Ադրբեջանը փորձում է դառնալ տարածաշրջանային խոշոր խաղացող, ինչը ձեռնտու չէ Թուրքիային․ Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական աղբյուրների պնդմամբ Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի, ինչ նախկինում էր: Հիմքե՞ր կան նման պնդումներ անելու՝ ձեր գնահատմամբ:

– «Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են»,- Մարկ Տվենի այս խոսույթը կարելի է տարածել Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված նմանատիպ գնահատականների վրա: Իրականում դրանք շատ խորքային հարաբերություններ են՝ ռազմական, քաղաքական, տնտեսական բաղադրիչներով, որոնք ամրագրված են տարբեր փաստաթղթերով, ինչպես նաև 2021 թվականի հունիսին Շուշիում ստորագրված հայտնի, իմ գնահատմամբ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմական պակտով: Հարաբերություններն ուղղակի տարբեր շրջափուլեր են մտնում՝ տարբեր նպատակներից ելնելով: 

Վերջին շրջանի որոշակի լարվածությունը, որը նաև վերածվել է քաղաքական հայտարարությունների, հիմնականում կապվում է Իսրայելի գործոնի հետ, մասնավորապես դա նկատվեց, երբ ՄԱԿ-ում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը դուրս չեկավ դահլիճից, երբ մեծաքանակ պատվիրակություններ, այդ թվում՝ Թուրքիան, Իսրայելի վարչապետի ելույթի ժամանակ ուղղակի դուրս եկան սրահից: Սրանից հետո X-ի հարթակում մեծ դժգոհություններ հնչեցին հատկապես թուրքական սեգմենտի կողմից Ադրբեջանի հանդեպ: 

Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմն էլ մի քաղաքական գիծ ունի, որ Արցախում 2020 թվականի պատերազմը, դրա հաջորդող իրավիճակը, գրանցած ձեռքբերումներն ինքը համարում է բացառապես իր սեփականությունը: Ալիևը սիրում է հաճախ ելույթ ունենալ ու ասել, որ իրենց ոչ մեկը չօգնեց, չսատարեց, ինչն ամբողջությամբ կեղծիք է: 44 օրվա ընթացքում ադրբեջանական բանակը ղեկավարում էր թուրք գեներալիտետը, իսկ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը կորած էր այդ ընթացքում: Այն, որ Ադրբեջանը փորձում է այդ հաջողությունը վերագրել բացառապես իրեն, ես վստահ եմ, դա դուր չի գալիս Թուրքիային, բայց ընդհանուր առմամբ Իսրայելի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված Թուրքիայի արձագանքն իսկապես բավականին սուր է: 

Իմ դիտարկմամբ խորքային պատճառն այն է, որ Ադրբեջանը փորձում է դառնալ մեծ տարածաշրջանում պրեմիեր լիգայի խաղացող, այսինքն՝ ուզում է նույն սեղանի շուրջը նստել այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը տարածաշրջանում, ու տարածաշրջանային այդ խոշոր խաղացողների համար դա շահավետ գործարք չէ, այստեղից էլ գալիս է այդ հակազդեցությունը: Բայց խորքային առումով սա իրենց հարաբերությունների բնույթը չի փոխում, որովհետև, ինչպես ասացի, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները շատ բազմաշերտ ու լուրջ են, դրանք մեկ-երկու դրվագով կամ հայտարարությամբ չեն կարող փոխվել: 

– Իսկ Ադրբեջանի նպատակը ո՞րն է, որ դրվագային հարցերով փորձում է հակադրվել Թուրքիային:

– Ադրբեջանն ուզում է ասել, թե ինքն ամբողջությամբ ինքնուրույն պետություն է ու անկախ Թուրքիայի ու այլ երկրների հետ ունեցած հարաբերություններից կարող է ազատ լինել իր միջազգային հարաբերությունները կարգավորելու հարցում: Ադրբեջանը 44-օրյա պատերազմի համար պարտական է թե՛ Թուրքիային, թե՛ Իսրայելին, ու գալիս է մի պահ, որ յուրաքանչյուրն այդ պարտավորությունների հաշիվը, այսպես ասած, դնում է Ալիևի սեղանին, ու այդտեղ արդեն սկսվում է այդ խառնաշփոթ իրավիճակը, թե ո՛ւմ ինչպե՛ս վճարել: Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում Իսրայելի ուժեղացումը, ամեն դեպքում, նաև Իրանի դեմ գործողությունների կոնտեքստում չի բխում Թուրքիայի ռազմավարական շահերից, իսկ Իսրայելի ազդեցության մեծացումն ապահովվում է Ադրբեջանի միջոցով: Այստեղ արդեն առաջանում է որոշակի հակասություն Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակներում ու շահերի հարցում:

– Իսկ այդ լարվածությունը, որն առկա է հարաբերություններում, երկա՞ր կտևի:

– Ինձ թվում է, որ դա տարբեր փուլերում կդրսևորվի արդեն, որովհետև սկզբում Իսրայելի վարչապետի թեմայով դրսևորվեց, հիջաբների թեմայով դրսևորվեց, ու թեև շատերը հեռացվեցին աշխատանքից, այդ թվում՝ Էրդողանի գլխավոր խորհրդականը և այլն, ամեն դեպքում Թուրքիայի նպատակն այս փուլում որոշակի ատամ ցույց տալն էր, որ Ադրբեջանը հասկանա, որ իրենք կարող են հանդիպել այնպիսի ձևակերպումների, որոնք իրեն դուր չեն գա: Այս խնդիրը Թուրքիան լուծեց այս պահին ու իր առաջ ավել խնդիր չէր էլ դրել: 

– Տիկի՛ն Հայրապետյան, մեզանում միշտ լինում է այդ ոգևորվածությունը, երբ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները լարվում են, ոմանք պնդում են, որ եթե այս երկու պետությունը իրար դեմ դուրս գա՝ մեզ համար լավ կլինի: Եթե ենթադրենք, որ մի օր դա տեղի կունենա, ապա Թուրքիան ու Ադրբեջանը առանձին-առանձին կփոխե՞ն իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ:

– Ես վստահ եմ, որ ո՛չ, ու առհասարակ, այդ նաիվ էյֆորիան ես չեմ հասկացել քաղաքականության մեջ: Քաղաքականության մեջ դու կարող ես տարբեր իրավիճակներ ի շահ քեզ օգտագործել, օրինակ՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների լարվածությունը Բաքուն տարբեր փուլերում շատ լավ օգտագործել է հօգուտ իրեն: Այսինքն՝ բոլոր պետություններն էլ ցանկացած իրավիճակ օգտագործում են հօգուտ իրենց, եթե ունեն այդչափ խելացիություն ու ճկուն դիվանագիտություն: 

Հայաստանի նկատմամբ քաղաքականության փոփոխություն ես չեմ նկատում, ու ինձ համար քաղաքական նաիվություն է մտածել, որ այս փուլում Թուրքիան կարող է Հայաստանի հետ սահման բացել, որովհետև Թուրքիան Հայաստանի հետ սահման չբացելու որևէ պատճառ չունի: Ընդամենը կարող է դա խաղաքարտ օգտագործել Ադրբեջանին ինչ-որ փուլերում բարկացնելու համար: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am