Կնվազեցվի անհատ ձեռնարկատերերի ֆինանսական պարտավորությունների չափը

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ին քննարկեց պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արտակ Մանուկյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այդ մասին հայտնում են ԱԺ պաշտոնական կայքից։

Գեւորգ Պապոյանը տեղեկացրեց, որ ներկայացված լրամշակված տարբերակում փոփոխվել են անհատ ձեռնարկատերերի համար դրոշմանիշային վճարի սահմանված տարեկան գումարի չափերը:

Նախկինում մինչեւ 1,2 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում տարեկան վճարում էին 18 000 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է 18 000 դրամ վճարել մինչեւ 2,4 մլն հաշվարկման բազայի դեպքում:

2,4-6 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում առաջարկվում է 66 000 դրամի փոխարեն սահմանել 24 000 դրամ: 6-12 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում գործող կարգավորմամբ նախատեսված էր 102 000 դրամ, նախագծով առաջարկվում է սահմանել 48 000 դրամ: 12 մլն դրամ եւ ավելի գումարի դեպքում նախատեսված 180 000 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 12 000 դրամ:

Մանրամասն ներկայացնելով փոփոխությունները՝ Գեւորգ Պապոյանը նշեց, որ օրենսդրական նախագիծն ընդունելու արդյունքում էականորեն կնվազեցվի անհատ ձեռնարկատերերի ֆինանսական պարտավորությունների չափը:

Հարակից զեկուցող Հայկ Կոնջորյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով որոշակիորեն կմեղմվի ցածր եւ միջին աշխատավարձ ստացող քաղաքացիների եւ անհատ ձեռնարկատերերի վրա ընկնող ֆինանսական բեռը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ նախագծի վերաբերյալ գործադիրը սկզբունքային առարկություններ չունի:

Հանձնաժողովը նախագծին տվեց դրական եզրակացություն:

Պատգամավորներ Արթուր Դավթյանի, Ալեն Սիմոնյանի հեղինակած «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» օրենսդրական նախագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ երկամսյա ժամկետով: