«Այսօր էլ Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թիվն ավելի շատ է, ունենք այցելություններ նաև Հնդկաստանից». Մեխակ Ապրեսյան

Լուսանկարը՝ «Արմենպրես»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը

– Պարո՛ն Ապրեսյան, զբոսաշրջության ոլորտում ի՞նչ պատկեր է այս պահին: Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվային տվյալներ կարո՞ղ եք ներկայացնել:

– Երբ հստակ վիճակագրական տվյալները կհրապարակվեն, կկարողանանք ավելի հստակ խոսել ու վերլուծել, բայց այսօր անզեն աչքով էլ տեսանելի է, որ ոլորտում ակտիվություն է նկատվում: Չենք կարող ասել, որ ոլորտն ամբողջությամբ վերականգնվել է, խնդիրները լուծվել են, բայց վերականգնման նշաններ կան:

Թվային տվյալները, ըստ մեթոդաբանության, հրապարակվում են եռամսյակը մեկ՝ հաջորդող ամսվա վերջին, այսինքն՝ հուլիսի վերջին կունենանք երկրորդ եռամսյակի և առաջին կիսամյակի թվային տվյալները:

Առաջին եռամսյակի տվյալներով՝ ներգնա զբոսաշրջության այցելությունների թիվը կազմել էր մի փոքր ավելի, քան 86 հազարը: Եթե այս պատկերը համեմատում ենք 2020-ի առաջին եռամսյակի հետ, երբ զբոսաշրջիկների թիվը 311 հազար էր, տեսնում ենք, որ ավելի քան 72% նվազում ունենք, բայց պետք է նկատել, որ 2020-ի առաջին եռամսյակում համավարակ չկար՝ ի տարբերություն 2021 թվականի: Համեմատելով համավարակային իրավիճակները՝ տեսնում ենք, որ 2020 թ. երկրորդ, երրորդ, չորրորդ եռամսյակներին, միասին վերցրած, զբոսաշրջիկների թիվը զգալիորեն ավելի պակաս է եղել, քան 2021-ի առաջին եռամսյակը: 2020 թվականի երեք եռամսյակը միասին վերցրած՝ ունեցել ենք ոչ ավելի, քան 65 հազար զբոսաշրջային այցելություն, իսկ միայն այս տարվա առաջին եռամսյակում՝ 86 հազար:

Իսկ ո՞ր երկրներից է հիմնական հոսքը, և Հայաստանի ո՞ր ուղղություններն են նախընտրում զբոսաշրջիկները:

– Ըստ քաղաքացիության, առաջին եռամսյակի տվյալներով՝ Ռուսաստան, Վրաստան, Իրան, Ուկրաինա, ԱՄՆ, այնուհետև այլ երկրներ: Այսօր, կարծում եմ, էլի Ռուսաստանը պահպանում է առաջատար դիրքերը, Իրանից էլ բավականին մեծ հոսք կա՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու նպատակով: Նկատելի է նաև Եվրոպայից եկողների թվի ավելացում, քան առաջին եռամսյակին էր, Հնդկաստանից ունենք այցելություններ:

Ուղղությունների վերաբերյալ հարցն ինձ համար միշտ ամենադժվարն է եղել, որովհետև Հայաստանի բոլոր անկյուններն էլ գրավիչ են, ամեն ուղղություն իր առանձնահատկությունն ունի: Կախված է այն հանգամանքից, թե զբոսաշրջիկներն ինչ նպատակով, ինչ փաթեթով են եկել: Բայց նկատելի է, որ աստիճանաբար տեղի է ունենում ապակենտրոնացում, ու Հայաստանի բոլոր վայրերն էլ դառնում են այցելելի:

Պարո՛ն Ապրեսյան, իսկ հայաստանցիները ո՞ր երկրներն են նախընտրում հանգստի համար, ու արտագնա զբոսաշրջության մեջ և՞ս ակտիվություն է նկատվում:

-Մենք միշտ էլ ձգտել ենք հանգստանալ ծովափնյա երկրներում, քանի որ ծով չունենք: Բայց նախընտրում են նաև պատմամշակութային, քաղաքային տուրիզմը, բայց՝ ծովից հետո: Կան նաև երկրներ, որտեղ հնարավոր է անցկացնել և՛ ծովային հանգիստ, և՛ պատմամշակութային ժառանգության հետ շփվել:

Առիթից օգտվելով՝ ուզում եմ առաջարկել, որ մեր բոլոր քաղաքացիները իրենց ֆինանսը ծախսեն մեր երկրի ներսում, մեր հանգիստը պետք է կազմակերպենք մեր երկրի ներսում՝ հատկապես այս տարի: Իհարկե, դրա համար կարևոր է, որպեսզի գործեն պետական ու օրենսդրական խթաններ ներքին զբոսաշրջության համար:

Իսկ տվյալներ կա՞ն թե՛ հայաստանցիների, թե՛ օտարերկրացիների մասով, որոնք իրենց հանգիստն անցկացնում են Արցախի Հանրապետությունում:

– Այժմ չեմ կարող ասել, հուլիսի վերջին, երբ կլինեն երկրորդ եռամսյակի տվյալները, կունենանք և՛ Արցախ, և՛ Հայաստան այցելությունների տվյալները:

Այնուամենայնիվ, արձանագրո՞ւմ եք, որ նկատվում է զբոսաշրջիկների ակտիվություն դեպի Հայաստան, պարո՛ն Ապրեսյան:

– Նկատվում է, բայց դրանով չպետք է համարենք, որ հարցերը լուծվել են, այլ դա պետք է մեզ մղի գործողության, մասնավոր հատվածի բոլոր գործընկերներով համատեղ պետք է զբոսաշրջության ոլորտը պահպանելու համար միջոցառումներ իրականացնենք և, արդեն ստեղծվող հնարավորություններից օգտվելով, զարգացնենք, ամրապնդենք ու ընդլայնենք մեր շուկաները:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am