Փաշինյանը նախ հիշեցրեց, որ Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը Հայաստանում քրեական հանցագործություն է։
«Ցեղասպանության փաստը անքննելի է և անժխտելի, ընդհանրապես զարմանալ կարելի է, թե ինչպես որևէ մեկին կարելի է մեղադրել Ցեղասպանությունը ուրանալու մեջ, երբ որ նա երևույթի մասին խոսելիս ասում է Ցեղասպանություն։ Խոսքը լրիվ ուրիշ բանի մասին է, որ Ցեղասպանությունը արդյոք մեզ չպե՞տք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհը ընկալելու մեր բանաձևերին»։
Այդ մասին հունվարի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա շարունակեց, թե հնարավոր է իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, այսօր ևս ճշգրիտ չենք ընկալում։ «Մենք անընդհատ խոսում ենք ու ճիշտ ենք անում, պիտի խոսենք Մեծ Եղեռնի մասին, բայց մեր իրականության մեջ ընկալված է երիտթուրքերի և Հայ հեղափոխական դաշնակցության հարաբերությունների հարցը։ Մենք դրանց պե՞տք է անդրադառնանք, հասկանանք», – իր խոսքերը պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:



















