Արտակարգ դրության պայմաններում ընտանեկան բռնության թեժ գծի հեռախոսազանգերն աճել են 50 %-ով

Արտակարգ դրության պայմաններում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամ կազմակերպությունների թեժ գծերին ստացված հեռախոսազանգերի թիվը մարտ ամսին կազմել է 803 զանգ, որից 172-ն ընտանեկան բռնության վերաբերյալ, ապրիլ ամսին՝ 750 զանգ, որից 250-ն ընտանեկան բռնության վերաբերյալ եւ մայիս ամսին արձանագրվել է 915 զանգ, որից 256-ն ընտանեկան բռնության վերաբերյալ։

2020 թվականի մարտի 11-ին Չինաստանում գրանցված եւ հետագայում ամբողջ աշխարհում տարածված նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարվեց համավարակ[1]։ Համավարակի հայտարարումը ոչ միայն նոր մարտահրավեր էր առողջապահական համակարգի համար, այլեւ՝ առավել ակներեւ դարձրեց այն բոլոր քաղաքական, սոցիալական եւ համակարգային խնդիրները, որոնք պահանջում են պետության կողմից գործողությունների իրականացում։

Համավարակի արդյունքում ինչպես մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրության իրավիճակ[2]։ Հարկ է նկատել, որ արտակարգ դրության պայմաններում կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ հանրային առողջապահական գլոբալ խնդիր ողջ աշխարհում[3]

Արտակարգ դրության պայմաններում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ (Կոալիցիա) անդամ կազմակերպությունների թեժ գծերին ստացված հեռախոսազանգերի թիվը մարտ ամսին կազմել է 803 զանգ, որից 172-ն ընտանեկան բռնության վերաբերյալ, ապրիլ ամսին՝ 750 զանգ, որից 250-ն ընտանեկան բռնության վերաբերյալ եւ մայիս ամսին արձանագրվել է 915 զանգ, որից 256-ն ընտանեկան բռնության վերաբերյալ։

Համեմատելով եւ վերլուծելով այս ցուցանիշը` կարող ենք հստակ  նկատել, որ ավելացել են ընտանեկան բռնության թեժ գծերի հեռախոսազանգերը. եթե մարտ ամսին փետրվարի համեմատ 30% աճ էր գրանցվել, ապա ապրիլին այն կազմում էր՝ 40%, իսկ մայիսին՝ համապատասխանաբար 50%։

Ընդ որում, կանայք զանգահարում են թե՛ բռնության վերաբերյալ խորհրդատվության, թե՛ սոցիալական աջակցության համար։

Կոալիցիայի անդամ կազմակերպությունները մինչ այժմ սոցիալական աջակցության փաթեթներ են տրամադրել առավել խոցելի վիճակում հայտնված ավելի քան 300 շահառուի եւ այդ գործընթացը շարունակվում է։

Հատուկ դրության հաստատման եւ տանը մնալու կարգադրության արդյունքում կանայք ավելի են տուժում՝ ընտանեկան բռնության, կենցաղում հոգսերի անհավասար բաշխման, սահմանափակ նյութական հնարավորությունների եւ աղքատության պատճառով։

Կոալիցիայի անդամ կազմակերպությունների դիտարկմամբ՝ Կորոնավիրուսի հետեւանքով հաստատված արտակարգ դրության պայմաններում, ի թիվս այլնի, նկատվել են տարբեր խմբերի անձանց սոցիալական եւ տնտեսական վիճակի վատթարացում, արձանագրվել են նաեւ այլ խնդիրներ, ինչպիսին են կապի միջոցների մատչելության խնդիր, տրանսպորտային համակարգի խնդիր, ոստիկանության աշխատակիցների զգայունության պակաս։

  • Սոցիալական վիճակի վատթարացում.

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ (ԿԱԿ) դիտարկամբ՝ Կորոնավիրուսի հետեւանքների պատճառով կանայք այժմ հայտնվել են առավել խոցելի վիճակում: Շատերը օրավարձով եւ չգրանցված աշխատողներ են, որոնք այսօր հայտնվել են անգործության վիճակում եւ մնացել առանց եկամտի։ Թեպետ ընտանեկան բռնություն վերապրած կանայք հաղթահարել են շատ դժվարություններ, անցել հոգեբանական վերականգնման շրջան ու հաճախ, չունենալով աշխատանքային փորձ եւ հմտություններ, փորձել են աշխատաշուկայում գտնել իրենց տեղը, այնուամենայնիվ օրավարձով ապրող կանայք այժմ գտնվում են ծայրահեղ ծանր դրության մեջ։ Նշված իրավիճակի հնարավոր մեղմման նպատակով՝ ԿԱԿ-ն իր շահառուներին տրամադրել է առաջնային օգնություն, սակայն կա մտավախություն, որ սահմանափակումների երկարատեւության դեպքում նրանք եւս չեն կարողանա ողջ ծավալով սոցիալական աջակցություն տրամադրել  եւ կանայք կհայտնվեն առավել խոցելի իրավիճակում։

  • Կապի միջոցների մատչելիության խնդիր.

