Միջազգային հարաբերությունները բարդ են, հատկապես երբ խոսքը զենքի մասին է։ Իսրայելը հայտնվել է անհարմար իրավիճակում, երբ Հայաստանը ներկայացրել է ԱԹՍ-ի մի տարբերակ, որը մշակվել է Israel Aerospace Industries (IAI)-ի կողմից՝ առաջացնելով նրա ամենամոտ մուսուլման դաշնակից Ադրբեջանի դժգոհությունը։Այս մասին հայտնում է Globes-ը:
225 հանգույց արագություն և բարձր ճշգրտություն
Harop-ը ինքնասպան անօդաչու սարք է՝ տպավորիչ հնարավորություններով․ մինչև 200 կմ հեռահարություն, մինչև 9 ժամ թռիչքի տևողություն և առավելագույնը 225 հանգույց արագություն՝ 15,000 ֆուտ բարձրության վրա։ Մոտ 16 կգ պայթուցիկ կրող սարքը բարձր ճշգրտությամբ կարող է հարվածել ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական անկյուններից։
2020 թվականի երկրորդ Արցախյան պատերազմում IAI-ի արտադրած Harop-ը դարձավ Ադրբեջանի հաղթանակի խորհրդանիշներից մեկը։ Դրա կիրառման արդյունավետությունն այնքան ընդգծված էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լուսանկարվել էր այն ձեռքին՝ պատկեր, որը դարձավ հաղթանակի խորհրդանշական դրվագ։
Արդյո՞ք արտահոսել է իսրայելական տեխնոլոգիան
Միաժամանակ Հնդկաստանը մնում է իսրայելական պաշտպանական արդյունաբերության խոշորագույն հաճախորդներից մեկը․ 2020-2024 թվականներին այն կազմել է Իսրայելի պաշտպանական արտահանման շուրջ 34%-ը։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ գործարքների ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 20,5 միլիարդ դոլար։
Հնդկաստանի հետ համագործակցության հիմնական մարտահրավերը վարչապետ Նարենդրա Մոդիի «Make in India» քաղաքականությունն է, որը պահանջում է արտադրական գծերի և տեխնոլոգիական գիտելիքի փոխանցում։ Այս կերպ Հնդկաստանը ներմուծող երկրից վերածվում է անկախ արտահանողի՝ որոշ դեպքերում մրցակցելով իսրայելական շահերի հետ, ինչպես ներկայումս՝ Հայաստանում։
Harop-ը ծառայության մեջ է Հնդկաստանի բանակում։ Անցյալ տարվա մայիսին՝ Պակիստանի դեմ գործողությունների ընթացքում, այն կիրառվել է լայնածավալ կերպով։ Իսկ 2025 թվականի հոկտեմբերին հայկական «Davaro» ընկերությունը ներկայացրել է Dragonfly 3 ինքնասպան ԱԹՍ-ն, որը արտաքին տեսքով գրեթե կրկնօրինակում է Harop-ը։
Հնդկական կապը ավելի ակնհայտ դարձավ անցյալ շաբաթ, երբ Նյու Դելիից պատվիրակություն այցելեց Հայաստան և ծանոթացավ նոր սարքին։ Dragonfly 3-ը ունի 3 մետր թևերի բացվածք, 42 կգ առավելագույն թռիչքային զանգված և 5 կգ բեռնատարողություն։ Ըստ «Davaro»-ի՝ սարքը կարող է օդում մնալ մեկ ժամ, զարգացնել մինչև 126 կմ/ժ արագություն և գործել մինչև 120 կմ հեռավորության վրա։
Իսրայելական պաշտպանական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը «Globes»-ին հայտնել է, որ իր կարծիքով տեխնոլոգիական գիտելիքը Հայաստան է հասել Հնդկաստանից։ Միևնույն ժամանակ, ըստ «Globes»-ի, Ադրբեջանը խորապես դժգոհ է իրավիճակից, քանի որ նման ռազմավարական միջոցի առկայությունը Հայաստանում դիտարկվում է որպես ուղիղ սպառնալիք իր անվտանգությանը։



















