«Գործատուները խուսափում են նախկինում դատապարտյալ անձանցից` դրդելով նրանց կրկնահանցագործությունների». Ռոբերտ Ռևազյան

«Գործատուները խուսափում են նախկինում դատապարտյալ անձանցից` դրդելով նրանց կրկնահանցագործությունների». Ռոբերտ Ռևազյան
«Գործատուները խուսափում են նախկինում դատապարտյալ անձանցից` դրդելով նրանց կրկնահանցագործությունների». Ռոբերտ Ռևազյան

«Մեդիալաբի»  հարցերին պատասխանում է փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

– Պարո՛ն Ռևազյան,  ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Արմեն Ղուկասյանը հայտարարեց, որ 581 համաներվածներից 30-ն արդեն հասցրել են այս ամիսների ընթացքում 42 նոր հանցագործություններ կատարել՝ ավազակություն, գողություն և այլն։ Համաներումից հետո այդպես հնարավոր չի լինում լուծել լուծել ազատության մեջ հայտնված անձանց խնդիրը, և հետևանքները լինում են շարունակվող հանցագործությունները։ Ի՞նչ մեխանիզմներով հնարավոր կլինի լուծել այդ անձանց ինտեգրման, զբաղվածության խնդիրները։

– Ընդհանրապես, ճիշտ եք հարցադրում անում, որովհետև երբ անձը դուրս է գալիս ազատազրկման վայրից և աշխատանք չունի, չի գտնում իր տեղը հասարակությունում, նորից կարող է բռնել հանցագործության ճանապարհը։ Այդ տեսանկյունից մենք շատ լուրջ անելիքներ ունենք։ Փաստացի նման ծառայություն, կարելի է ասել, չունենք, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում, այդ թվում՝ կրկնահանցագործությունների։

– Ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր այդ խնդրին լուծում տալ։

– Ընդհանրապես պետք է ավելացնել սոցիալական ծառայությունների դերը մեր հասարակությունում։ Առհասարակ, սոցիալական ծառայության դերը մեզանում չի գնահատվում։ Սոցիալական աշխատողները մեծ ճանաչում չունեն հասարակության կողմից իրենց գործունեության հետ կապված։ Այդ ծառայությունն իր մեջ պետք է պարունակի տարբեր բաղադրիչներ՝ սկսած ազատության նախապատրաստելուց, աշխատանք գտնելուց, վերջացրած բազմաթիվ խնդիրների լուծումներով։

-Ընդհանրապես, որքանո՞վ բարդություններ կան այդ անձանց համար աշխատաշուկայում մրցունակ լինելու առումով։ Արդյոք մեր հասարակությունը պատրա՞ստ է ընդունել դատվածություն ունեցողներին աշխատանքի։

– Դատապարտյալ անձինք, անկախ նրանից՝ համաներված են, թե ոչ, հայտնվում են աշխատաշուկայում ռիսկային գոտում ։  Բոլոր գործատուները չէ, որ նրանց վստահում են և աշխատանք կտան։ Շատերը, իմանալով, որ անձը դատապարտված է եղել, խուսափում են աշխատանքային հարաբերություններ ունենալ այդպիսի անձանց հետ՝ մտածելով, որ կարող են ինչ-ինչ խնդիրներ առաջացնել։ Երբ նայում ենք իրականությանը, տեսնում ենք, որ անձի՝ ազատության մեջ հայտնվելուց հետո պետությունն իր ձեռքերը լվանում է և որևէ բան չի անում ազատության մեջ հայտնված անձի հետ կապված։ Դա կրկնահանցագործությունների առիթ է հանդիսացել, երբ այդ մարդիկ սոցիալական ծանր վիճակում են հայտնվել, չեն կարողացել վերաինտեգրվել հասարակությանը։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ պետությունն ստանձնի այդ անձանց հասարակության մեջ վերաինտեգրման կարևոր գործառույթը։

– Հայաստանում նոր իշխանություն է ձևավորվել, որքանո՞վ ձեր մատնանշած խնդիրները կլինեն քննարկման ու լուծումներ գտնելու առարկա։ Ինչպե՞ս եք  տեսնում այս խնդիրների լուծումը։

– Ես չեմ կարող կանխատեսել, թե իշխանություններն ինչ ուղղությամբ կգնան, բայց ուզում եմ ասել, որ առաջին հերթին պետք է խնդիրը գնահատել՝ հասկանալ, ո՛րն է դրա էությունը, և կամք է պետք խնդիրը լուծելու ուղղությամբ։ Արդյոք նոր իշխանությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի՞ խնդիրները լուծելու ուղղությամբ։ Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք դրա ականատեսը կլինենք։ Իհարկե, գուցե անհրաժեշտ լինի առանձին ծրագիր, նոր կարգավորումներ մշակել, հատուկ աշխատանք տանել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։

Իմ տեսակետը հետևյալն է. մենք ոչ թե պետք է պայքարենք հանցագործության հետքերը վերացնելու ուղղությամբ, այլ մեր խնդիրը պետք է լինի հանցագործությունը կանխարգելելը։ Թույլ չտանք, որ բանը հասնի հանցագործություն կատարելուն, և մտածենք, թե ինչպես վերացնենք այդ հանցագործության հետևանքները։

Առհասարակ, քաղաքականությունը պետք է տարվի այն ուղղությամբ, թե ինչպես անենք, որ հանցագործություն չլինի, կամ հնարավորինս նվազի հանցագործություն կատարողների թիվը։ Դա նաև ենթադրում է պատճառների ուսումնասիրություն, դրանց հաղթահարման մեխանիզմների մշակում։ Որքան էլ այդ ուղղությամբ ֆինանսներ ծախսենք, միևնույն է, մենք դրանից շահողի դերում ենք լինելու։ Էլ չեմ ասում, որ դա մարդկանց ճակատագրի հարց է։ Այս խնդրի լուծումը պետք է սկսել մանկապարտեզից։

– Հաջորդ խնդիրը բանտում մարդկանց զբաղվածության հարցն է։ Ինչպե՞ս է հնարավոր լուծել այն։

– Դա շատ կարևոր խնդիր է։ Զբաղվածությունը բազմաթիվ խնդիրներ կարող է լուծել՝ այդ անձանց ընտանիքների սոցիալական հարցերից սկսած։ Այսինքն՝ երբ ընտանիքի միակ կերակրողը հայտնվում է բանտում, նրա ընտանիքը հայտնվում է բավական ծանր սոցիալական վիճակում։ Եթե զբաղվածության խնդիրը լուծվի, այդ ընտանիքները նման պայմաններում չեն հայտնվի։ Անձը մասնագիտական հմտություններ կարող է ձեռք բերել։ Էլ չեմ ասում, որ եթե անձը պարապ է մնում, սկսում է արդեն բացասական գործունեությամբ զբաղվել, ոչ դրական մտքեր կարող է ունենալ։ Փակ տարածքում, ոչնչով չզբաղվող մարդու մոտ անառողջ մտքեր կարող են ձևավորվել, նյարդային համակարգը կարող է խախտվել և այլն։

Մանե Հարությունյան

MediaLab.am