ՀՀ կառավարության 2006թ.-ի նոյեմբերի 23-ի 1717-Ն որոշման համաձայն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների կողմից մինչև յոթ տարեկան երեխաներին դեղերը հատկացվում են անվճար:
Այս մասին տեղեկացնող ցուցանակները, օրենսդրական ակտերի պատճենները պետք է որ փակցված լինեն մանկական բոլոր պոլիկլինիկաներում բնակչության համար առավել տեսանելի վայրերում, որոնց միջոցով Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է մինչև յոթ տարեկան երեխաների ծնողներին անվճար դեղեր ստանալու իրավունքի մասին:
Որոշումը կարելի է գտնել նաև նախարարության կայքէջում, բայց ինչպես ցույց են տալիս բազմաթիվ անտեղյակ ծնողների բողոքները, միջոցներից և ոչ մեկն արդյունավետ չէ. կամ չկա կամ հասանելի չէ:
«Ես առաջին անգամ եմ նման բան լսում,- «Մեդիալաբին» զարմանքով պատասխանում է Տաթևիկ Սարգսյանը,- երկու պոլիկլինիկա ենք փոխել, և այդքան հիվանդությունների ժամանակ էլ երկու բժիշկներից ոչ մեկը ոչ մի բան չի ասել»:
Ինչպես նշվում է «Մեդիալաբի» հարցմանը ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության նամակում. «Նշված գործընթացի արդյունավետ կազմակերպման համար պատասխանատու են մասնակից բոլոր օղակները՝ իրենց իրավասության սահմաններում»:
Փաստորեն իրազեկման գործընթացն ապահովելու պատասխանատվություն կրում են բոլորը` բուժքույրից մինչև գլխավոր բժիշկ, բայց վերահսկողություն որպես այդպիսին այնուամենայնիվ չի իրականացվում: Անտեղյակ ծնողները կամ կստանան դեղորայքը կամ ոչ` կախված է բժշկի բարեխղճությունից կամ բուժհաստատության «մշակած քաղաքականությունից»:
«Ես չգիտեի այդ օրենքի մասին, բայց մեր հերթական այցի ժամանակ, երբ բժիշկը դեղեր նշանակեց ու ամուսինս պատրաստվում էր դեղատոմսով գնալ դեղատուն, բժիշկն ասաց, որ պետք չէ դեղատուն գնալ, որ իրենք ունեն այդ դեղերը և տալիս են անվճար»,- ասում է Յանա Կոստանդյանը:
Շատ դեպքերում էլ բժիշկները նախընտրում են լռել, և անտեղյակ ծնողները հիվանդ երեխայի համար անհրաժեշտ դեղորայքը գնում են դեղատներից, իսկ մանկական դեղորայքը բավականին թանկ արժե:
«Յուրաքանչյուր տեղամասային բժիշկ պարտավոր է տեղեկացնել ծնողին առկա դեղերի մասին, որպեսզի երեխայի հիվանդության դեպքում հնարավոր լինի վերցնել դրանք, եթե պետությունը տրամադրում է, ինչու պետք է ծնողը վճարի դրա համար,- «Մեդիալաբին» ասում է մանկական բուժքույրերից մեկը, ով չցանկացավ ներկայանալ,- բայց դեղերի քանակն այնքան քիչ է, պատկերացրեք` ինչ կլինի, եթե բոլորը իմանան այդ մասին ու սկսեն պահանջել»:
Ըստ քաղաքապետարանի առողջապահության վարչության, բուժհաստատությունների կողմից անվճար և արտոնյալ պայմաններով տրվող դեղորայքը ձեռք է բերվում սեփական միջոցների հաշվին, բացի այդ տրամադրվում է նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով ձեռքբերված և հումանիտար ճանապարհով ստացված դեղորայք:
Պոլիկլինիկաները ամեն ամիս ստանում են իրենց հասանելիք դեղորայքի բաժինը` ներկայացված հայտ-պահանջագրի հիման վրա:
Թիվ 8 պոլիլիկլինկայի տնօրեն Արմինե Հարությունյանը «Մեդիալաբի» հետ զրույցում վստահեցնում է, թե բոլոր բժիշկներն անխտիր տեղեկացնում են ծնողներին.
«Մենք նույնիսկ պակասորդ չենք ունենում, – ասում է Արմինե Հարությունյանը,- չեն լինում նաև այնպիսի դեպքեր, որ մանկաբույժները դեղ նշանակեն և ցուցակում չլինի, որովհետև նախապես բոլորի հետ քննարկվում և կազմվում է դեղերի ցուցակը` ըստ պահանջարկի»:
Ի հակառակ ծնողների այն պնդումների, թե երբեւէ նման տեղեկություն իրենց չի տրվել Հարությունյանը զարմանում է:
«Չգիտեմ ինչպես կարող էր նման բան լինել, մենք այսուհետ ավելի ուշադիր կլինենք»,- հուսադրեց նա:
Ըստ մասնագետների, անվճար դեղերի ստացման կարգը պետք է որ շատ հեշտ ու պարզեցված լինի: Երեխային զննելուց և հիվանդությունը պարզելուց հետո մանկաբույժը նշում է կատարում ամբուլատոր քարտում, որի հիման վրա էլ նշանակավում է անհրաժեշտ դեղորայքը:
Ծնողը մանկաբույժի ներկայացրած թուղթը ներկայացնում է գլխավոր բժշկին, ով էլ կնքում և ստորագրում է այն, այնուհետև այդ նույն դեղատոմսով դեղը ստանում է ներպոլիկլինիկային դեղատնից կամ ավագ բուժքրոջից: Այն որ ստացված դեղերի համար չպետք է վճարել, հիշեցնում է նաև դեղերի տուփի վրա դրված կնիքը` վաճառքի ենթակա չէ:
Սակայն, իրականում գործընթացը, ոչ «հեշտ է» եւ ոչ էլ «պարզեցված»: Բժիշկները ոչ միայն չեն տեղեկացնում ծնողներին, այլև պահանջելու դեպքում արհեստական խոչընդոտներ են ստեղծում ու ձգձգում գործընթացը` ստիպելով ծնողներին ժամերով սպասել:
«Անվճար դեղերի տրամադրման մասին շատ պատահական ընկերուհուցս իմացա, որի բալիկը արդեն մի քանի անգամ ստացել էր,- պատմում է Արմինե Սարդարյանը,- և մի անգամ երբ երեխաս անգինա էր ու բարձր ջերմություն ուներ, այցի ժամանկ որոշեցի ասել մանկաբույժին ջերմիջեցնող տա անվճար, մանկաբույժս նախ զարմացավ, որ նման պահանջ եմ ներկայացնում, հետո մեզ մի քառասուն րոպե այդպես բարձր ջերմությունով երեխայիս հետ սպասեցնելով` նոր մի թուղթ տվեց, որպեսզի ստանամ ներպոլիկլինիկային դեղատնից»:
Դեղերի հատկացումը կատարվում է համաձայն Առողջապահության նախարարի 74-րդ հրամանի, ըստ որի դեղերը տրվում են հիմնական դեղերի ցանկից ելնելով:
Հիմնական դեղերի ցանկը մշակվում է Առողջապահության նախարարության կողմից, որտեղ ընդգրկված են այն բոլոր դեղերը, որոնք անհրաժեշտ են բոլոր հիվանդությունների բուժման համար: Ինչպես անվճար դեղերի մասին ծանուցումը, այնպես էլ ցանկը պետք է փակցված լինի պոլիկլինիկաներում, բայց ինչպես մեկը, այնպես էլ մյուսը պոլիկլինկաներում չկա: Հետևաբար սա ևս նպաստում է, որպեսզի ծնողը անգամ եթե տեղյակ է անվճար դեղերի մասին, այնումանայնիվ այնտեղյակ լինի, արդյոք ճիշտ են բժշկի այն պատճառաբանությունները, թե այդ դեղը չկա:
Դեղերի ցանկը բավականին մեծ է և մանկական պրակտիկայում չկա այնպիսի դեղ, որը ներառված չլինի:
Անվճար դեղերի ցանկում ընդգրկված են երեխայի հիվանդության ժամանակ անհրաժեշտ այնպիսի դեղեր, ինչպիսիք են ջերմիջեցնողները` «Նուրոֆեն» (3000դր), «Ֆլավամեդ», հազի համար հեղուկ-դեղերը` «Tonzilgon» (5500դր), «Լազոլվան», հակաբիոտիկները` «Աուգմենտին» (3000դր) եւ այլն: Ինչպես նաեւ այնպես դեղեր, վիտամիններ որոնք անհրաժեշտ են փոքրիկներին ծննդյան առաջին ամիսների ընթացքում` Վիտամին D, «Էսպումիզան», «Լակտո-Ջի», «Օտիպաքս» (2700դր), այդ թվում նաև մանկական կերեր:
«ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի մայիսի 16-ի N 854-Ն հրամանով հաստատված հիմնական դեղերի ցանկին համապատասխան, եթե հիվանդին բժշկի ցուցումով նշանակվել է հիմնական դեղերի ցանկում չընդգրկված դեղ, ապա ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության տնoրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի եզրակացության հիման վրա հիվանդին դուրս է գրվում դեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հուլիսի 7-ի N 11-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանի (ռեեստրի)» ցանկից»,- տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը:
Պետությունը սահմանել է կարգը, և ծնողները պետք է հետևողական լինեն ու պահանջեն իրենց հասանելիք դեղորայքը, եթե մանկաբույժներն անբարեխիղճ են գտնվել ու չեն տեղեկացրել կամ տրամադրել նախատեսված անվճար դեղորայքը.
«Ես միշտ պահանջել եմ, և պետք չէ վախենալ, թե բժիշկը կթարսվի կամ դրանից հետո վատ կվերաբերվի երեխային, դա մեր իրավունքն է, մենք արդեն մեր մուծած հարկերի միջոցով վճարել ենք մեր երեխաների անվճար բուժսպասարկման և դեղորայքի համար»-, ասում է ծնող Արաքսյա Իսպիրյանը:
Անի Եղիազարյան
© Medialab.am