ՀՀ վարչապետը և «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հնարավորություններին առնչվող հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին:

Վարչապետը նշել է, որ էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն ունի հարուստ օրակարգ, իսկ «Ռոսատոմ»-ն ատոմային էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության հիմնական գործընկերն է:

Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել կորպորացիայի դերը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման գործում և վստահություն հայտնել, որ փոխգործակցությունն առաջիկայում ևս արդյունավետ կլինի:



Ալեքսեյ Լիխաչովը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար և նշել, որ «Ռոսատոմ» կորպորացիան շահագրգիռ է առաջիկա տարիներին ևս արդյունավետ համագործակցել ՀՀ կառավարության հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի հետագա շահագործմանը, Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորություններին, ատոմային էներգետիկայի զարգացմանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր: