«Ուրեմն մենք ա՞յդ աստիճանի ենք իջել, որ արձանը պետք է համախմբի». արքեպիսկոպոս Աջապահյան

 «Հայ ժողովրդի մեջ ի հայտ է եկել համախմբման նոր ինստիտուտ։ Հայ Առաքելական Եկեղեցին, որ 1700 տարի եղել է հայ ժողովրդի համախմբման միակ ինստիտուտը, ուրեմն ավարտե՞լ է իր այդ առաքելությունը, ու նոր ինստիտուտ է ի հայտ եկել, որը պետք է համախմբի՞ հայ ժողովրդին»,- արձագանքելով Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի հայտարարությանը՝ «Մեդիալաբին» ասում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մարտի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողովն անընդունելի էր համարել Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ՝ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը։

«Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը:

Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով»,- ասված էր Գերագույն հոգևոր խորհրդի որոշման մեջ։

Կարևորելով Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը, այնուամենայնիվ, վերահաստատում է, որ «Հիսուս Քրիստոսի արձան-համալիրը ճարտարապետական կոթող է, որը նպատակ ունի դառնալ միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ աշխարհի մարդկության համար»։

Սրբազանը, սակայն, այդ համոզման չէ, որ արձանը կարող է դառնալ միաբանության խորհրդանշան։

«Ինչպե՞ս կարող է արձանը համախմբել, ուրեմն մենք ա՞յդ աստիճանի ենք իջել, որ արձանը պետք է համախմբի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս պետք է մեզ համախմբի, բայց ոչ թե մեր Տիրոջ արձանը, դրանք տարբեր բաներ են։ Ուրեմն հայ ժողովուրդը այս 21-րդ լուսավոր դարում եկել հասել է այն գաղափարին, որ արձա՞նը պիտի իրեն համախմբի, այլ ոչ թե ինչ-որ մի կենդանի օրգանիզմ։ Քրիստոս կենդանի օրգանիզմ է ու ողջ է Հայ Եկեղեցով, այդ կենդանի օրգանիզմը թողած՝ ուզում ենք, որ ինչ-որ քա՞ր մեզ համախմբի, առաջ գնալու փոխարեն հե՞տ ենք գնում»,- «Մեդիալաբին» ասում է Սրբազանը։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով՝ եկեղեցուն հակադրվելն ունենալու է այն հետևանքները, որոնք ունեցել է վերջին հարյուր տարում, երբ Հայ Եկեղեցին ասել է մի բան, իսկ ժողովուրդն արել այլ բան։

Շիրակի թեմի առաջնորդը վերահաստատում է իր այն միտքը, որ «Ավելի լավ է քրիստոնյա լինել, Քրիստոսի արձանը ունենալ սրտի մեջ, քան սարի վրա դնել ու ապրել հակաքրիստոնեական կյանքով», ու նշում, որ ինքը դեմ է այս որոշմանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am