Կանայք այս օրերին ունեն հեռախոսակապից օգտվելու դժվարություն, քանի որ համավարակի արդյունքում բռնության ենթարկվող անձն ամբողջ օրը գտնվում է բռնարարի հետ նույն տարածքում։ Հարցի կապակցությամբ մեր դիտարկումները վկայում են, որ ընտանեկան բռնության ենթարկվող կանանց հեռախոսահամարները մեծ մասամբ իրենց ամուսինների անունով են գրանցված եւ խիստ վերահսկվում են նրանց կողմից։ Այժմ, երբ բոլորը տանն են, վերահսկողությունն էլ ավելի է մեծացել եւ կանայք հաճախ չեն կարողանում նույնիսկ անհրաժեշտ զանգ կատարել տանից։

  • Տրանսպորտային միջոցների խնդիր.

Տրանսպորտային խնդիրների հետեւանքով՝ այն դեպքերում, երբ կանայք ցանկանում են բարձրաձայնել ընտանիքում առկա բռնության մասին, նրանք չեն կարողանում հասնել նույնիսկ տեղամասային ոստիկանություն կամ մոտակա աջակցման կենտրոն։

ԿԱԿ գրանցված վերջին դեպքերից մեկով՝ 25 տարի շարունակ ամուսնու կողմից բռնության ենթարկված կինն ուղղակի ոտքով դուրս է եկել տանից՝ այս օրերին սակավ տրանսպորտի պատճառով եւ մոտեցել առաջին իսկ հանդիպած ոստիկանին՝ աջակցության ակնկալիքով։ Վերջինս առաջարկել է կնոջը դիմել տեղամասային ոստիկանություն, իսկ կնոջ հարցին, թե ինչպես հասնել այնտեղ, պատասխանել է, թե իր գործը չէ։ Կինը հուզված մոտեցել է պատահական տաքսու վարորդի եւ խնդրել, որ օգնի իրեն։ Ի վերջո, կարեկից մարդկանց աջակցությամբ կինը հայտնվել է ԿԱԿ ապաստարանում։

  • Ոստիկանության աշխատակիցների զգայնության պակաս.

Նկարագրված դեպքը մեկ անգամ եւս փաստում է, որ նման իրավիճակները կարող են կրկնվել եւ հանրային վայրերում հսկողություն իրականացնող ոստիկանները պետք է զգայուն լինեն ընտանեկան բռնության հարցերի վերաբերյալ, տիրապետեն ուղղորդման մեխանիզմներին, ինչպես նաեւ հասանելիություն ունենան հասարակական կազմակերպությունների «թեժ գիծ» համարներին եւ ըստ անհրաժեշտության ահազանգեն կամ ուղղորդեն բռնության ենթարկված անձին։

  • ՄԻԱՎ ունեցող անձանց իրավիճակի վատթարացում.

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնդիրներին վերաբերող ահազանգերը 50 տոկոսով ավելացել են, որը մեկ ամսվա ընթացքում կազմել է 589 զանգ։ ՄԻԱՎ-ոպ ապրող անձինք ունեն դեղորայքի ստացման հասանելիության, սննդի եւ խնամքին առնչվող բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար «Իրական Աշ­խարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի կողմից ձեռնարկվել են հրատապ քայլեր։ Ցավոք, համավարակի ընթացքում գրանցվել է նաեւ ՁԻԱՀ-ի փուլում գտնվող Կորոնավիրուսով վարակված անձի մահվան դեպք։

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ առավել դժվար է դարձել ՄԻԱՎ ունեցող անձանց բժշկական սպասարկման իրացումը, քանի որ ներկայումս բազմապրոֆիլ ծառայություններ մատուցող այն հիվանդանոցները, որոնք ըստ ՀՀ օրենսդրության կարող են բժշկական բազմապրոֆիլ ծառայություններ մատուցել նաեւ ՄԻԱՎ ունեցող անձանց, վերապրոֆիլավորվել են Կորոնավիրուսով վարակված անձանց ծառայությունների մատուցման համար եւ ստեղծված իրավիճակում առավել բարդ է դարձել ՄԻԱՎ ունեցող անձանց համար բժշկական օգնություն եւ սպասրակումը ստանալը։

  • Լեսբի, բիսեքսուալ կանանց ու տրանս անձանց իրադրությունը.

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակել է տրամադրել իրավական ու սոցիալ-հոգեբանական աջակցություն լեսբի եւ բիսեքսուալ (ԼԲ) կանանց ու տրանս մարդկանց։ Այս շրջանում կազմակերպությունը արձանագրել է սեռական կողմնորոշման եւ/կամ գենդերային ինքնության հիմքով 8 իրավախախտումներ՝ ներառյալ ընտանեկան բռնության բազմակի դեպքերը ԼԲ կանանց ու տրանս անձանց նկատմամբ, ինչպես նաեւ սեռական կողմնորոշման հիմքով աշխատանքից հեռացման դեպքը։

Երկրում սահմանված արտակարգ դրությունն այս շրջանում ԼԲ կանանց ու տրանս անձնանց խոցելի դարձրեց, առավելապես սոցիալ-տնտեսական պաշտպանվածության առումով՝ հատկապես այն կանանց, որոնք նախկինում ենթարկվել են ընտանիքում կամ հարազատների կողմից ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական բռնության եւ այդ պատճառներով հեռացել են տանից եւ ապրում են առանձին։ ԼԲ կանանց եւ տրանս անձանց մեծամասնությունը նախքան արտակարգ դրությունն աշխատել է սպասարկման ոլորտում, որի գործունեության ժամանակավոր դադարի ընթացքում զրկվել է աշխատանքից եւ ապրուստի միջոց վաստակելու հետագա հնարավորությունից։

Հաշվի առնելով այն, որ ԼԲ կանանց ու տրանս մարդկանց մեծ մասը թաքցնում է իր սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունն ընտանիքի անդամներից խուսափելով ընտանիքի հետ ընդհարումներից կամ նրանց կողմից ճնշումների ենթարկվելուց եւ այլ խնդիրներից, ապա նրանք հայտնվել են նաեւ սոցիալապես ծանր վիճակում՝ չունենալով հնարավորություն աջակցություն ստանալ ընտանիքի անդամներից ու հարազատներից։

  • Հաշմանդամություն ունեցող կանանց եւ աղջիկների վիճակի վատթարացում.

Կորոնավիրուսի ամավարակն ուղղակի եւ անուղղակի կերպով իր ազդեցությունն ունեցավ հաշմանդամություն ունեցող շատ աղջիկների եւ կանանց վրա:

Հաշմանդամություն ունեցող կանայք եւ աղջիկները անհամաչափորեն ավելի են տուժում աշխատանքի կորստի պարագայում: Նրանցից շատերը ոչ ֆորմալ զբաղվածություն ունեն, ինչը նշանակում է, որ եկամտի որոշակի աղբյուրը, որով նրանք պետք է հոգային իրենց կարիքները, կարող են վերանալ, մինչդեռ ենթադրվում է, որ նրանք ունեն ավելի քիչ խնայողություններ՝ կապված ավելի ցածր աշխատավարձի եւ կեցության համար անհրաժեշտ ավելի մեծ ծախսերի հետ:

Կան հաշմանդամություն ունեցող աղջիկներ, որոնք զբաղվում էին ձեռագործությամբ տանից. Իրենց եկամուտի աղբյուր էր հանդիսանում տարբեր իրեր կարելն ու գործելը: Բայց լինելով տանը մեկուսացված եւ փակված՝ նրանք չէին կարող դուրս գալ` գնելու աշխատանքային հումք, եւ այժմ չկա շուկա նրանց արտադրանքը վաճառելու համար: Որոշ աղջիկներ տանը պատրաստում էին մաքրամե եւ ուլունքներից զարդեր, սակայն խանութների փակ լինելու ժամանկահատվածում նրանք զրկված էին իրենց եկամուտի աղբյուրից: Իսկ նրանք, ովքեր ունեն հոգեբանական խնդիրներ եւ ընկճվածություն, հիմա ավելի շատ գումար են ծախսում դեղամիջոցների վրա, շատերը չեն կարող գնալ պոլիկլինիկա կամ հիվանդանոց՝ իրենց դեղորայքը ստանալու համար: Շատերը զրկված են վերականգնողական ծառայություններից եւ առողջության համար խիստ անհրաժեշտ բժշկական ծառայություններից:

Առկա իրավիճակն առավել ակներեւ է դարձնում այն բոլոր քաղաքական, սոցիալական, կառուցվածքային խնդիրները, որոնք պահանջում են համակարգային լուծումներ։ Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, որպեսզի պետական մարմինները ձեռնարկեն հրատապ քայլեր եւ ներառեն հասարակության տարբեր շերտերի կարիքները քաղաքականության եւ իրավական փոփոխությունների անհրաժեշտ գործընթացներում:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա