Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. Միրզոյան

Կարողացանք ստորագրել մի փաստաթուղթ, որով մեր հարաբերությունները բարձրացրինք նոր մակարդակի։ Այդ մասին Արարատ Միրզոյանը հայտարարեց Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Հայաստանը և Լիտվան այս պահից ռազմավարական գործընկերներ են։ Այս ձևաչափը մեզ հնարավորություն կտա խորացնելու ինչպես քաղաքական երկխոսությունը, այնպես էլ համագործակցությունը, ինչպես նաև առավել համապարփակ մոտենալու ոլորտային համագործակցությանը»,- ասաց նա։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ կողմերը քննարկել են տնտեսական համագործակցության հեռանկարները՝ հատկապես ՏՏ-ի, արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում։ Նրա խոսքով՝ կան ոլորտներ, որտեղ Լիտվան հարուստ փորձ ունի, և ոլորտներ, որտեղ Հայաստանն ունի որոշակի գիտելիքներ ու փորձ, ուստի կողմերը պայմանավորվել են փոխադարձաբար օգտակար լինել միմյանց։

Արարատ Միրզոյանը նաև նշեց, որ Հայաստանը երախտապարտ է լիտվացի գործընկերներին՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հարցում ցուցաբերված մեծ աջակցության համար։