«Ռուսաստանը հաղթաթուղթ է տալիս Ադրբեջանի ձեռքը». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մեդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

– Պարո՛ն Պապյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» համաժողովում հակադարձել է ՀՀ վարչապետի այն թեզին, թե «Արցախը Հայաստան է և վերջ»: Նա ասել է, որ նման հայտարարությունները «չեն նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»: Հայաստանի ԱԳՆ-ն կոշտ արձագանքեց Լավրովի այս հայտարարությանը: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:

– Նախքան բուն պատասխանին անցնելը, ուզում եմ շեշտել, որ մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ի՛նչ արձագանք կտա Լավրովը նաև Ալիևի այն հայտարարությանը, որ «Ղարաբաղը Ադրբեջան է»: Եթե նրանք ակնարկում են, որ Փաշինյանի նման հայտարարությունը չի նպաստում բանակցություններին, ուրեմն նման արձագանք պետք է ունենան նաև Ալիևի հայտարարության վերաբերյալ, հակառակ դեպքում դա կլինի միակողմանի, կողմնակալ և Մինսկի խմբի եռանախագահներին ոչ հարիր:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Արցախը Հայաստան է, թե՞ ոչ, այդ հարցը մեզ համար միանշանակ է՝ Հայաստան է: Ես կասեի՝ Արցախը Հայաստանի Հանրապետության մաս է կազմում: Մեր ամբողջ սխալն այն է, որ մենք այսքան տարիների ընթացքում միջազգային որևէ իրավական վճիռ չհայցեցինք առ այն, թե արդյոք ռուսական կարմիր բանակի մուտքը Ադրբեջան և Հայաստան 1920 թվականին միջազգային իրավունքի տեսանկյունից ի՞նչ է ներկայացնում:

մենք դրա վերաբերյալ ունենայինք միջազգային դատարանի վճիռը, որ դա օկուպացիա է, իսկ դա միանշանակ օկուպացիա է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հանդեպ, որովհետև երրորդ երկրի բանակը եկել ու գրավել է միջազգայնորեն ճանաչված պետությունները, այդ դեպքում մենք դա կհանեինք ու կմտցնեինք Լավրովի ու Ալիևի աչքը:

Կասեինք՝ Լավրո՛վ, քո օկուպանտ բանակը գրավել է Արցախը և հանձնել է երրորդ երկրին, սա էլ միջազգային փաստաթուղթը: Ցավոք սրտի, մենք ընդհանրապես բանակցությունները դրել ենք սխալ հիմքի վրա:

Այսինքն՝ մեզ համար սովետական, ստալինյան, բոլշևիկյան կուսակցության որոշումը, չգիտես ինչու, սարքել ենք սրբազան կով և դրա հետևանքով Արցախի՝ Ադրբեջանի ենթակայության տակ լինելը համարել ենք օրինական ու սկսել ենք բանակցություններ ինքնորոշումով ինչ-որ կարգավիճակ ստանալու: Հետևաբար, նրանց առիթ ենք տվել լեզուները երկարացնելու: Մենք պետք է միջազգային իրավունքով որոշում հայցենք, որպեսզի նման դեպքերում կարողանանք հստակ մեր դիրքերը պաշտպանել:

– Այդուհանդերձ, Լավրովի այդ հայտարարությունը ինչ-որ բան կարո՞ղ է փոխել այս փուլում:

– Ո՛չ, դա որևէ բան չի կարող նշանակել: Առավել ևս պետք է հաշվի առնենք, որ տեղի է ունեցել մեկ այլ սխալ ևս. Ալիևը փաստորեն հրավիրված է եղել ու մասնակցել է այդ միջազգային համաժողովին և հնարավորություն է ունեցել հնչեցնելու այդ միտքը բոլորի առաջ:

Իսկ ելնելով և՛ դաշնակցային հարաբերություններից, և՛ եռանախագահության պարտավորություններից՝ կողմերից մեկին չպետք է տրվեր առավելություն: Առնվազն հայկական կողմից էլ պետք է հրավիրված անձ լիներ այդ համաժողովին: Եվ եթե Նիկոլ Փաշինյանը չէր կարող ինչ-ինչ պատճառներով մասնակցել, մենք նախագահ ունեինք, կարող էին նախագահին հրավիրել, կգնար ու դիվանագիտորեն բոլորին տեղը կդներ:

Հիմա ստացվում է, որ Ռուսաստանը՝ մեր ռազմավարական դաշնակիցը, մեր թշնամուն հնարավորություն է տվել հնչեցնել թշնամական տեսակետ, և ինքը ոչ միայն դա չի դատապարտել, մի բան էլ հաղթաթուղթ է տալիս Ադրբեջանի ձեռքը:

– Այս համաժողովի շրջանակում Ալիևը խոսել էր նաև Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության մասին, շեշտել, որ կողմերի միջև 5 մլրդ դոլարի պայմանագիր կա այս ոլորտում: Այսինքն՝ Ռուսաստանը շարունակում է մեծաքանակ զենք մատակարարել Ադրբեջանին:

– Ռուսաստանն իրեն չի պահում ռազմավարական դաշնակցի նման, որովհետև ռազմավարական դաշնակից՝ նշանակում է քո թշնամիներն իմ թշնամիներն են, և դու չես կարող ինքդ քո դեմ զենք վաճառել: Եվ սա կոչել զուտ բիզնես գործունեություն՝ սկզբունքորեն անընդունելի է:

Նախ՝ ընդհանրապես զենքի վաճառքն ի սկզբանե չի կարող լինել զուտ բիզնես, դա կարգավորվում է միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով, դրա համար էլ զենքի էմբարգո են դնում: Երկրորդ՝ այդ ծավալի և տեսակի զենքերի վաճառքը առավել ևս չպետք է լինի, որովհետև այստեղ խախտվում են նաև բազմաթիվ այլ կոնվենցիաներ:

Այդ զենքի գործածությունից քաղաքացիական անձինք են տուժում, ինչը մենք բազմիցս տեսել ենք, մասնավորապես, վերջերս Տավուշում նշանառուի կրակոցից վիրավորվեց տրակտորիստը՝ խաղաղ բնակիչ: Այսինքն՝ մենք ունենք փաստարկված դիրքորոշում, որ այդ զենքն օգտագործվելու է նաև քաղաքացիական բնակչության դեմ, հետևաբար դա չպետք է վաճառվի: Բայց, ցավոք սրտի, Ռուսաստանը վաղուց ի վեր ոտնահարել է սեփական պարտավորությունները:

Ավելին ասեմ ձեզ, հենց այս փուլում էլ Ռուսաստանի կողմից առաջարկ հնչեց՝ ատոմակայան կառուցելու Ադրբեջանի համար: Իսկ ատոմակայան կառուցել՝ նշանակում է առնվազն մի քանի հարյուր միջուկային ֆիզիկայի մասնագետներ պատրաստել Ադրբեջանի համար, տրամադրել որոշակի տեխնոլոգիաներ, վառելիք, որը կարող է հաստատվել, և, ըստ էության, Ադրբեջանը սարքել այն անդամ երկրներից, որ կարող են ատոմային զենք ունենալ:

Հերիք չէ՝ մի կողմից մեր մյուս թշնամուն՝ Թուրքիային է ատոմային տեխնոլոգիաներ տալիս, հիմա էլ՝ այս կողմից: Իսկ սա ուղղակի մեր շահերի ոտնահարում է, որովհետև դե յուրե Հայաստանը միակ երկիրն է մեծ Միջին Արևելքում, որ ունի ատոմային տեխնոլոգիաներ՝ ատոմակայան: Հա, բոլորը գիտեն, որ Իսրայելն ունի ատոմային զենք, բայց դա դե ֆակտո է, դե յուրե ոչ ոք դա չի ընդունել: Միակը մենք ենք, և սեփական դաշնակցի այդ միակ առավելությունը չեզոքացնելը վայել չէ դաշնակցին:

– Արցախի շուրջ բանակցային գործընթացը ներկայումս ինչ փուլո՞ւմ է: Մեր ԱԳՆ-ն հայտարարում է, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին ենք մենք հավատարիմ, իսկ Ռուսաստանից ու Ադրբեջանից այլ հայտարարություններ են հնչում:

– Մենք պետք է հարցին մոտենանք հետևյալ կերպ՝ ի՞նչ ենք ակնկալում այդ ձևաչափից: Եթե ակնկալում ենք, որ այդ ձևաչափը գտնելու է լուծում, դա հնարավոր չէ Ադրբեջանի դիրքորոշման պատճառով: Խաղաղ ճանապարհով հակամարտության լուծում գտնող երկիրը ևս 5 մլրդ դոլարի զենք չէր գնի, Ռուսաստանն էլ այդ 5 մլրդի զենքը չէր ծախի:

ԱՄՆ-ն, չլինելով մեզ դաշնակից երկիր, ունի որոշակի էմբարգո և զենք չի ծախում: Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանում չկան զենք արտադրող մասնավոր ընկերություններ, բոլորը պետական են, այսինքն՝ սա պետության դիրքորոշում է, որը շատ վատ է:

Ես չեմ ակնկալում որևէ առաջընթաց այս տարբերակով, առավել ևս՝ Ադրբեջանի կողմից ընկալումն այն է, որ Արցախը միայն իրենն է եղել, երկրորդ՝ այդ երկիրը շեշտը դնում է զենքի կուտակման վրա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am