Կարմիր գյուղում 2 տեղահանված ընտանիք է հաստատվել, ևս 15֊ին էլ պատրաստ են ընդունել. Համայնքապետ

ԱՀ Ասկերանի շրջանի Կարմիր գյուղ համայնքը 106 բնակիչ ունի. պատերազմի ավարտից հետո բոլորը գյուղ են վերադարձել:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարմիր գյուղի համայնքապետ Հովիկ Պետրոսյանը:

«Պատերազմից հետո գյուղում տեղահանված 2 ընտանիք է հաստատվել. ևս 15 տուն վերանորոգելուց հետո կարող ենք տրամադրել տեղահանված մեր հայրենակիցներին։ Պատերազմի ընթացքում մասնակի վնասներ է կրել 5 տուն, որոնց տանիքները վերանորոգվել են: Դպրոցում սովորում է 19 աշակերտ: Ունենք համայնքային կենտրոն, բուժկետ, որոնք վերանորոգման կարիք ունեն:

Գյուղն ունի վերանորոգված հանդիսությունների սրահ՝ նախատեսված 200 հոգու համար:

Գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Դեպի մայրաքաղաք շաբաթական երեք անգամ գործում է տրանսպորտ»,- նշեց Հ.Պետրոսյանը՝ որպես խնդիրներ՝ առանձնացնելով ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակը, բջջային կապի ու գիշերային լուսավորության բացակայությունը: Անդրադառնալով գյուղացիների զբաղվածությանը՝ մեր զրուցակիցն ասաց, որ նրանք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ: