Ալիևն իր գործողություններով արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն. Փաշինյան

Ադրբեջանի կողմից եռակողմ եւ այլ ձեւաչափերում ընդունված հայտարարությունների ու պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2020 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը ապօրինի կերպով օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ եւ Հին թաղեր բնակավայրերը եւ հարակից տարածքները՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում, դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները եւ կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա իրականացրել է նաեւ 2022 թվականի մարտին՝ ներխուժելով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի եւ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը,  եւ հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ դա անվանում է «օպերացիա Փառուխ»: «Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարի ռեժիմը նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված շփման գծում՝ զուգահեռաբար հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի: Այս պնդումը ինքնին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է: Նաեւ Ադրբեջանի կողմից ստորագրված այդ հայտնի փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է «Լեռնային Ղարաբաղ» անունը»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ Ադրբեջանը մինչեւ օրս քայլեր չի ձեռնարկել նաեւ Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում: «Զուգահեռաբար փորձ է անում կառուցողական երեւալ, և Ադրբեջանի կողմից հայտարարվում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերը «իր քաղաքացիներն են եւ նրանց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված են: Թե որքանով է այս պնդումը իրականությանը համապատասխանում, կարելի է գործնականորեն ապացուցել՝ ստուգելով, թե Ադրբեջանը ի՞նչ պայմաններ է ստեղծել եւ ինչ քայլեր է ձեռնարկել Հադրութի եւ Լեռնային Ղարաբաղի այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետեւանքով: Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կոպիտ խախտում է: Այս նույն կետի խախտումով Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի, մասնավորապես Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ»,- նշեց նա:

Նրա գնահատմամբ՝ այս եւ նմանատիպ մի շարք գործողություններ ու հայտարարություններ ակնհայտ են դարձնում, որ Ալիեւը ոչ միայն սպառնում է, այլեւ արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն: Վարչապետի խոսքով՝ այս մտադրությունն արտահայտված է նաեւ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններում, որոնք իրենց հերթին կոպտորեն խախտում են եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարություններից առնվազն երեքը: «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները տեղակայվում են 5-ամյա ժամկետով, հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով: Կրկնում եմ, ինքնաբերաբար երկարացումով: Սա, ըստ էության, նշանակում է, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հետ կապված բոլոր հարցերը եւ փարատված չեն Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգային բոլոր մտահոգությունները»,-  ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց, որ 2021թ. նոյեմբերի 26-ի եւ 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ադրբեջանի նախագահն ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային, կարեւոր ներդրումը նրա տեղակայման գոտում անվտանգության եւ կայունության ապահովման գործում: Ավելին՝ ճանաչել է տարածաշրջանում իրավիճակի կայունության գործում խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը: «Սոչիի երկու հայտարարությունների տակ ստորագրելով եւ այս արձանագրումներն անելուց հետո՝ առանց Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն նշված եռակողմ հայտարարությունների խախտում է, այլեւ ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստություն»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը: