«Ասկերանում գրեթե նույն իրավիճակն է, ոչինչ չի փոխվել, տարհանվածները դեռ գյուղեր չեն վերադարձել». Անահիտ Պետրոսյան

Լուսանկարը՝ ՍպուտնիկԱրմենիա-ի

Մարտի 24-ից Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ գյուղերից տարհանված շուրջ 200 կանայք և երեխաները դեռ գյուղ չեն վերադարձել: Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանը «Մեդիալաբին» ասում է, որ շրջանում գրեթե նույն իրավիճակն է, ինչ օրեր առաջ էր:

«Ասկերանում լարվածությունը շարունակվում է, գրեթե նույն իրավիճակն է, ոչինչ չի փոխվել, տարհանվածները դեռ գյուղ չեն վերադարձել: Սպասում են վիճակն ավելի կայունանա, որ նոր վերադառնան իրենց գյուղերը: Չնայած ստեղծված դրությանը՝ գյուղի տղամարդիկ շարունակում են զբաղվել իրենց գործերով ու չլքել գյուղը»,- ասում է Անահիտ Պետրոսյանը ու նշում, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Փառուխից ու Խրամորթից տարհանվել են միայն կանայք ու երեխաները:

Վարչակազմի ղեկավարի օգնականը ադրբեջանական զորքի տեղաշարժի, քանակի ու այլնի մասին տեղեկություններ չտրամադրեց՝ նշելով, որ իրենք մանրամասներին չեն տիրապետում ու հետևում են միայն պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրություններին:

Անահիտ Պետրոսյանի խոսքով՝ տարհանված գյուղացիները տեղավորվել են այն բնակավայրերում, որտեղ բարեկամներ ունեն, այսինքն՝ Ստեփանակերտում ու շրջանի գյուղերում, իսկ նրանք, ովքեր բարեկամներ չունեն, պետության հոգածության ներքո են:

«Տարհանված ընտանիքներին օգնություն է տրամադրվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու Հայ օգնության միության կողմից: Հիմնականում նյութական օգնություն է տրամադրվում՝ բնակարան, դեղորայք, սնունդ ու հիգիենայի պարագաներ»,- ասում է շրջվարչակազմի ղեկավարի օգնականն ու նշում, որ ստեղծված վիճակի հետևանքով չի տուժել Փառուխի ու Խրամորթի դպրոցահասակ երեխաների կրթություն ստանալու իրավունքը. յուրաքանչյուրը հաճախում է տեղի դպրոց, որտեղ ժամանակավորապես հաստատվել են:

«Չնայած երեխաները հաճախում են դպրոց, բայց, միևնույն է, իրենց ուսուցիչներին ու դպրոցն են կարոտում: Խրամորթի երեխաները զանգել են իրենց դպրոցի տնօրենին ու ասել, որ «մեր դպրոցն ենք ուզում, ուզում ենք գանք գյուղ, մեր դպրոց գնանք»»,- ասում է Անահիտ Պետրոսյանն ու ընդգծում, որ իրավիճակի կայունացումից հետ, երբ կանայք ու երեխաները վերադառնան գյուղեր, դպրոցներն էլ կսկսեն իրենց աշխատանքները, իսկ այսօր արցախցիներին մնում է միայն սպասել, ու, ինչպես ասում է Պետրոսյանը, հուսալ, որ իրավիճակը շուտ ու հօգուտ մեզ կհանգուցալուծվի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am