«Գործող իշխանությունը շատ արագ կհեռանա, եթե երկրում ձևավորվի կրեատիվ, ռացիոնալ ընդդիմություն». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը 

Պարո՛ն Սուրենյանց, խորհրդարանական ընդդիմության երեկվա հանրահավաքն ինչպե՞ս կբնութագրեք, ընդդիմությունն այս ընթացքում փոխե՞լ է իր մարտավարությունը, թե՞ այն նույնն է, ինչ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո էր:

– Մասնակիցների թիվը համարում եմ բավարար, իմ գնահատմամբ՝ 10-12 հազար մարդ կար հրապարակում, մյուս կողմից՝ սա գործող խորհրդարանական ընդդիմության փողոցային ակտիվության առավելագույն ցուցիչն է, այսինքն՝ չտեսա, որ հանրային կամ քաղաքական նոր խմբեր միացած լինեն գործընթացին: Այս հանրահավաքից հետո չենք կարող արձանագրել, որ Հայաստանում որակապես նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել, կամ որ քաղաքական ճգնաժամ կա:

Այո՛, հանրահավաքին կար մարդաշատություն, բայց դա որակապես քաղաքական իրավիճակի վրա չի ազդում: Ընդդիմության բառամթերքը մնացել է նույնը, ըստ էության լսեցինք հայ-թուրքական, հայ-ադրբեջանական երկխոսության մերժում, իհարկե, շեշտադրումներ արվում էին, որ այս-այս պայմանների դեպքում կողմ ենք, բայց նշվում էին այնպիսի պայմաններ, որ պարզ է՝ դրանք չեզոքացնելու են երկխոսությունը: Այսինքն՝ լսեցինք մերժում, առանց այլընտրանքային առաջարկությունների, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ հանրահավաքային այս հարթակը զարգացման պոտենցիալ չունի, որովհետև այդ քաղաքական ուժերն իրենց մարտավարությունը որևէ կերպ չեն վերանայել:

– Այսինքն՝ եթե ընդդիմությունը նույն մարտավարությամբ շարունակի փողոցային պայքարը, հաջողության չի՞ հասնի:

– Եկեք երկու բան արձանագրենք. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ըստ էության, քաղաքական բովանդակային հարթության մեջ սպառված է և վաղ թե ուշ հեռանալու է: Դա բազմաթիվ գործոնների հետ է կապված՝ ներքին, արտաքին, բայց այդ հարցում գործող խորհրդարանական ընդդիմությունը որևէ դերակատարություն չի ունենալու, հակառակը՝ իր ոչ արդյունավետ վարքագծով արհեստական շնչառություն է հաղորդում Փաշինյանի իշխանությանը: Գործող իշխանությունը շատ արագ կհեռանա, եթե երկրում ձևավորվի կրեատիվ, ռացիոնալ ընդդիմություն:

– Պարո՛ն Սուրենյանց, ինչո՞ւ այդ հանրահավաքին ներկա չէր երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանը, և Սերժ Սարգսյանի ներկայությունն ինչպե՞ս եք գնահատում:

 – Ես հակված եմ հավատալու այն պատճառին, որ երկրորդ նախագահի գրասենյակը տարածել էր, որ վնասվածք է ստացել, բայց սա էլ խոսում է Քոչարյանի արժեքային համակարգի մասին: Ամբողջ օրը խոսում են հայրենիքի փրկության մասին, բայց պարզվում է, որ այդ ընթացքում իրենց առաջնորդն այնքան ազատ ժամանակ ունի, որ իրեն կարող է ռելաքսի տալ:

Սերժ Սարգսյանի ներկա լինելու փաստի մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում, ինձ զարմացնում է, որ հանրապետականները երեկ այդ փաստին առանձնապես մեծ կարևորություն տվեցին: Իրենց է պետք, որ Սերժ Սարգսյանը ներկայանա հասարակությանը ու փորձի վերականգնել իր նկատմամբ վստահությունը կամ չեզոքացնել այն հակավարկանիշը, որն իր հանդեպ կա:

– Կկարողանա՞ դա անել երրորդ նախագահը:

– Երկրորդ և երրորդ նախագահների քաղաքական ռեստավրացիաների հեռանկարին չեմ հավատում՝ անկախ հանգամանքից, որ նրանց սատարած քաղաքական ուժերն այսօր խորհրդարանում են: Նրանք խորհրդարանում են, որովհետև գործ ունենք ապաշնորհ իշխանության հետ: Դարձյալ պնդեմ մի քանի անգամ ասած իմ թեզը, որ Նիկոլ Փաշինյանն ու երկրորդ և երրորդ նախագահները դաշնակիցներ են, մեկը մյուսին օգնում են ներքաղաքական կյանքում իրենց կենսունակությունը պահպանելու համար:

– Ըստ ձեզ՝ ընդդիմությունը երեկվա հանրահավաքը կազմակերպելով ի՞նչ հիմնական նպատակ էր հետապնդում և արդյոք կարողացա՞վ հասնել դրան:

– Հստակ է, որ նրանք գործողությունների կոնկրետ ծրագիր չունեն և հետևում են այն իրադարձություններին, որոնք ծավալվում են, ու դրանց համատեքստում փորձում են իրենց վարքագիծը դրսևորել:

Երեկվա հանրահավաքը փորձ էր վերականգնելու հանրային վստահությունը, ու մարդաշատությունը թույլ է տալիս ենթադրելու, որ նրանք որոշակի թվով կողմնակիցներ ունեն, բայց այդ կողմնակիցներին կոնսոլիդացնելու խնդիր ունեն, ու դա դժվար կլինի անել, որովհետև չունեն գործողությունների ծրագիր, այլընտրանքային քաղաքական օրակարգ, իսկ այդ պարագայում, փորձը ցույց է տալիս, որ ընդդիմադիր ձևաչափերը շատ արագ հայտնվում են ճգնաժամի մեջ:

– Պարո՛ն Սուրենյանց, ասում եք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը վաղ թե ուշ լինելու է, և դրանում ընդդիմությունը չի ունենա իր ներդրումը: Կմանրամասնեք, թե ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված գործող իշխանության հեռացումը:

– Նիկոլ Փաշինյանը բացառիկ շանս ուներ մնալու պատմության մեջ՝ որպես ղեկավար, որը կարողացել է լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, եթե ադեկվատ գործիչ լիներ՝ հեղափոխության հաղթանակից հետո իր բարձր վարկանիշի պայմաններում այդ խնդիրը կլուծեր՝ արժանապատիվ խաղաղության օրակարգով և փոխադարձ զիջումների հիմքով:

Բայց նա, կարծես թե, ամեն ինչ արեց լիգիտիմացնելու համար Ադրբեջանի ռազմատենչ օրակարգը, ձախողեց նաև պատերազմը, որից հետո էլ փոխակերպում ապրեց, այսինքն՝ ոչմիթիզականից դարձավ խաղաղության դարաշրջանի օրակարգի կրող, որն ավելի շատ նման է կարգախոսի, քանի որ զուրկ է բովանդակությունից ու հստակ տեսլականից:

Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող սպասարկել նաև մեր երկրի համար այդքան անհրաժեշտ օրակարգը: Երբ Նիկոլ Փաշինյանը կտապալի նաև խաղաղության օրակարգը, հենց այդ ժամանակ էլ իշխանության ճգնաժամը կդառնա ակնհայտ, այսինքն՝ նա ոչ միայն երկրի ներսում չի ունենա աջակցություն, այլև կկորցնի միջազգային գործընկերների վստահությունը:

Այս ամենը ու նաև այն, որ, իմ կարծիքով, առաջիկա ամիսներին Հայաստանում կձևավորվի առավել ռացիոնալ օրակարգ, կնպաստեն նրան, որ կարագանա Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման գործընթացը:

– Այսինքն՝ որ խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքարի ճանապարհով կկարողանա հեռացնել գործող իշխանությանը, իրատեսական չե՞ք համարում:

– Ո՛չ, ո՛չ, որովհետև մինչև խորհրդարանական ընտրություններն նրանք տապալել էին փողոցով իշխանության հասնելու օրակարգը, այդ նույն օրակարգը տապալեցին խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ: Ընտրություններից հետո պետք է գիտակցեին, որ բլից-կրիգային իշխանափոխության սցենարը սպառված է, և ավելի երկարաժամկետ քաղաքական գործընթաց գեներացնելու համար ստեղծեին անհրաժեշտ գործիքակազմ:

Երեկվա հանրահավաքը ցույց տվեց, որ նրանք այդպիսի գործիքակազմ չեն ստեղծել ու ապավինում են այն նույն գործիքներին ու մարտավարությանը, որով երկու անգամ պարտվել են:

Ինչո՞ւ ընդդիմությունը հենց այս փուլում սկսեց ակտիվ պայքարն իշխանության դեմ, համակարծի՞ք եք հնչող տեսակետներին, որ Ռուսաստանից համապատասխան ազդակներ են ստացել:

– Պարտադիր չէ ազդակ ստանար: Կարծում եմ՝ Ռուսաստանը հիմա այնքան զբաղված է, որ, մեղմ ասած, մեր ընդդիմության ժամանակը չունի: Ուղղակի, քանի որ հանդիպումը տեղի էր ունենալու Բրյուսելում, ընդդիմությանը գուցե թվացել է, որ եթե այդ հանդիպումից առաջ ակտիվություն ցուցաբերեն, այդ քայլը կարող է դրական ընկալվել Մոսկվայում:

Այսինքն՝ ես դա դիտում եմ ոչ թե Մոսկվայից եկած հրահանգ, այլ ընդդիմության նախաձեռնությունը, որն իր կարծիքով՝ կշահի Մոսկվայի բարեհաճությունը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am