Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է «Ազգ»-ի գլխավոր խմբագրին` թերթի հիմնադրման 30-րդ տարեդարձի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի հետ:

Հանրապետության նախագահը շնորհավորել է «Ազգ»-ի գլխավոր խմբագրին և խմբագրության աշխատակիցներին թերթի հիմնադրման 30-րդ տարեդարձի առթիվ:

Նշելով, որ «Ազգ»-ը նորանկախ Հայաստանի Հանրապետության մամուլի ընտանիքի առաջատարներից էր հիմնադրման օրվանից, նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 30 տարի առաջ իր այցելությունը «Ազգ» թերթի խմբագրատուն:

Հանրապետության նախագահն իր բարեմաղթանքները հղելով պարբերականի 30-ամյակի առթիվ՝ վստահություն է հայտնել, որ, հակառակ օրվա դժվարություններին, «Ազգ»-ը շարունակելու է մնալ արդի հայ մամուլի հիմնասյունը: 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։