Ունենք բազմաթիվ փաստեր՝ Հարությունյանը ողջ ռեզերվը դրել է Փաշինյանի վարչակազմի վերարտադրությանը նպաստելուն. Արցախի ԱԺ-ում խաղաղ չէ

Լուսանկարը՝ Sputnik Armenia

Արցախի Ազգային ժողովում կրքերը թեժանում են, սակայն գործող իշխանությունները չեն շտապում պատասխանել հնչող մեղադրանքներին։ 

«Քաղաքական ուժերն իրացրել են իրենց սահմանադրական իրավունքը: Այս պահին նախագահը որևէ դիրքորոշում այդ հարցի կապակցությամբ չի հայտնում»,-«Մեդիալաբին» ասում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանի «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Արդարություն» խմբակցությունները հայտարարություն էին տարածել՝ պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

«2020թ. նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ եռակողմ հայտարարությունից հետո, անցած վեց ամիսների ընթացքում ԱՀ նախագահի գլխավորած կառավարությունը և խմբակային նեղ շահերից դրդված, խորհրդարանում մեկընդմերթ ստեղծվող ու քանդվող անհամադրելի քաղաքական կոալիցիաները որևէ համարժեք բացատրություն և առաջարկ չեն ներկայացրել մեզ պատուհասած աղետի և դրանից դուրս գալու մշակված ծրագրերի մասին»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

Խորհրդարանական խմբակցությունները հայտարարության մեջ պնդում են, որ Արցախի նախագահը պատերազմից հետո անհասականալի քարոզչական արշավ ծավալեց՝ աղետալի պատերազմում պարտության և ձախողումների մեղքը բարդելով նախկին իշխանությունների, բանակի, պահեստազորայինների ու կամավորականների, վերջին հաշվով՝ ժողովրդի վրա:

«Այսօրվա Արցախի իշխանությունները ամեն ինչով ձգտում են նմանվել ՀՀ գործող իշխանություններին, որոնք մշտապես ապացուցում են օրեցօր ահագնացող ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու իրենց անկարողությունն ու անընդունակությունը:

Սուտը, վիրավորանքը, զրպարտությունը, հանրության բաժանումը «յուրայինների» և «ոչ յուրայինների»՝ ահա այն միջավայրը, որը ստեղծվեց Արցախի Հանրապետության նախագահի և նրա ենթակայության տակ գործող իշխանավորների պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում»,-հայտարարության մեջ նշել էին նրանք՝ հավելելով, որ Հարությունյանը աջակցում է Հայաստանի գործող իշխանության վերարտադրությանը :

Լուսինե Ավանեսյանը համակարծիք չէ խորհրդարանականների այն պնդմանը, որ Արայիկ Հարությունյանն աջակցում է Հայաստանի գործող իշխանության վերարտադրությանը, քանի որ «Արայիկ Հարությունյանը միշտ էլ հայտարարել է, որ պետք է ձեռնպահ մնալ հայաստանյան քաղաքական զարգացումներին միջամտելուց»,- շեշտում է Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը սակայն պնդում է, որ Արայիկ Հարությունյանը միշտ էլ աջակցել ու շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը: 

«Ցանկացած մարդ կփաստի, որ Արայիկ Հարությունյանն աջակցում է Հայաստանի իշխանությանը: Արցախի բնակչությանը աշխատում են մոլորեցնել, որ կատարվածի համար Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ, որ ինքը ևս մեղավոր չէ: 

Արցախի սոցապ և տարածքային կառավարման նախարարներին նշանակեց Նիկոլ Փաշինյանը, և այդ նախարարություններում հիմա աշխատում են ավելի շատ ՀՀ-ի քաղաքացիներ, քան Արցախի, և արցախցու մուտքն այս գերատեսչություններ համարյա անհնար է, իսկ այդ գերատեսչություններն իրականացնում են անհասկանալի ինչ-որ գործառույթներ, որը չի նպաստում Արցախը ոտքի կանգնեցնելու գործին»,- «Մեդիալաբին» ասում է  Մետաքսե Հակոբյանը: 

Ըստ պատգամավորի՝ սրանք այն բացահայտ փաստերն են, որոնցով Արայիկ Հարությունյանը աջակցում է Նիկոլ Փաշինյանին, գաղտնի գործողություններով ևս Արցախի նախագահը աջակցում է Փաշինյանին, որոնց մասին Արցախում տեղյակ են:

«Ինքն իր ողջ ռեզերվը դրել է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի վերարտադրությանը նպաստելուն, և դա մենք պնդում ենք ու ունենք բազմաթիվ փաստեր այդ մասով»,- նշում է պատգամավորը:

Թե ի՞նչ քայլերի կդիմեն խմբակցությունները, եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական չներկայացնի, Հակոբյանը չի ցանկանում մանրամասնել, բայց վստահեցնում է, որ անհրաժեշտ քայլերը մշակված են։ Հակոբյանն ընդգծում է, որ Հարությունյանի հրաժարականը հանրային պահանջ է:

«Արցախում 10-ից 9-ը չեն ուզում տեսնել ու լսել նման նախագահի մասին, հիմա ո՛չ ինքը, ո՛չ իր թիմը քաղաքական լեգիտիմություն չունեն և խուսափում են արտահերթ ընտրություններ հայտարարել: Մեր հետագա քայլերը կախված են նրա քայլերից»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am