«Առկա է հիպովիտամինոզի խնդիր». ի՞նչ առողջական խնդիրներ են առաջացել Արցախում շրջափակման հետևանքով

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի, Ստեփանակերտ

Արդեն 44 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում, բազմաթիվ խնդիրներին գումարվում են առողջապահության ոլորտին առնչվող խնդիրները: Այսօր Արցախում 274 հիվանդ կա, որից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Շրջափակման ընթացքում տեղափոխման անհնարինության պատճառով մեկ հիվանդ է մահացել: 

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի «էկոակտիվիստները» Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին վրաններ են տեղադրել ու մինչ օրս շարունակում են փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

«Մինչ օրս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 46 հիվանդ, թիվն աճի միտում ունի: Պաշարման ընթացքում Արցախում 161 երեխա է ծնվել: Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում գտնվող կանանց թիվը 23 է, հղի կանանց վիտամինային բալանսը ապահովվում է նաև խաղաղապահների օգնությամբ»,- այս մասին «Մեդիալաբին» տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից: 

Նախարարությունից վստահեցնում են, որ մանկական սննդի խնդիր առայժմ չկա, իսկ բոլոր բուժհաստատությունները դեղորայքով ապահովված են: Շրջափակման հետևանքով առաջացել է նաև տակդիրների ու կանանց հիգիենիկ պարագաների խնդիր, բայց այդ հարցերն այսօր որոշակի չափով կարելի է լուծված համարել: 

«Ձմեռային սեզոնի հետ կապված՝ հիպովիտամինոզի (հիվանդություններ են, որոնք զարգանում են մեկ կամ մի քանի վիտամինների անբավարար ներմուծման հետևանքով-խմբ.) խնդիր լինում է, բայց մենք փորձում ենք նաև այդ հարցը կարգավորել: Վիտամիններ այս պահին դեղատներում էլ են առկա: Այս հարցը մեզ համար օրակարգային է ու մշտապես մեր ուշադրության կենտրոնում է»,- ասում են նախարարությունից՝ ընդգծելով, որ հավելյալ տեղեկություններ չեն տրամադրում՝ միայն անվտանգային նկատառումներից ելնելով:

«Իհարկե, աշխատում ենք նաև երեխաների հետ, բայց որ ասեմ՝ հանդիպել ենք երեխաների, որոնք շրջափակման հետևանքով թերսնուցման խնդրի առաջ են կանգնած կամ արդեն ունեն այդ խնդիրը, սուտ կլինի, դեռ նման դեպք չենք արձանագրել։ Բայց բոլորս ենք հասկանում, որ երեխաներն այսօր ադեկվատ վիտամինների ու բուսական սննդի անհրաժեշտ պաշար չեն ստանում, իսկ ոչ նորմալ սնման առաջին ցայտուն հետևանքը կլինի հիպովիտամինոզը, որի հաջորդ փուլը թերսնուցումն է լինելու»,- «Մեդիալաբին» ասում է «Արևիկ» բուժմիավորման գործադիր տնօրեն, բժիշկ Կարեն Մելքումյանը։

Բժիշկ Մելքումյանը չգիտի՝ որ խնդրից սկսել ու որից վերջացնել, որոնք առաջացել են իր ղեկավարած բուժհաստատությունում ադրբեջանական քմահաճույքի հետևանքով։ Դժվարությամբ, բայց կարողանում է նշել երեք հիմնական խնդիր՝ դեղորայքի, ջեռուցման, հոսանքի բացակայությունը, ինչը խոչընդոտում է իրենց աշխատանքը։

Նշենք, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը Լաչինի միջանցքի փակմանը զուգահեռ, հունվարի 17-ից անջատել է Հայաստանից Արցախ մատակարարվող գազը, արդյունքում այսօրվանից Արցախում դադարեցվել է գազալցակայանների աշխատանքը։ Արցախում կա նաև էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման խնդիր, ինչի հետևանքով էլ հանրապետությունում լինում են հովհարային անջատումներ, իսկ առաջին անհրաժեշտության սննդամթերքը և որոշ ապրանքներ Արցախում տրամադրվում են կտրոններով։

«Եթե դեղորայքի խնդիրը քիչ թե շատ խնայողությամբ կամ այլ ճանապարհով լուծվում է, ապա հոսանքի ու գազի բացակայությունը բավականին մեծ խնդիր է ու ահավոր բարդացնում է մեր աշխատանքը։ Փորձում ենք հոսանքի բացակայությունը կոմպենսացնել դիզելային գեներատորների օգնությամբ, իսկ բնական գազինը, իհարկե, շատ ավելի մեծ խնդիր է, մենք էլ փորձում ենք անել մաքսիմալը, որ ռացիոնալ օգտագործվի այդ հոսանքը, ու առաջնահերթությունը տրվի հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող երեխաներին, որ այդ բաժանմունքում պառկած երեխաները հանկարծ չմրսեն»,- ասում է Կարեն Մելքումյանը։

Թե որքան կարող է համակարգը դիմանալ այս պայմաններում՝ բժիշկը դժվարանում է ասել՝ նշելով, որ ամեն ինչ կախված է հիվանդների հոսքից։

«Եթե հիվանդների հոսքը մեծանա, բնականաբար, պաշարները շատ արագ սպառվելու են։ Մաքսիմալ խնայողություն ենք ցուցաբերում, թեև բավականաչափ հիվանդներ ունենք, դե, սեզոնն էլ սուր շնչառական վարակների ծաղկման շրջանն է, չէ՞»,- ասում է «Արևիկ» բուժմիավորման գործադիր տնօրենը։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը նշում է նաև, որ ամեն ինչ արվում է շտապօգնության մեքենաների հետ կապված խնդիրները ևս շտկելու համար։

«Շտապօգնության մեքենաների համար վառելիք կա, որոշ մեքենաներ կանցնեն գազի, ծայրահեղ դեպքում կօգտվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներից: Էներգետիկ ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ վառելիքի քանակով ու գեներատորներով համակարգն ապահովված է»,- փոխանցում են նախարարությունից։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության բուժհաստատություններում պլանային բուժումները, վիրահատությունները շարունակում են հետաձգված մնալ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am