«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը
– Տիկի՛ն Հայրապետյան, վերջին օրերին Ադրբեջանից բարձր մակարդակով հնչող հայտարարությունները վերլուծական որոշ շրջանակների մոտ ձևավորել են այն կարծիքը, թե Ադրբեջանը փոխել է հռետորաբանությունը հայտարարությունների մակարդակում: Կա՞ այդ փոփոխությունը, եթե այո՝ ինչո՞վ եք դա բացատրում:
– Ադրբեջանում երբեք հռետորաբանության փոփոխություն չի եղել՝ հայատյացության և հակահայկական հայտարարությունների հետ կապված, այլ բան է, որ այդ հռետորաբանությունը պարբերաբար ուժգնանում կամ թուլանում է, բայց փոփոխություն տեղի չի ունեում, մենք ընդամենը գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հռետորաբանության աճ է նկատվում: Թե ինչու է այս պահին ուժգնացել հռետորաբանությունը, պատճառներն իրականում տարբեր կարող են լինել՝ սկսած Ադրբեջանի ներքին հարցերից, վերջացրած ինչ-ինչ հարցերում Ադրբեջանի դժգոհությամբ:
Իմ գնահատականը եղել և մնում է այն, որ Ադրբեջանը խաղաղության գնալու միտում չունի, ու պարբերաբար նա դա ապացուցում է, իսկ այս ժամանակը պետք է օգտագործել խելացիորեն, այլ ոչ թե Ադրբեջանի համար նոր զիջումներ կատարելու օգտին:
– Ադրբեջանական կողմն էլ Հայաստանին է մեղադրում խաղաղության գնալուն պատրաստ չլինելու համար: Նման հայտարարություններն արդյո՞ք հիմք են ստեղծում նոր էսկալացիայի համար, թե՞ այդպիսի վտանգ չկա:
– Ադրբեջանի ձեռնարկած քայլերը՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական ուղղություններով, ցույց են տալիս, որ Ադրբեջանը ցանկացած պահի աչքի տակ ունի այդ սցենարը՝ գնալ Հայաստանի դեմ ռազմական գործողությունների: Այդ օրակարգը Ադրբեջանը երբեք չի բացառել ու շարունակում է դա աչքի առաջ ունենալ: Այլ բան է, որ անցած տարվա օգոստոսի 8-ից սկսած իրենք այդ մասին ընդհանրապես չեն խոսում՝ հաշվի առնելով Թրամփի գործոնը, բայց չի նշանակում, թե իրենք դադարել են այդ մասին մտածելուց:
Վստահ եմ, որ իր բոլոր խնդիրներով հանդերձ՝ ԹՐԻՓՓ նախագիծը Ադրբեջանի երազած սցենարը չէր, Ադրբեջանը դրանից առաջ նախապատրաստվում էր ռազմական գործողությունների: Եթե Ադրբեջանին թվա, թե ինչ-որ փուլում իրենք կարող են գնալ ռազմական գործողությունների, վստահ եմ, որ դա կանեն, դրա համար եմ ասում, որ այս ժամանակահատվածը պետք է օգտագործել Հայաստանի դիրքերի ամրապնդման, ուժեղացման համար: Իսկ Հայաստանին մեղադրել խաղաղությանը պատրաստ չլինելու մեջ, իրականում զավեշտալի է, ծիծաղելի է, որ նման հայտարարություններ անում են «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող կազմակերպության ներկայացուցիչները ու այդ տեքստերը տարածում են Ադրբեջանի պետական հեռուստաընկերությամբ:
– Տիկի՛ն Հայրապետյան, Նիկոլ Փաշինյանը նախօրեին արձագանքել է «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթին՝ այն համարելով «լրջագույն մարտահրավեր ու անվտանգային սպառնալիք Հայաստանի համար»: Ինչպե՞ս կգնահատեք նրա հայտարարությունը:
– Փաշինյանը պարբերաբար ժխտում էր այդ խնդրի առկայությունը, բայց այս հայտարարությունը ես համարում եմ հանրային արձագանքի արդյունք: Սովորաբար նա շատ զգայուն է հանրային արձագանքների նկատմամբ ու հասկանում է, որ Ադրբեջանի օգտին այդքան փաստաբանություն անելուց հետո գոնե ինչ-որ բան պետք է ասի Հայաստանի շահերի օգտին:
Բայց ինձ համար շատ ցավալի է, որ գործնական առումով այս խնդրի չեզոքացմանն ուղղված որևէ քայլ չի արվում, չորս տարի է՝ ես պարբերաբար, հստակ խոսում եմ, թե ինչ քայլեր կարելի է անել դա չեզոքացնելու համար, բայց իրենք դա չեն անում, ավելին՝ Փաշինյանը պարբերաբար դա համեմատում է Արցախի խնդրի հետ: Թվում է, թե նա խոսում է խնդրի մասին, բայց դրանից խնդիրը ոչ միայն չի վերանում, այլև ինքը փորձում է վերացնել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, որը միջազգայնորեն ամրագրված է:
Արցախի խնդիրը չի կարելի համեմատել ակնհայտ զավթողական ծրագրի հետ, ու որևէ միջազգային ատյան երբևէ դրա ամրագրումը չի տվել, ավելին՝ մերժել է: Այս իշխանությունը որդեգրել է չտեսնելու, չարձագանքելու քաղաքականությունը, բայց չգիտի, որ դրանով չի կարող անվտանգ ու պաշտպանված լինել: Լավագույն ձևակերպումը թերևս տվել է դերասան Վարդան Պետրոսյանը, որ ասում է՝ չի պարտվում նա, ով չի պայքարում, ավելին՝ չի պարտվում նա, ով չկա: Կարծում եմ՝ սա է իշխանությունների կարգախոսը՝ մեզ մի նկատեք, մենք գոյություն չունենք, հետևաբար այլևս պարտություն չի լինի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















