Կառավարությունը հաստատել է արցախահայության աջակցության նոր միջոցառումը

Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով աջակցություն կտրամադրվի։  

Ծրագրի շրջանակում դրամական օգնություն կստանան պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած (արցախահայության աջակցության ծրագրերի շրջանակում 300,000 կամ 250,000 դրամ աջակցություն ստացած) այն քաղաքացիներն, ովքեր կգտնվեն Հայաստանի Հանրապետությունում կամ  Արցախի Հանրապետությունում։

Աջակցությունը տրամադրվելու է 4 ամիս ժամկետով՝ 2021 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներից յուրաքանչյուրի համար՝  

  • երեխաներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ 50,000 դրամ,
  • մյուս շահառուներին (կանայք, տղամարդիկ, այդ թվում՝ կենսաթոշակառուներ) 25,000 դրամ։

Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված այն երեխաներին, ում դրամական օգնություն նշանակելու դիմումը ներկայացնող ծնողը վերոնշյալ միջոցառումներից (300,000 կամ 250,000 դրամ)  որևէ մեկի շահառու է։

Հարկ է նկատի ունենալ, որ մինչև 18 տարեկան երեխային նշանակված ամսական դրամական օգնությունը կտրամադրվի նրա օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին, խնամակալին, հոգաբարձուին:

Աջակցությունը կվճարվի անկանխիկ եղանակով՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։

Դիմումները կընդունվեն առցանց եղանակով՝ օոliոe.ssa.am կայքի միջոցով․ ժամկետների մասին կտեղեկացվի լրացուցիչ։