ԵԱՏՄ-ն ու գազի սակագինը Հայաստանի վրա ազդելու վերջին լրջագույն լծակներն են, որոնցից Ռուսաստանը, չեմ կարծում, թե կհրաժարվի․ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը 

– Պարո՛ն Ստեփանյան, զգուշացո՞ւմ, թե՞ շանտաժ կարելի է համարել նախօրեին հրապարակված ԵԱՏՄ զեկույցը, որը վերաբերում է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման տնտեսական հետևանքներին՝ ի պատասխան Հայաստանի՝ դեպի Եվրամիություն ինտեգրվելու քայլերի:

– Իրականում այդ զեկույցը տեղավորվում է Հայաստան-Ռուսաստան վերջին ամիսների հարաբերություններում լարվածության մեջ, սա քաղաքական փաստաթուղթ է ու ԵԱՏՄ-ի հետ որևէ կապ չունի: Սա փաստաթուղթ է, որը մշակվել է Մոսկվայում, ու հիմնական նպատակը Հայաստանի վրա ճնշում գործադրելն է, ու այն նպատակը, որը դրվում է զեկույցի հիմքում՝ ԵՄ-ԵԱՏՄ ընտրություն, կեղծ է, իրականում նման օրակարգ չկա: 

Հայաստանի ղեկավարությունը այս պահին երկիրը դեպի ԵՄ տանելու օրակարգ չունի, սա է իրականությունը, այնպես որ, այդ փաստաթղթի հիմքում ընկած է մեկ բան՝ Հայաստանի վրա քաղաքական ճնշում կիրառել, որպեսզի Հայաստանը զիջի ատոմակայանի կառուցման հարցում, որովհետև իրենք ցանկանում են, որ «Ռոսատոմը» կառուցի, ու երկաթուղու կոնցեսիայի հարցում, որ իրենք ցանկանում են մնա իրենց ձեռքի տակ, իրենք էլ ոչ մի բան չանեն:

– Փաստորեն, կարծում եք, որ Ռուսաստանը հստակ գիտի՞, որ Հայաստանի իշխանությունն իրականում ԵՄ գնալու մտադրություն չունի, ինչպես ասում եք:

– Այո՛, իհարկե, մենք այս պահին պատրաստ էլ չենք դրան: Մեզ սկզբից ասում էին, չէ՞, վիզաների ազատականացման գործընթացը պետք է 2028-ին ավարտվեր, հիմա ասում են՝ 29-ին: Ինչո՞ւ են դա ասում, Ռուսաստանը մեղավոր չէ, մեր իշխանությունը պատրաստ չէ այն բոլոր բարեփոխումներին, որոնք ԵՄ-ի կողմից նշվում են որպես մինչև 2028 թվականը իրականացնելու պարտադիր պայման:

Եթե մենք պատրաստ չենք վիզաների ազատականացմանը, ի՞նչ ԵՄ գնալու մասին կարող է խոսք լինել: Սա շատ լավ գիտեն և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում, հետևաբար այդ բոլոր խոսակցությունները ընդամենը պատճառներ են, որովհետև ուղիղ չեն կարող ասել, չէ՞, որ մենք պետք է ատոմակայանը կառուցենք, թե չէ մենք ձեզ ԵԱՏՄ-ից դուրս կհանենք, դրա համար էլ սա են ասում: 

– Իսկ ինչո՞ւ հայկական կողմը պատրաստ չէ ԵՄ գնալուն:

– Որովհետև օբյեկտիվորեն պետական ապարատը կաղում է: Պետական ապարատում կան բազմաթիվ դիրքեր, որտեղ նստած են մարդիկ, որոնք չեն համապատասխանում իրենց գործառույթներին: Ես չեմ ասում, թե սա բոլորին է վերաբերում, ո՛չ, կան պետական պաշտոնյաներ, որոնք իրենց գործն անում են ու նորմալ են անում, բայց, ցավոք, չանողներն ավելի շատ են, դրա համար էլ մենք ունենք այսպիսի խնդիրներ: 

– Պարո՛ն Ստեփանյան, իշխանական մակարդակով արդեն արձագանք եղել է այդ զեկույցին, ու իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ իրենք չեն ուզում ԵԱՏՄ-ից դուրս գալ: Այս պատասխանը կարո՞ղ ենք համարել համաձայնություն Ռուսաստանից արվող՝ ձեր ասած առաջարկներին, թե՞ ոչ:

– Չեմ կարծում, իրենք խաղի կանոններն են պահում, եթե Ռուսաստանը խոսում է ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի մասին, իրենք էլ ասում են, որ չեն պատրաստվում ԵԱՏՄ-ից դուրս գալ ու ճիշտ են ասում, ոչ միայն այս պահին չեն պատրաստվում, այլ նաև որևէ ժամանակացույց չկա, որ իրենք ուզում են դա անել: Ատոմակայանի ու երկաթուղու մասով ես դեռ համաձայնության որևէ ցուցիչ չեմ տեսնում հայկական դիրքորոշման մեջ:

– ԵԱՏՄ-ից Հայաստանին հեռացնելու, գազի սակագինը բարձրացնելու վերաբերյալ ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել:

– Երկու սցենարն էլ կարող են իրականություն դառնալ, բայց պետք է հասկանալ, թե դա ի՛նչ կտա Ռուսաստանին: Եթե Ռուսաստանը գնա այս քայլերին, ապա կկորցնի Հայաստանին ճնշելու վերջին լծակները, իրենք ինչո՞ւ են ամբողջ օրն այս մասին խոսում, որովհետև իրենց ձեռքին մնացել են Հայաստանին ճնշելու լրջագույն լծակներից այս երկուսը:

Եթե այս երկուսն էլ օգտագործեն՝ այլևս ճնշելու լծակ չեն ունենա, որովհետև ռազմաքաղաքական լծակները Ռուսաստանը կորցրել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, երբ թույլ տվեցին, որ Ադրբեջանն Արցախը գրավի ու հարձակվի Ջերմուկի վրա: Այո՛, Հայաստանը որոշ ժամանակ դժվարություն կունենա, եթե Ռուսաստանը գնա այս քայլերին, բա հետո՞, դա ողջամիտ չէ, ու ես չեմ կարծում, որ իրենք այդ քայլին կգնան:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am