Մենք՝ արցախցիներս, նախաձեռնությունը կվերցնենք մեր ձեռքն ու կփորձենք մեր ձևով հարցերին լուծում տալ. նախաձեռնության անդամ 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ո՛չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» խորագիրը կրող նախաձեռնության անդամ Դավիթ Բաղրյանը

– Պարո՛ն Բաղրյան, մայիսի 3-ից խաղաղ ցույց եք իրականացնում Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհին գտնվող Զառին բաղ կոչվող տեղամասում։ Կխնդրեմ ներկայացնեք ակցիայի այս օրերի մանրամասներն ու ևս մեկ անգամ հիշեցնել նպատակների մասին։

– Նախ շնորհակալ եմ ընձեռած հնարավորության համար, որ մեզ ուշադրություն եք դարձրել ու ձեր միջոցով ևս մեր ձայնը լսելի եք դարձնում։ Ակցիան կրում է «Ո՛չ, Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» խորագիրը, նախաձեռնող խումբն ապրիլի 28-ից սկսած Արցախի Հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ստորագրահավաք՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ ԱՄՆ, Ֆրանսիա ու Ռուսաստան, Ռուսաստանին նաև՝ որպես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի։ 

Մեր նպատակը հստակ է․ նոյեմբերի 9-ի բոլորին հայտնի եռակողմ հայտարարության մի քանի կետ, կոնկրետ դեպքում՝ 6-րդ կետը կոպտորեն խախտվել է, երբ ապրիլի 23-ին Ադրբեջանը Հակարի կամրջի վրա ապօրինաբար անցակետ է տեղադրել, ինչը մեզ համար կարմիր գիծ է։ 

Արդեն երեք օր է՝ Արցախը Մայր Հայաստանին կապող Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածում տեղադրել ենք վրան ու իրականացնում ենք մեր անժամկետ խաղաղ ակցիան։ Մեր նպատակն այն է, որ այս կերպ մեր ձայնը լսելի դարձնենք, ու ամենակարևորը՝ Ադրբեջանը կամրջից հեռացնի անցակետը, ու ճանապարհը շահագործվի առնվազն այնպես, ինչպես եղել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը։

– Կարծում եք, որ այս ակցիայով կստիպե՞ք Ադրբեջանին հեռացնել անցակետը, թե՞ դրան զուգահեռ այլ քայլեր ևս պետք է արվեն։

– Նախ ասեմ, որ մեր ակցիան այսքանով չի ավարտվում, որովհետև մենք մեր ստորագրահավաքի տեքստում հստակ ժամկետ ենք սահմանել ու նշել ենք, որ եթե վերոնշյալ երկրները, անտեսելով իրենց պատասխանատվության չափը, չլուծեն մեր հարցը, մենք՝ արցախցիներս, նախաձեռնությունը կվերցնենք մեր ձեռքն ու կփորձենք մեր ձևով հարցերին լուծում տալ։

– Հիմա տարբեր շրջանակներ ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբեր մոտեցումներ ունեն, մի մասի հույսը Հայաստանի իշխանությունն է, մյուսինը՝ Արցախի Հանրապետության, երրորդինը՝ միջազգային հանրությունը։ Ըստ ձեզ՝ իրական հույսեր ու սպասելիքներ որտեղի՞ց պետք է ունենանք ու ի՞նչ պետք է անենք, որ դրանք իրականանան, պարո՛ն Բաղրյան։

– Միանշանակ չպետք է անտեսել 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհի ազդեցությունը, բայց գիտակցում ենք, որ առաջին հերթին մեր հույսը մեզ վրա պետք է դնենք ու մենք գործենք։ 

– Ի՞նչ պետք է անենք։

– Այսօր մենք հայտարարեցինք, որ մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, մեր ակցիայի շարունակությունը լինելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Մենք հայտարարել ենք հանրահավաք, որտեղ ևս կներկայացնենք մեր պահանջները, կխոսենք հետագա անելիքների մասին, որոնք չեմ մանրամասնի այս պահին։

– Քաղաքական ուժեր միանո՞ւմ են ձեր ակցիային, ակցիան ինքնին քաղաքակա՞ն է։

– Մեր ակցիան ու մասնակիցներս ապաքաղաքականացված ենք ամբողջությամբ։ Երիտասարդներով հավաքվել ենք, խելք խելքի տվել ու հասկացել, որ այլևս ոչինչ չանելն անթույլատրելի է։ Մենք կոչ ենք արել բոլոր քաղաքական, հասարակական, առհասարակ սթափ ուժերի, բոլոր-բոլորին, որ միանան մեզ, մենք միասին միանանք մեկ գաղափարի շուրջ, այն է՝ ազգային գաղափարը հանուն Արցախի փրկության։ 

Այո՛, առաջընթաց միանշանակ կա, մեզ միանում են նոր մարդիկ, ամենօրյա ռեժիմով երեկոյան տեղի են ունենում հանրային քննարկումներ։ Մեր շարքերն իսկապես համալրվում են, որովհետև մարդիկ հստակ հասկանում են, որ սա իսկապես անկեղծ ու ազգային գաղափարին միտված ակցիա է, ու, այո՛, մեզ միանում են և՛ պատգամավորներ, և՛ նախկին ու ներկա իշխանությունների ներկայացուցիչներ։

– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ այսօր ունենք այս իրավիճակը:

– Շատ դժվար հարց եք տալիս, բայց ամենակարևորն այն է, որ այս պահից սկսած մենք պետք է գիծ քաշենք ու չշեղվենք գաղափարից, նստենք մի սեղանի շուրջ, շատ կարճ ժամանակում հասկանանք մեր սխալները, որովհետև միշտ շատ հեշտ է մեղադրել մեկ անձի, բոլորս էլ ինչ-որ մի տեղ ինչ-որ հարցում թերացել ենք ու մեղավոր ենք, բայց հիմա կարևորն այն է, որ մեր սխալներից դասեր քաղենք ու շարժվենք առաջ։

– Արդեն հինգ ամիս Արցախն ապրում է լիակատար շրջափակման պայմաններում։ Ինչպե՞ս եք կարողանում ապրել մեկուսացված իրականության մեջ։

– Ռուսերեն մի խոսք կա․ «Ինչը մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում», ի վերջո, կա մեկ պարզ ճշմարտություն, երբ օղակը սեղմվում է, դրությունը՝ ծանրանում, մարդիկ ավելի համախմբված են դառնում։ Իհարկե դժվար է, ամեն ինչն էլ մարդու համար է, բայց կարևոր է, որ միշտ միասնական լինենք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am