Ինչու՞ են կանայք ավելի շատ վարակվում կորոնավիրուսով, արդյո՞ք պատճառը ներշենքային շփումներն են․ Զարուհի Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ինչու՞ են կանայք ավելի շատ վարակվում կորոնավիրուսով, արդյո՞ք պատճառը ներշենքային շփումներն են։
Ուզում եմ, որպեսզի մենք ավելի խորը մտածենք խնդրի մասին։
Այո, կանայք առավել խոցելի են, քանի որ․

Բուժաշխատողների ընդհանուր թվի 70%-ը կանայք են։ Նրանք վարակի դեմ պայքարի առաջնագծում են։ Այստեղ պետք է նաև պատկերացնել կանանց հատուկ կարիքները հիգիենայի առումով, որոնք 24 ժամյա աշխատանքի պայմաններում հաճախ դժվար իրագործելի է։

Հղի կանայք և նոր ծննդաբերած կանայք կարող են էլ ավելի խոցելի լինել վարակիչ հիվանդությունների նկատմամբ, հատկապես եթե նրանք ունեն շնչուղիների ուղեկցող հիվանդություններ: Նրանց պարագայում ավելի բարձր է նաև առողջապահական ծառայությունների հետ կոնտակտի հավանականությունը, ինչը մեծացնում է նրանց շրջանում հնարավոր ռիսկերի մակարդակը:

Կանայք կատարում են կենցաղային աշխատանքների հիմնական մասը՝ ներառյալ գնումներ, ընտանիքին անհրաժեշտ այլ տարբեր գործեր, գնված ապրանքների ախտահանում և մշակում, սննդի պատրաստում, որոնց պատճառով նրանց վարակվելու ռիսկն ավելի է մեծանում:

Կանայք հիվանդների հիմնական խնամողներն են, հատկապես այսօրվա պայմաններում, երբ բարդություններ չունեցող վարակակիրներին այլևս չեն տեղափոխում հիվանդանոց և նրանց մեկուսացումը, ինչպես նաև խնամքը իրականացվում է տնային պայմաններում, հաճախ բազմանդամ ընտանիքում և սահմանափակ տարածք ունեցող բնակարանում։

Կանայք առավել շատ են ներգրավված սպասաասրկման ոլորտում, խանութի վաճառողներ, մենեջերներ, մաքրման աշխատանք կատարողներ և այլն, որոնք առավել ակտիվ են շփվում հասարակության տարբեր շերտերի հետ և առավել խոցեի են վարակի նկատմամբ։ Իսկ մաքրության աշխատանքներ կատարողներն ընդհանրապես, անմիջականորեն շփվում են դիմակների, ձեռնոցների և այլ տիպի վարակի աղբյուր հանդիսացող պարագաների հետ, և այլն։

Այս իրավիճակում մատնանշել միայն կանանց ներշենքային կապերը, կարծում եմ շատ անարդար է։ Մենք պետք է զգայուն լինենք և կարողանանք տեսնել, թե ինչ դեր են կատարում կանայք մեր երկրում, որքան ծանրաբեռնված են և ինչու են այսքան խոցելի»։