«Լրագրողների դեմ այս քայլերը չեն վրիպի միջազգային կազմակերպությունների ուշադրությունից, մեր երկրի վարկանիշը կարող է նվազել». Աշոտ Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը

– Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով ԱԺ-ում սահմանափակումներին, նշել է, որ կարող են լինել վարձկաններ, որոնք կարող են թաքնված լինել լրագրողի կերպարի տակ, և բերել է Նաիրի Հունանյանի օրինակը: Լրագրողների նկատմամբ այս սահմանափակումները կարո՞ղ ենք որպես ճնշում դիտարկել, և դուք ինչպես եք գնահատում այս հայտարարությունները:

– Իրավիճակին մենք անդրադարձել ենք երկու հայտարարությամբ, որը 10 լրագրողական կազմակերպությունների դիրքորոշումն է: Մենք խիստ բացասաբար ենք վերաբերվում այս սահմանափակումների կիրառմանը՝ պատշաճ կերպով չքննարկելով հարցը, պատշաճ իրավական հիմնավորումներ չունենալով: Հենց այդ պատճառներով մենք համարում ենք, որ անթույլատրելի մեթոդով անհիմն սահմանափակումներ են կիրառվում: 

Եթե իշխանությունները, մասնավորապես, իրավապահ մարմինները ինչ-որ սպառնալիքներ են տեսնում, ապա դա շատ հանգիստ կարելի էր ներկայացնել հանրությանը:

Գուցե չեն ուզում շատ պարզ խոսել դրա մասին, համենայնդեպս, Կարեն Անդրեասյանի մեկնաբանության մեջ այդպիսի ենթատեքստ նկատվում է, բայց վերհիշել և զուգահեռներ անցկացնել ահաբեկչի հետ, և մտավախություն հայտնել, որ լրագրողների մեջ կարող են լինել այդպիսիք, ես կարծում եմ, դա անտեղի և անհիմն ընդհանրացումներ են:

Իզուր չէ, որ խորհրդարանում հավատարմագրված լրագրողների մեջ մեծ զայրույթ է առաջացել այդպիսի համեմատությունների և զուգահեռների պատճառով: 

Կարծում եմ, որ այս խնդիրը, այնուամենայնիվ, այլ լուծումներ ունի: Մեր վերջին հայտարարության մեջ մենք առաջարկ արեցինք, որ մեկ փաստաթղթում ամփոփվեն բոլոր խնդիրները լրագրողներ-Ազգային ժողով հարաբերություններում, և նաև քննարկումներ անցկացվեն, այդ թվում նաև՝ անկախ փորձագետների, լրատվամիջոցների ղեկավարների մասնակցությամբ՝ այդ խնդիրներին օրինական և ողջամիտ լուծումներ գտնելու համար: 

– Այսինքն՝ այն քայլերը, որոնք անում է իշխանությունը, ողջամիտ լուծում չե՞նք կարող համարել:

– Այո՛, ես համարում եմ, և կարծում եմ՝ իմ գործընկերները նույն կարծիքին են, որ սրանք ամենևին էլ ողջամիտ լուծումներ չեն, սրանք ավելի շատ անհիմն և անհամաչափ սահմանափակումներ են հիշեցնում:

Կարծում եմ՝ իշխանությունները պետք է լուծումներ փնտրեն և ոչ միայնակ, որովհետև միգուցե իրենք միայն իրենց տեսանկյունից են խնդիրը դիտարկում, մինչդեռ անտեսվում են խոսքի ազատությունը և լրագրողների անկաշկանդ գործունեությունը խորհրդարանում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մշտադիտարկումներ է անում լրագրողների նկատմամբ բռնությունների, ճնշումների վերաբերյալ: Վերջին մեկ տարվա ընթացքում որքանո՞վ են լրագրողների նկատմամբ ճնշումներն ավելացել: Ինչպիսի՞ն է պատկերը:

Հետհեղափոխական առաջին տարվա ընթացքում մենք ակնհայտորեն նկատեցինք, որ բռնությունները և ճնշումները պակասեցին, բայց արդեն 2019-20 թթ. դրանք աստիճանաբար ավելացան, և մեր վերջին եռամսյակային զեկույցում հստակ գրված է, որ և՛ բռնությունների մակարդակն է փոքր-ինչ աճել, և՛ տարատեսակ ճնշումների քանակը:

Եվ իհարկե, դա պայմանավորված էր նախընտրական շրջանում հասարակական-քաղաքական լարվածությամբ, և՛ հասարակության, և՛ քաղաքական ճամբարներում հակառակ ճամբարների լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության դրսևորմամբ: 

Եվ հիմա այս սահմանափակումները, որոնք կիրառվում են, ավելի շատ կամայականության դրսևորում են և ոչ պատշաճ քննարկված և կշռադատված որոշումներ, որոնք խանգարում են լրագրողների գործունեությանը:

Ֆոտոլրագրողին արգելել մուտք գործել խորհրդարան և իր պարտականությունները կատարել, ես կարծում եմ՝ սա բավական մտահոգիչ հանգամանք է, ընդ որում, դա կապվում է նրա մասնագիտական գործունեության հետ:

Մինչդեռ այն ծառայողները, որոնք իրենց պարտականությունն են կատարում խորհրդարանում, իրենք պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի իրենց դեմքը չհայտնվի լրատվամիջոցներում: Դրա համար կան դիմակներ, կա բացատրական աշխատանք, որ լրագրողներն իրենց նկարահանումներում ավելի նրբանկատ գտնվեն և այլն:

Բայց հրապարակված նյութի հիման վրա լրագրողին թույլ չտալ մուտք գործել խորհրդարան, որևէ կերպ չի կարող համարվել ժողովրդավարական հասարակությանը հարիր քայլ:

– Վերջին օրենսդրական փոփոխությունները կարծես ավելի են բարդացրել ազատ խոսքի վիճակը Հայաստանում: Ձեր կարծիքով՝ ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ մշադիտարկում իրականացնող միջազգային կազմակերպությունները թիրախ չդարձնեն Հայաստանը: 

– Կարծում եմ՝ այն քայլերը, որոնք իրականացվել են, չեն վրիպի միջազգային կազմակերպությունների ուշադրությունից, և մեր երկրի վարկանիշը համաշխարհային ցանկում որոշակիորեն կարող է նվազել: Միակ ուղին այդ տխրահռչակ որոշումները չեղարկելն է, խոսքի ազատության զարգացման նպաստող օրենքների նախագծեր ընդունելը: 


Մանե Հարությունյան

MediaLab.am