Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված կրթական համակարգի ճկունության ամրապնդմանն ու ոլորտը կարգավորող գործընթացների պարզեցմանը

Այսօր  ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը շրջանառության մեջ է դրել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ.

«Առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին բավարարող անձի կողմից չհամալրվելու դեպքում, ուսուցչի տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը»։

Հիշեցնենք, որ գործող օրենքի համաձայն՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։

Ավելի պարզ ասած, այն դեպքում, երբ դպրոցում չի համալրվում ուսուցչի թափուր հաստիքը մանկավարժի որակավորում ունեցող անձի կողմից, այն կարող է զբաղեցնել առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը, եթե նա մասնակցել է համապատասխան կրթական ծրագրով նախատեսված դասընթացների և կուտակել է մանկավարժության համապատասխան կրեդիտներ:

Օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է միջնակարգ կրթության ուսումնական հաստատությունների ուսուցչական կազմում նոր մասնագետներ ընդգրկելու ընթացակարգը բարելավելու հրատապությամբ, քանի որ գործող օրենքով սահմանված պայմանները բավականաչափ ճկուն չեն՝ ուսուցչի թափուր տեղը կամ ուսուցչական անձնակազմը համալրելու համար։ 

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019/2020 թ․ ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների քանակը 31 018-ն է։ Նրանցից 28 768 ուսուցիչ ունի բարձրագույն կրթություն, 362-ը՝ թերի բարձրագույն, 1 774-ը՝ միջին մասնագիտական, 114-ը՝ միջնակարգ։ Մանկավարժական կրթություն ունեն 23 300-ը։ Ուսուցիչների 58.6 %-ը տարիքով 45-ից բարձր են, ընդ որում՝ 60 տարեկանից բարձ ուսուցիչների տոկոսը 22.7 է կազմում: 

Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության տվյալների՝ 2020 թ. հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության պատճառով։ Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք։ 

Իրավիճակը հատկապես խնդրահարույց է բնագիտական առարկաների մասով, որտեղ, օրինակ, 2019-2020 թ․ ուսումնական տարում հանրապետության 32 դպրոցներում ֆիզիկա առարկա չի դասավանդվել, նույնքան դպրոցներում էլ՝ քիմիա, երեք դպրոցում չի դասավանդվել մաթեմատիկա առարկան:

Մտահոգիչ է նաև այս ուղղություններով մանկավարժական բուհերի ընդունելությունը, որը ցույց է տալիս, թե հեռանկարում խնդիրները ինչպես կարող են խորանալ։ Օրինակ, 2020-2021 թ․ ուսումնական տարում ոչ մի դիմորդ չի ընտրել ֆիզիկա մասնագիտությունը մանկավարժական մասնագիտացում ունեցող բուհերից որևէ մեկում։ 

Ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը։ Վերևում նշված վիճակագրական տվյալները նաև ցույց են տալիս, որ ոլորտը մարդկային ռեսուրսների երիտասարդացման կարիքն ունի։ 

Ելնելով վերոգրյալից՝ հարկավոր էր մշակել միջնակարգ կրթության ուսումնական հաստատություններում ուսուցիչ աշխատելու իրավունք տալու և թափուր տեղը համալրելու ընթացակարգերի ավելի արդյունավետ տարբերակներ։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ ներքոնշյալ տարբերակի ներդնումը նպատակահարմար է՝ որպես ուսուցչական կադրերի համալրման և մասնագետների ընտրության այլընտրանքային տարբերակ և որակյալ մրցակցություն ունենալու հնարավորություն։ 

Ակնկալվում է ունենալ հետևյալ արդյունքը՝

  • Ուսուցչական կադրերի համալրման և մասնագետներ ունենալու այլընտրանքային տարբերակի առկայությունը՝ որակյալ մրցակցության տեսանկյունից։
  • Միջնակարգ կրթության ուսումնական հաստատություններում աշխատելու համար պահանջվող ընթացակարգի պարզեցումը, այն ավելի ճկուն դարձնելու նպատակով։
  • Դպրոցում ուսուցանելու մոտիվացիայի խթանումը:
  • Մանկավարժական մարդկային ռեսուրսների երիտասարդացումը:
  • Երեխաների կրթության իրավունքի ապահովումը։
  • Կրթության որակի բարելավումը։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։