ԵԱՀԿ միջազգային փորձագետը կպատրաստի Հայաստանում դատախազության դերի եւ գործառույթների վերլուծություն

ԵԱՀԿ միջազգային փորձագետը կպատրաստի Հայաստանում դատախազության դերի եւ գործառույթների վերլուծություն
ԵԱՀԿ միջազգային փորձագետը կպատրաստի Հայաստանում դատախազության դերի եւ գործառույթների վերլուծություն

«Դատախազները առանցքային դեր են խաղում արդարադատության իրականացման եւ արդար դատավարության ապահովման գործում: Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը կխթանի քրեական արդարադատության բարեփոխումները ու կամրապնդի հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունը»,- այսօր հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը` ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ Հայաստանում դատախազության համակարգի բարեփոխումների ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո:

Ինչպես տեղեկացնում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից, համաձայնագրով` փոխըմբռնման հուշագրով ԵԱՀԿ-ն կաջակցի դատախազությանը համապատասխան օրենսդրությունը եւ դրա իրականացումը միջազգային  չափանիշներին լիարժեք համապատասխանեցնելու, ինչպես նաև դատախազության աշխատակիցների կարողությունները զարգացնելու հարցում:

Հուշագրով նաև նախատեսվում է բարեփոխումների գործընթացի անկախ գնահատում` առաջարկություններով եւ հետագա քայլեր դատախազության աշխատանքների արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու ուղղությամբ:

Իր հերթին Աղվան Հովսեփյանը հայտարարել է, թե Հայաստանի դատախազության համակարգը երեք անգամ ենթարկվել է բարեփոխումների:

«Վերջին բարեփոխման հիմքը դրվել է 2007 թվականին ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, որի կիրառման ընթացքում արդեն իսկ ի հայտ են եկել որոշ խնդիրներ, բացթողումներ, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ: Միջազգային փորձագետից ակնկալվում է ոչ միայն մասնագիտական կարծիք՝ կատարված բարեփոխումների վերաբերյալ, այլ նաեւ խորհրդատվություն՝  միջազգային փորձի հիման վրա  օրենսդրական դաշտը կատարելագործելու,  բարեփոխումները շարունակելու համար»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից նաեւ տեղեկացնում են, որ որպես առաջին քայլ` ԵԱՀԿ միջազգային փորձագետը կպատրաստի դատախազության դերի եւ գործառույթների վերլուծություն: Փորձագետը հաշվի կառնի եվրոպական համապատասխան չափանիշները եւ ԵԱՀԿ տարածաշրջանի լավագույն փորձը ու առաջարկություններ կկատարի, թե որ ոլորտների վրա պետք է ծրագիրը կենտրոնացած լինի:

© Medialab.am