«Մարմինն ամբողջովին վնասված էր, միայն սրտին բան չէր եղել, սրտի՝ «Անահիտ» դաջվածքով էլ ճանաչել էին իրեն»․ պատմություն սիրո և պատերազմի մասին

Արցախյան վերջին պատերազմում ամուսնուն՝ 25-ամյա Թաթուլ Հակոբյանին, կորցնելուց հետո 25-ամյա Անահիտ Ալեքսանյանն ասում է՝ միակ նպատակը 2 տարեկան որդու՝ Մոնթեի համար առավելագույնն անելն է։ Եթե ինքն էլ սկսի չապրել, երեխան չի դիմանա, որովհետև հոր բացակայությունն արդեն իսկ շատ է զգում։ 

«Թաթուլի հետ սովորել ենք Հրազդան քաղաքի դպրոցներից մեկում։ Սկզբում տարբեր դասարաններում էինք, բայց ինձ հավանելուց հետո տեղափոխվեց իմ դասարան, իսկ ես իրան չէի հավանում։ Չկար մեկը, որ իմ կամ քուրիկներիս խաթրին կպներ, Թաթուլն անմիջապես հասնում էր։ Մերոնց հետ շատ մոտ էր, գալիս էր, ժամերով նստում, խոսում էին իրար հետ»,- ժպիտով հիշում է Անահիտն ու հավելում՝ 7 տարի չի ուզել Թաթուլին, բայց վերջինս ոչ մի կերպ «չէր հանձնվում»։

Թաթուլն ու Անահիտը սկսել են ընկերություն անել, երբ Թաթուլը բանակից եկել է։ Անահիտի խոսքով՝ մի օր իրենց բարեկամներից մեկը հարցրել է, թե ինչի՞ չի ուզում Թաթուլին։ Ասում է՝ ինքն այդ օրը հասկացավ, որ պատճառ չունի Թաթուլին չուզելու, մտածեց՝ էլ ո՞վ պիտի լինի, որ էսքանից ավել անի իր համար, կամ ո՞վ Թաթուլի չափ նվիրված կլինի։

««Ես քեզ սիրում եմ»-ը պահել էի ծնունդիս օրն իրան ասելու համար, մինչև էդ իրան չէի ասել։ Էդ օրն ինքն ասեց՝ սիրում եմ քեզ, ասեցի՝ ես էլ քեզ։ Երկուսս էլ երջանկությունից կտրվել էինք գետնից, վերջում էլ մատանիով ընկերության պաշտոնական առաջարկ արեց, ավելի ուշ՝ ամուսնության առաջակություն՝ Արագածի գագաթին»,- ասում է Անահիտն ու ցավով նշում՝ 7 տարի իրեն ուզեց, 3 տարի չհասցրին միասին ապրել։

Թաթուլը նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից էր։ Որպես կամավոր էր մեկնել մարտի դաշտ, իսկ գալուց հետո վերջնականապես որոշել էր՝ պիտի զինվորական դառնար։ Կնոջ խոսքով՝ նույնիսկ դպրոցական տարիքում էր զինվորական դառնալու երազանքը փայփայում, բայց կարող էր, օրինակ, հրաշալի դիվանագետ դառնալ՝ շատ խելացի էր և հատկապես պատմություն հոյակապ գիտեր։

«2018 թվականին, երբ արդեն ամուսնացած էինք, հետախույզ դարձավ: Ես դեմ էի ու շատ էի համոզում, որ նման բան չաներ, բայց ինքն ինձ չլսեց։ Սիրիայում խաղաղապահ առաքելություն իրականացնելուց հետո, երբ արդեն Մոնթեն էլ էր ծնվել, խնդրում էի, որ դուրս գար էդ գործից, որովհետև մենք կարոտով ու վախով էինք ապրում։ Ինքը մինչև մի հատ անցում էր անում Ադրբեջան, գալիս էր, ես մեռնում էի, ու նույնիսկ որ զորավարժություն էլ լիներ, մտածում էի, որ անցում ա, ամեն գնալուց էլ ոսկի մատանին ու վզի ցեպը հանում էր, ասում էր՝ որ չգամ, էս քեզ պետք կգան։

Մի օր էլի ասեցի՝ խնդրում եմ, դու՛րս արի, ասեց՝ Ա՛ն, եղե՞լ ա, որ ես քո ցանկությունների ու երազանքների վրա արգելք դնեմ, դու էլ իմ նպատակների ու երազանքների վրա արգելք մի՛ դիր։ Ես հասկացա, որ էդ մարդը դրանով ապրում ա, էդ իրա կյանքի իմաստն ա»։

Պատերազմ սկսվելու նախորդ օրը Թաթուլը տնից գնացել էր, իսկ առավոտյան Անահիտը համացանցից է իմացել, որ պատերազմ է ու անմիջապես զանգել է ամուսնուն։

«Զանգեցի, ասեցի՝ Թա՛թ, պատերա՞զմ ա, ասեց՝ հա՛, հեսա գնում ենք սաղին սպանենք, գանք, շատ լավ ա լինելու, հաղթելու ենք… Ավելի ուշ հարցրի՝ իրիկունը գալու ես, չէ՞, տուն, ասեց՝ ո՞նց գամ, պատերազմ ա… Էդ օրվանից ես դարձա անկողնային հիվանդ։ Ես իրոք չեմ կարա ասեմ, թե ինչերի միջով եմ անցել էդ շրջանում՝ ոչ ուտել էի ուզում, ոչ շփվում էի մարդկանց հետ, փակվում էի սենյակում ու առավոտից իրիկուն լուրերն էի թերթում, հենց մի բան լինում էր, զանգում էի Թաթուլին։ Տենց պատերազմի ամբողջ ընթացքն անցանք, իսկ հոկտեմբերի 19-ին արդեն էդ լուրը եկավ»,- պատմում է Անահիտն ու հավելում՝ 19-ի առավոտ սովորականի պես խոսել է Թաթուլի հետ, իսկ գիշերը՝ հաղորդագրություն ստացել։

«Գրել էր՝ ես քեզ կյանքիցս շատ եմ սիրում, դուք իմ հրեշտակներն եք, Մոնթեին իմ տղա կմեծացնես»,- հիշում է կինն ու նշում՝ դրանից հետո Թաթուլն անհասանելի է դարձել, իսկ ինքը սկսել է փնտրել նրան բոլոր հնարավոր ու անհնար տեղերում, մինչև ամսի 20-ին իմացավ չարաբաստիկ լուրը։ 

Հոկտեմբերի 18-ին Թաթուլենց 300 հոգանոց ջոկատը հատուկ գործողության առաջադրանք է ստանում՝ պիտի տղաներին հանեին շրջափակումից։ Առաջադրանքից հետ գալու հավանականությունը շատ քիչ էր, այդ պատճառով առաջադրանքին գնալու որոշումը տղաները պիտի կամավոր կայացնեին։ Թաթուլն առաջինն էր, որ համաձայնել է կատարել այդ առաջադրանքը, նրան են միացել նաև 7 ընկերները։ Սակայն առաջադրանքը չկատարվեց, իսկ Թաթուլը զոհվեց այնտեղ գնալու ճանապարհին՝ ԱԹՍ-ի հարվածից։ Կինն ասում է՝ մարմինն ամբողջովին վնասված է եղել, միայն սրտին բան չի եղել, և հենց սրտի վրայի դաջվածքով էլ ճանաչել են նրան։ 

«Միշտ ասում էր՝ կարևորը սիրտն ա, դու կլինես սրտիս վրա, չես թողի, որ բան լինի, ու գնացել իմ անունն էր դաջել սրտին։ Ես էլ որ աղոթում էի, ասում էի՝ սիրտը պահի, կարևորը սիրտն ա, բայց, դե, փաստորեն կարևորը սիրտը չէր»,- պատմում է Անահիտն ու հավելում՝ իրեն վերջինն են ասել Թաթուլի զոհվելու մասին, վախենում էին, որ առողջական վիճակն ավելի ծանր կդառնար։

«Պատերազմից առաջ Թաթուլն ինձ տարել էր իմ հայրական տուն, 19-ի գիշերը մամայիս ասում էի՝ ինձ տարեք Թաթուլենց տուն, մամաս ասում էր՝ սպասի լույսը բացվի՝ նոր, ամոթ ա, որ հիմա գնաս, իսկ իրականում ուղղակի ժամանակ էր ձգում։ Ամբողջ գիշեր ծնկած լացելով աղոթել եմ, ասում էի՝ Աստվա՛ծ ջան, մենակ բեր, թող ոտք, ձեռք չունենա, ես կպահեմ, ինչ վիճակում էլ լինի։ Առավոտվա ժամը 9-ի կողմերն էր, գնացինք Թաթուլենց տուն, հենց մտա, տեսա, որ շենքի մուտքում լույս է վառվում, միանգամից ամեն ինչ հասկացա, ուշաթափվեցի, իսկ երբ արթնացա, էլ չէի խոսում»։ 

Դեպքից հետո Անահիտը գրեթե մեկ ու կես ամիս չի խոսել։ Իր խոսքով՝ ապրել է ինչպես մահացածը։ 

«Միշտ դեղերի ազդեցության տակ եմ եղել, ուշքի էի գալիս, էլի ուշաթափվում էի ամեն հիշեցնող բանից, ոչ հոգեհանգիստ, ոչ մի բան չեմ հիշում։ Ինձ սրսկում էին, որ քնեմ, որովհետև ցնցումների մեջ էի ընկնում, նույնիսկ պահի տակ վերջույթներս էին անզգայանում՝ ոչ կարողանում էի քայլել, ոչ շարժվել։ Այդ ընթացքում իմ հետ տարբեր հոգեբաններ էին աշխատում, որ խոսալու ունակությունս վերականգնվի»,- ասում է Անահիտն ու հավելում՝ հոգեբանները գալիս էին իրեն հույս տալու, բայց ինքն ավելի էր հասկանում, որ հույս չկա։ 

Ասում է՝ հենց այդ ժամանակ էլ որոշել է գրել «Թիկունքում» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին։ Գիրքը Թաթուլի, իրենց սիրո ու պատերազմի մասին է։ Այն գրելու մասին Անահիտն առաջին անգամ հայտնել է իր հետ աշխատող հոգեբանին։ Հիշում է՝ հոգեբանը կարծել էր, թե գժվել է։

«Թաթուլն ինձ մի օր ասեց՝ Ա՛ն, ես ուզում եմ նենց մեռնեմ, որ իմ մասին գրքերում գրեն, որ Մոնթեն պատմության գրքերում ինձ տեսնի ու ասի՝ իմ պապան ա։ Էդ խոսակցությունը մեջս տպավորվել էր, ու էդ օրերին երբ հիշեցի, որոշեցի գիրք գրեմ։ 

Ծայրահեղ ծանր վիճակում եմ գրել գիրքը, ընթացքում ուշաթափվել եմ։ Մի նախադասություն գրել եմ, հետո՝ ժամերով լացել, մի տարի ամեն անգամ գիրքը բացելուց մահացել եմ ու նորից հետ եմ եկել, բայց վերջապես գրեցի։ 

Էդ գրքում մեր ամբողջ պատմությունն ա, մի կողմից ցույց եմ տալիս խիստ Թաթուլին, որից մարդիկ վախենում էին, մյուս կողմից՝ էն Թաթուլին, որի հետ տանը կարող էինք անել աշխարհի խենթությունները։ 

Ես ուզում եմ, որ մեր պատմությունը, մեր սերը, Թաթուլն ու ես դառնանք օրինակ բոլոր երիտասարդների համար»,- ասում է Անահիտն ու հավելում՝ ամենաբարդը հիմա Մոնթեի հետ է, երեխան սկսել է ամեն ինչ հասկանալ։ 

«Երեխուն 6 ամիս մերոնք են նայել, վիճակս էնքան վատ էր, որ Մոնթեն աչքիս առաջ ընկնում էր, ես ուղղակի նայում էի, տեղիցս էլ չէի շարժվում։ Մենակ հիշում եմ, որ Թաթուլի առիթներից մեկի ժամանակ զինվորականներ էին եկել տուն, Մոնթեն սկսել էր էդ մարդկանց շորերը քաշքշել, հետո էդ տղերքը իրանց գալուց վատ զգացին, ասեցին՝ բա, կներե՛ք, որ համազգեստով ենք եկել։ Բոլորը մտածել էին, որ Մոնթեն զինվորական շորը չէր սիրում, բայց ես միանգամից հասկացա, որ Մոնթեն մտածել էր, որ իրա պապայի շորերը ուրիշն էր հագել, դրա համար քաշում էր, ասում էր՝ հանեք։ 

Անցած անգամ էլ փողոցում մի փոքր երեխա հոր հետ քայլում էր, էդ երեխեն ասեց՝ պապա՛, արի գնանք, ինձ կոնֆետ առ, Մոնթեն վազեց, էդ մարդու ձեռքը բռնեց, տարել եմ, ասում եմ՝ ինչ ուզում ես, քո համար կառնեմ, մենակ էլ տենց բան չանես, Մոնթե՛, բայց հասկանում եմ, որ երեխեն կարոտում ա։ Երեխեն «պապա» ասելով ա ման գալիս, գիրքն էլ ձեռքից չի դնում, որովհետև վրան իրա ու Թաթուլի նկարն ա․․․ Բարդ ա, բայց պիտի փորձեմ ապրել ու մեծացնել Մոնթեին»,- ասում է Անահիտը։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am