Մարմարաշեն գյուղի 17-ամյա բնակիչը կալանավորվել է՝ 21-ամյա երիտասարդի սպանության համար

Հեղինակ MediaLab

2020թ. մայիսի 27-ին՝ ժամը 21:15-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի 21-ամյա բնակչի դին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2020թ. մայիսի 27-ին՝ ժամը 18:00-ից մինչև 20:30-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Մարմարաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող ֆուտբոլի խաղադաշտում, համագյուղացիների և Վահրամաբերդ գյուղի  երիտասարդների հետ ֆուտբոլ խաղալու ժամանակ, խաղի կանոները խախտելու հետ կապված  թիմերի միջև առաջացած բանավեճի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու առիթով,  նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, Մարմարաշեն գյուղի 17-ամյա բնակիչը և խաղադաշտ ժամանած 21-ամյա երիտասարդն առանձնացել են մյուսներից ֆուտբոլի դաշտին հարակից գտնվող դպրոցի մոտակայքում:

Զրույցի ընթացքում, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Մարմարաշեն գյուղի 17-ամյա բնակիչը բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել 21-ամյա երիտասարդի գլխի տարբեր հատվածներին, այնուհետև գցել է գետնին, կռացել վերջինիս վրա և դարձյալ շարունակել է հարվածներ հասցնել նրա գլխին: Դրանից հետո խաղադաշտ ժամանած համագյուղացին օգնության է հասել՝ վերջինիս «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության տեղափոխելու, սակայն 21-ամյա երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Մարմարաշեն գյուղի 17-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։