«Ադրբեջանը նպատակ է դրել մինչև 2025 թվականը չսպասել ու մինչ այդ հասնել Արցախից խաղաղապահների դուրսբերմանը». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական կողմը կրկին փակել է Լաչինի միջանցքը: Ի՞նչ գործողություններ են սրանք և ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը:

– Բնականաբար, ճանապարհը բացել կհաջողվի, բայց ադրբեջանական աղբյուրների հրապարակած տեսանյութերից տեսանելի է, որ այս անգամ նաև զինվորականներ են ներգրավված ճանապարհը փակելու գործընթացում: Ինձ մոտ տպավորություն է, որ ադրբեջանցիները փորձում են թեկուզ փոքր, բայց բախումներ հրահրել ու այդ ֆոնն ամբողջությամբ օգտագործել ցույց տալու, որ ռուս խաղաղապահներն իրենց դերը չեն կատարում:

Այս ամբողջը մի քանի շերտ է պարունակում, բայց քարոզչական առումով նրանք սա ավելի շատ պետության ներսում օգտագործում են խաղաղապահների դեմ՝ գեներացնելով հանրային պահանջ խաղաղապահների դուրսբերման համար, որովհետև նրանք նպատակ են դրել մինչև 2025 թվականը չսպասել ու մինչ այդ հասնել խաղաղապահների դուրսբերմանը:

– Այդ համատեքստո՞ւմ դիտարկենք այն բողոքի նոտան, որը հղել էր Ադրբեջանը ռուսական կողմին:

– Միանշանակ այո՛, ու եթե հետևեք իրենց աղբյուրներին, լրատվականներին՝ ամբողջությամբ կտեսնեք այդ գիծը, որ խաղաղապահները «հայերին են ծառայում, ծախվել են հայերին, իրենց գործառույթները չեն կատարում»: Ամբողջությամբ այս գիծն են տանում, բայց հարց է առաջանում, թե խաղաղապահներն ի՞նչ կապ ունեն բնապահպանական խնդրի հետ, իրենք այդտեղ են եկել անվտանգային նպատակով: Նմանատիպ խնդիրները, եթե դրանք առաջանում են, Արցախի հետ ուղիղ երկխոսության հարթակում են՝ միջազգային հստակ գործիքակազմի միջոցով, որը և առաջարկվում է:

– Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ դնելու ցանկությունը, պահանջը ինչի՞ հետևանք են, որովհետև այդ պահանջը ուղիղ հակասում է նոյեմբերի 9-ի փաստաթղթին: Փաստաթուղթը ստորագրած կողմերից Ռուսաստանն ու Հայաստանն ի՞նչ քայլեր պետք է գործադրեն, որ Ադրբեջանի այս ցանկության իրագործումը կանխվի:

– Դա ոչ միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի, այլև ընդհանուր տրամաբանության խախտում է, որովհետև այդ միջանցքի նպատակը, համաձայն վերոհիշյալ փաստաթղթի, Հայաստան-Արցախ կապի անխափան ապահովումն է: Այդ անցակետի մասին խոսակցությունները, որոնք սկսվել են ամիսներ առաջ ու հիմա փորձում են իրագործել, նպատակ ունեն Արցախը հայաթափելու: Եթե իրենք այնտեղ կանգնեն որպես ստուգողներ, դա մեծ խնդիրներ է առաջացնելու:

Ռուսաստանն ու Հայաստանը պետք է այս ամբողջը կանխեն, ի՞նչ է նշանակում անընդհատ զիջումների գնալ, ինչն անում է երկու կողմն էլ, որ իբր Ադրբեջանն իրեն ավելի զուսպ պահի, այս քաղաքականությունն իրեն չի արդարացնում: Ադրբեջանին պետք է հստակ ցույց տալ, որ կա հայտնի հայտարարության տեքստ, որը ստորագրել է նաև իրենց երկրի ղեկավարը, ու այդ հայտարարությունը հստակ ասում է՝ անխափան կապ Երևանի ու Ստեփանակերտի միջև:

– Տիկի՛ն Հայրապետյան, ինչո՞ւ են թիրախավորվել Արցախի հանքավայրերը, Ադրբեջանի բուն նպատակը ո՞րն է:

– Բազմաթիվ գործարքներ կան, որոնք չեն երևում, բայց դրանց մասին գրվել են, օրինակ՝ հայտնի Open Democracy հետաքննական լրագրությամբ զբաղվող կայքը դեռևս այս տարվա հունիսին մեծ հոդված էր հրապարակել, թե ինչպես են բրիտանական ընկերությունները, ընդ որում՝ հենց Բաքվում Բրիտանիայի դեսպանատան միջնորդությամբ ներգրավված այդ ամբողջ գործընթացի մեջ:

Դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 7-ին՝ պատերազմից 20 օր առաջ, Ադրբեջանի ղեկավարությունն արդեն վաճառել էր Զանգելանի շրջանի հանքերը բրիտանական Anglo Asian Mining ընկերությանը, իսկ այս տարվա հուլիսի 5-ին Ալիևը որոշում է կայացրել ու Կաշեն, Դրմբոն հանքն է վաճառել բրիտանական նույն ընկերությանը:

– Այսինքն՝ ուրիշ երկրի ղեկավարը վաճառում է մեկ այլ պետությանը պատկանող հանքավայրե՞ր: Ինչի՞ հետևանք է սա:

– Որովհետև ինքը համարում է, որ դե յուրե դա իր տարածքն է, ու իրեն լիազորում է նման բան անել, ու հիմա Ալիևը պարտավոր է այդ ընկերության համար մուտք ապահովել հանքավայր, նաև այս նպատակով են իրենք գնում այդ սադրանքներին:

Երբ այդ «բնապահպանները» հայտնվեցին հանքի մոտ ու փորձում էին մտնել այնտեղ իբր էկոլոգիական ստուգումների համար, նրանց հեռահար նպատակը հանքն իրենց վերահսկողության տակ վերցնելն էր ու բրիտանացիներին տրամադրելը:

– «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Բաքուն Լեռնային Ղարաբաղում երեք սցենարով ցեղասպանություն է նախապատրաստում», և որ «Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է»: Նմանատիպ հայտարարություններով հնարավոր կլինի՞ կանխել ադրբեջանական ագրեսիաները, ըստ էության, ՀՀ իշխանությունն ի՞նչ գործուն քայլեր պետք է անի դրա դեմն առնելու համար:

– Շատ լավ ասացիք՝ գործուն քայլեր: Նրանք շատ հաճախ են իրենց հայտարարություններով դրա մասին խոսում, լավ է, որ այդ ուղերձն ուղարկում են միջազգային հանրությանը, բայց դա բավարար չէ: Նրանք իրենց գործողություններով ու խոսքերով չպետք է տպավորություն ստեղծեն, որ հրաժարվում են Արցախի ու արցախահայության իրավունքների ինքնորոշման իրավունքից, դրա իրավունքը չունեին:

Եթե նրանք խոսում են ցեղասպանության վտանգի մասին, դա կանխելու միջոցը ինքնորոշման իրավունքի իրացումն է, որի միջոցով Արցախը կստանա կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս ու կապահովի իր անվտանգությունը, իսկ նրանք իրենց խոսքով ամեն օր փորձում են ապացուցել, որ Արցախը չի կարող կարգավիճակ ունենալ Ադրբեջանի կազմից դուրս:

Գործուն քայլեր են պետք, ոչ թե մեկ-երկու հայտարարություն: Մենք չենք կարող ամենօրյա մակարդակով հրդեհներ մարել, առավոտյան արթնանալ ու տեսնել, որ խնդիր կա: Դրանք լինելու են անվերջ, եթե մենք չունենանք տեսլական ու դրանց լուծման ռազմավարություն:

Մենք պետք է օրակարգեր ստեղծենք, շատ հարմար պահ է, որ հայտարարվի՝ եթե Արցախի հետ ինչ-որ կարգի, այս դեպքում, իրենց ասելով՝ բնապահպանական, խնդիր ծագի, ապա դրանց հասցեատերը ռուս խաղաղապահները չեն, դրանց հասցեատերը Արցախի իշխանությունն է, թող միջազգային հստակ մեխանիզմներով նստեն ու քննարկեն հարցերը: Խաղաղապահներն այնտեղ բացառապես անվտանգային խնդիրներ լուծելու համար են:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am