ տեղն ու հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Ազատ ծրագրում արդեն Հայաստանի պարային զույգը վաստակել է 101.82 միավոր:

Պարային զույգերի պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճել են Ֆրանսիայի ներկայացուցիչներ Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը` 229.82 միավորով համաշխարհային ռեկորդ սահմանելով: Նախորդ ռեկորդը ևս պատկանում էր Ֆրանսիան ներկայացնող զույգին. Պեկինի 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ նրանք 226.98 միավոր էին վաստակել:

Աշխարհի առաջնությանը 31 պարային զույգ է մասնակցել, որոնցից միայն 20-ն է իրավունք ստացել մասնակցելու ազատ ծրագրին:

Աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեր նաև մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը, որը, սակայն, մեջքի վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից։

Հիշեցնենք՝ Պեկինում փետրվարին անցկացված 24-րդ ձմեռային oլիմպիական խաղերում Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղն էին զբաղեցրել գեղասահքի պարային զույգերի պայքարում։