«30 տարում հարստացրել են սեփական գրպանները». Վահագն Ալեքսանյանը ամբիոնից հեռացրեց Օհանյանի դրած դրոշը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը այսօր Ազգային ժողովում ամբիոնից պոկեց, հեռացրեց Արցախի դրոշը, որն այնտեղ դրել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Երբ անփառունակությունը դառնում է ճակատագիր, երբ տխմարաբանությունը դառնում է ամենօրյա հանապազօրյա աշխատանք, պաշտպանության նախկին նախարարները ստիպված են լինում Արցախի դրոշով գալ ու այս դրոշը դրել ԱԺ ամբիոնին», -դրոշը ամբիոնից պոկեց Ալեքսանյանը և այն ձեռքին շարունակեց.

«Այս դրոշը դնել այն ժամանակ, երբ 30 տարի շարունակ այս դրոշը ճիշտ տեղերում դնելու փոխարեն ու այս դրոշի և Հայաստանի դրոշի ամրությունը ապահովելու փոխարեն զբաղված են եղել մի բանով՝ թալանով: Գան էստեղ, պոպուլիստական ելույթներ ունենան, թե իբր իրենք Արցախ պահող են, Հայաստան պահող են ու մտահոգներ են, բայց իրականում 30 տարում այդ նույն բաները գոչելով հարստացրել են սեփական գրպանները ու սեփական ընտանիքների գրպանները: Անել այնպես, որ մի հասարակ մաքսավոր, ով վերջերս անցնում է մի քրեական գործով, ունենա միլիոնավոր դոլարների ունեցվածք, 20 բնակարան Երևանի կենտրոնում, մի քանի մեքենա միլիոն դոլարն անցնող: Ես վստահ եմ, Արթուր Ղազինյանն այստեղից դուրս է եկել, հպարտ կեցվածքով նստել իր 300 հազար դոլարանոց մեքենան ու գնացել է Արցախը փրկելու, պաշտպանելու: Նույնը երևի Սեյրան Օհանյանն ու մնացածը, էլ չեմ խոսում Սերժ Սարգսյանի մասին:

Ես վստահ եմ, որ եթե ՀՀԿ-ն այստեղ տեղադրեն, օրինակ, Բադեն-Բադեն քաղաքի խորհրդանիշը իմ կարծիքով, Սերժ Սարգսյանն ավելի հաճույքով կնայեր այս նիստը: Որովհետեւ Արցախից եկած նախկին պաշտոնյաները ՀՀ-ում զբաղված են պոպուլիզմով: Զբաղված են սին քարոզով, որը ոչինչ չի տալիս:

Երբ մարդկանց հարցնում ես՝ ձեր առաջարկը ո՞րն է, ի՞նչ անի իշխանությունը, ինչ անի մեր պետությունը միակ պատասխանը դրան Հանրայինի եթերում Գեղամ Մանուկյանի բաժակ ջարդելն էր»:

Իշխանական պատգամավորը կոչ արեց քաղաքացիներին չտրվել դատարկ պոպուլիզմին, «որով հիմա զբաղված է ընդդիմությունը»: