Ագրեսիվ, պարփակված, նյարդային. Գաջեթը՝ երեխայի «ընկեր». երբ հեռախոսից օգտվելը վերածվում է կախվածության

Արմինե Սարգսյանի որդին 4 տարեկան էր, երբ տեղափոխվեցին Ռուսաստան: Մայրն ասում է՝ նոր միջավայր էր, երեխան ընկերներ չուներ, և այդ պահին երեխայի միակ «ընկերը» դարձավ հեռախոսը։

Նա նշում է, որ երեխայի կախվածությունը նկատեց, երբ որդին 5 տարեկան էր, հեռախոսից անբաժան տղան նյարդային ու ագրեսիվ դարձավ, սկսեցին հասակակիցների հետ շփումներում խնդիրներ ի հայտ գալ։ 

«Վատ ազդեցությունն ակնհայտ էր, ամբողջ օրը մուլտեր էր դիտում, հիմնականում՝ մարտական, ագրեսիվ խաղեր խաղում, նյարդային էր, ագրեսիվ»,- «Մեդիալաբին» պատմում է Սարգսյանը։

Արմինեն պատմում է, որ երբ տղան խաղ խաղալիս պարտվում է, սկսում է լարվել, նյարդայնանալ, բարկանալ և այնքան խաղալ, մինչև հաղթի։ Իսկ երբ տան անդամներից որևէ մեկը ինչ-որ հարցով դիմում է երեխային, զայրանում է և բղավելով ասում, որ խաղում է, իրեն չխանգարեն:

«Երբ գնում ենք զբոսնելու, անընդհատ ասում ա՝ մա՛մ, ե՞րբ ենք տուն գնալու, ուզում եմ խաղ խաղալ, խաղս կիսատ ա մնացել, պետք ա անպայման հիմա շարունակեմ։ Երբ ասում եմ՝ մեր ժամանակ ինտերնետ չկար, երեխաներն այլ հետաքրքրություններ ունեին, ասում է, որ ինքն իր կյանքը չի պատկերացնում առանց հեռախոսի»,- «Մեդիալաբին» պատմում է Արմինեն։ 

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի մանկավարժ-հոգեբան Անի Ապիտոնյանի դիտարկմամբ՝ գաջեթներից կախվածությունը ավելացել է հատկապես կարանտինի շրջանում, երբ բոլորը տանն էին և նստակյաց կյանք էին վարում։

«Ինչպես ցանկացած սովորություն, այնպես էլ գաջեթներից կախվածությունը սկսվում է հետաքրքրության առաջացմամբ, ապա խաղացողն անընդհատ նույն գործողությունը կատարելով՝ սկսում է հաճույք ստանալ, օրինակ՝ խաղ խաղալիս հաղթում է ու աստիճանաբար ընկղմվում է դրա մեջ՝ կտրվելով իրականությունից»,- «Մեդիալաբին» ասում է Ապիտոնյանը։ 

Ըստ հոգեբանի՝ երեխաների համար կախվածության գործոն է վիրտուալ աշխարհում ավելի հեշտ հաղթանակի հասնելը, քան իրական կյանքում, որովհետև խաղի մեջ գործողություններ առանձնապես չկան անելու։ 

Որպես կախվածության գործոն Անի Ապիտոնյանը նշում է նաև ինքնագնահատականի բարձրացումը, երբ դեռահասը համացանցում տեղադրում է, օրինակ՝ լուսանկար և շատ լայքեր հավաքում. սա կարող է նպաստել երեխայի ինքնագնահատականի ժամանակավոր բարձրացմանը, իսկ ավելի քիչ հավանումների դեպքում՝ դեռահասի ինքնագնահատականը կարող է նվազել, և նա, օրինակ՝ բարդութավորվի։

«Հետաքրքրությունների բացակայությունը ևս կարող է նպաստել կախվածության առաջացմանը։ Հաճախ նաև պատճառ է ծնողների անհետևողականությունը»,- գաջեթներից կախվածություն ձեռք բերելու պատճառներն է պարզաբանում մասնագետը։

Ըստ մասնագետի՝ կախվածության մասին է վկայում նաև այն, երբ երեխան անընդհատ օգտվում է սոցիալական որևէ ցանցից, հաճախակի բացում և հետևում է որևէ մեսինջերի կամ մեյլի հաղորդագրություններին։

«Հաճախ ծնողները թույլ են տալիս նախադպրոցական տարիքի երեխային օգտվել գաջեթից՝ մտածելով, որ նա կարող է այդպես, օրինակ՝ լեզու սովորել, և այս դեպքում, բացի կախվածությունից, երեխայի մոտ կարող են առաջանալ նաև լեզվական խնդիրներ»,- «Մեդիալաբին» ասում է Անի Ապիտոնյանը և հավելում, որ կախվածությունը կարող է հանգեցնել նաև հոգեբանական հետաճի։

Հոգեբանի պնդմամբ՝ համակարգչից, հեռախոսից կախվածությունը երեխայի մոտ կարող է առաջացնել ագրեսիվ վարք, միջավայրի հանդեպ անուշադրություն, ուսման նկատմամբ անտարբերություն, ֆիզիկական ցավեր, քանի որ երեխան անընդհատ նստում է նույն դիրքով, նաև՝ տեսողության խնդիրներ, լարվածություն՝ մեջքի կամ ոտքերի շրջանում, քնի խանգարում, տրամադրության փոփոխություններ և մի շարք այլ խնդիրներ։

Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2019 թվականին կատարած հետազոտության՝ աշխարհում 15-24 տարեկան երիտասարդների միջինը 70,6%-ն օգտվում էր համացանցից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է նաև, որ Հայաստանում առցանց բնակչությունը գնալով ավելի է երիտասարդանում, և համաձայն 2019 թ. տվյալների՝ մինչև 15 տարեկան երեխաների 54,1%-ն օգտվում էր համացանցից։ Այսօր ժամանակակից տեխնոլոգիաների ավելացմանը և զարգացմանը զուգընթաց ավելանում են նաև գաջեթներից առաջացող ազդեցությունները։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ գաջեթներից օգտվելը թույլ չի տալիս երեխաներին ընկալել մարդկային հույզերը, կարդալ մարդկանց դեմքի արտահայտությունը, սովորել մարդկային շփումն ու մարդկանց կարեկցելը: Իսկ գաջեթներից փոխանցվող ճառագայթումը վատթարացնում է հիշողությունը, բարձրացնում արյան ճնշումը և ժամանակից շուտ ծերացնում օրգանիզմը: Որոշ հետազոտությունների համաձայն էլ՝ տասը տարուց ավելի բջջային հեռախոսից օգտվող մարդկանց ուղեղն ավելի թույլ է պաշտպանված այնտեղ վնասակար նյութերի ներթափանցումից:

Մեկ այլ ծնողի՝ Անահիտ Պետրոսյանի խոսքով՝ իր 5-ամյա դուստրը ևս օրվա մեծ մասն անցկացնում է հեռախոսից օգտվելով, խաղեր խաղալով և մուլտֆիլմեր դիտելով։

«Հեռախոսով երեխան հիմնականում նայում է հայկական և ռուսական մի մուլտֆիլմ կա՝ «Նաստյա» է կոչվում։ Այն նայելուց հետո սկսում է կրկնօրինակել այդ մուլտհերոսուհու վարքը՝ կամակորություններ է անում, ագրեսիվ վարք ցուցաբերում, սեղանին դրվածը թափում հատակին կամ լաց լինելով՝ փորձում հասնել իր ուզածին»,- «Մեդիալաբին» պատմում է Անահիտը։

Անահիտի խոսքով՝ իրեն ոչ մի կերպ չի համոզվում երեխային կտրել հեռախոսից։

«Հաց ուտելիս անգամ հեռախոսը պետք է ձեռքին լինի, ես շատ եմ անհանգստանում և չեմ ուզում, որ իմ երեխան անընդհատ հեռախոսով զբաղվի։ Աղջիկս դեռ փոքր է, իսկ հեռախոսը հազար ու մի խնդիր կարող է առաջացնել»,- մտահոգվում է ծնողը։

Անահիտը կարծում է՝ եթե իրենց համայնքում մանկապարտեզ լիներ, ու երեխան հաճախեր, ապա կտեսներ, որ այնտեղ երեխաները հաց ուտելիս չեն զբաղվում հեռախոսով, ու ինքն էլ կսովորեր, որ այդպես ճիշտ չէ։

Մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանի խոսքով էլ՝ այժմ տեսակետ կա, որ գաջեթներից կախվածությունը այդքան էլ հիվանդություն չէ, այլ ժամանակակից իրավիճակ է, և մենք չենք կարող երեխաներին արգելել, որ նրանք չօգտվեն, պարզապես պետք է ունենանք որոշակի կոմպրոմիսներ։

Նրա պնդմամբ՝ երբ երեխան իր առօրյայում չի ստանում որոշակի հույզեր, զգացողություններ, ինֆորմացիա, տպավորություններ, սկսում է դրանք փնտրել վիրտուալ աշխարհում: 

«Յուրաքանչյուր տարիքային փուլում փնտրտուքը համացանցում տարբեր է. նախադպրոցական տարիքի երեխան այնտեղ փնտրում է գույներ, շարժվող պատկերներ, դպրոցահասակը ինքնահաստատվում է, որոշակի իրավիճակներ հաղթահարում, իրեն ասոցացնում է տարբեր հերոսների հետ և փորձում ձևավորել կերպարներ, օրինակ՝ սպանողի, վնասողի, հաղթողի, իսկ դեռահասության շրջանում՝ փնտրում է շփում, ինքնաճանաչում և ինքնահաստատում»,- «Մեդիալաբին» ասում է մասնագետը։

Հոգեբանը նշում է, եթե վաղ տարիքից սկսած ծնողը ինչ-որ չափաբաժնով երեխային ծանոթացնում է այդ աշխարհին, բնականաբար, երեխան որքան մեծանա, հեռախոսի նկատմամբ ցանկությունները և հետաքրքրություններն ավելանալու են։ 

Վիրտուալ աշխարհի պրոցեսների մեջ գտնվելով՝ երեխան կարող է նաև մերժել իրականությունը: 

«Այսօր երեխաները շատ հաճախ հետևում են արկածախնդիր բլոգերների, ովքեր տարբեր փորձարկումներ են անում, ասենք՝ թռիչքներ, իսկ երեխան կարող է հաշվի չառնել, որ դա կատարվում է, օրինակ՝ ինչ-որ էֆեկտներով կամ անիմացիոն միջոցներով ու փորձի ընդօրինակել»,- նկատում է հոգեբան Վարսի Սենեքերիմյանը։ 

Մասնագետի խոսքով՝ եթե նախադպրոցական տարիքի երեխայի խոսքը զարգացած չէ, ապա հեռախոսից երկարատև օգտվելու հետևանքով կարող է առաջանալ նաև վիրտուալ աուտիզմ։ 

«Երբ երեխան նոր է իջնում մոր գրկից ու սկսում ճանաչել աշխարհը, և նրան տրվի հեռախոս, ապա կարող է անհասկանալի կապ ստեղծվել հեռախոսի հետ, որը կխոչընդոտի երեխայի զարգացումը և կհանգեցնի այդ խնդրի առաջացմանը»,- նշում է Վարսի հոգեբանը։

Լիլիթ Մարտիրոսյանն էլ պատմում է, որ իր 3-ամյա դուստրը հեռախոսից կախվածություն ուներ մինչև մանկապարտեզ հաճախելը։ 

«Դստերս օգնեց մանկապարտեզը, այնտեղի խաղերը, բանաստեղծությունները, որոնք սովորում և գալիս է տուն ու ամբողջ օրը արտասանում»,- «Մեդիալաբին» ասում է Լիլիթ Մարտիրոսյանը։

Ծնողի խոսքով՝ երեխան նախկինում շատ էր մուլտֆիլմեր դիտում, որոնց հետևանքով ագրեսիվ վարք էր ցուցաբերում և կամակորություններ անում. «Չէր կարողանում ընդհանուր լեզու գտնել եղբոր հետ, խաղալիքներն անգամ չէր տալիս, որպեսզի միասին խաղային»։

Այսօր երեխան մանկապարտեզ հաճախելու շնորհիվ բավականին հանգիստ է դարձել, հասակակիցների հետ հաճույքով շփվում է՝ առանց ագրեսիայի և մտքով անգամ չի անցնում հեռախոսից օգտվել։ 

Հիմնական դպրոցի ուսուցչուհի Նվարդ Մարուքյանը «Մեդիալաբին» ասում է, որ համակարգչով և հեռախոսով տարվելը հանգեցնում է ծուլության, որովհետև երեխաները ցանկացած հարցի պատասխան՝ անգամ առանց մտածելու փորձում են գտնել համացանցում, սակայն եթե երեխաները համակարգիչը ճիշտ օգտագործեն, ապա այն ունի նաև դրական կողմեր:

«Ես բոլոր դասարաններում շաբաթը մեկ օր տրամադրում եմ մի աշակերտի, ով ներկայացնում է իր կարդացած գիրքը և խրախուսվում, ընդ որում՝ գիրքը համացանցով չի կարդում»,- ասում է մասնագետը և հավելում՝ նմանատիպ առաջադրանքները և՛ կկրթեն երեխաներին՝ նրանց շրջանում խթանելով ընթերցանությունը, և՛ կօգնեն, որպեսզի աշակերտը զերծ մնա հեռախոսից։

Հիմնական դպրոցի ուսուցչուհի Ասյա Մուրադյանը ևս պնդում է, որ գաջեթները երեխաների վրա ունենում են հիմնականում բացասական ազդեցություն:

«Այսօր երեխաների միջև կենդանի շփումն է պակասել, առավել անուշադիր են դարձել, ուշ են ընկալում նյութը և շուտ հոգնում»,- նկատում է Մուրադյանը։

Նա նշում է, որ, չնայած այդ ամենին՝ երեխաները համացանցի միջոցով նաև ինքնակրթվում են և բազմակողմանիորեն զարգանում, բայց այսօր այդպիսի երեխաները, ցավոք, շատ չեն։

Մասնագետը վստահեցնում է՝ թեև այս հարցում ուսուցիչները մեծ դեր ունեն, բայց ծնողները ևս պետք է հետևեն իրենց երեխաներին և սահմանափակեն երեխայի՝ համացանցից օգտվելու հնարավորությունները։

Մերի Մաթևոսյան

MediaLab.am