«Ավելի լավ է քրիստոնյա լինել, Քրիստոսի արձանը ունենալ սրտի մեջ, քան սարի վրա դնել ու ապրել հակաքրիստոնեական կյանքով». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը

– Սրբազա՛ն հայր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է Հայաստանի ամենաբարձրադիր վայրում Հիսուս Քրիստոսի 33-մետրանոց արձանը տեղադրելու մտադրության մասին, և այն նախագծելու համար հայտարարվել է մրցույթ: Ինչպե՞ս եք վերաբերվում նման ծրագրին:

– Չգիտեմ՝ ինչ ասեմ: Մեր եկեղեցին 1700 տարվա քրիստոնյա եկեղեցի է և արձաններ դնելու ավանդույթ, սովորույթ չունի:

– Դա կարող են անել մեծահարուստները…

– Չէ՛, մեծահարուստների հարց չէ, մենք միշտ էլ մեծահարուստներ ունեցել ենք, բայց արձան չենք դրել, որովհետև արձան դնել Հայ Եկեղեցու ավանդության մեջ չկա: Դա կաթոլիկ ավանդություն է: Հետևաբար մի բան, որ Հայ Եկեղեցուն հարիր չէ, հայ մտածողությանը հարիր չի, հայ մշակույթին հարիր չէ, ի՞նչ անենք: Բայց էն, ինչ ասում եմ, չի նշանակում, թե քրիստոնեության դեմ եմ ասում: Քրիստոսին 1700 տարի է՝ հետևում ենք, բայց արձան դնելով չէ, որ պետք է հետևենք, իր պատգամները կատարելով է, որ պետք է հետևենք:

Սա հերթական հայկական ինքնախաբեություն է՝ ցույց տալու աշխարհին, որ ինքը քրիստոնյա է՝ քրիստոնյա չլինելով:

– Այսինքն՝ սա հակաքրիստոնեական քա՞յլ է:

– Չէ՛, չէ՛: Ես ասում եմ՝ սա ավելորդ քայլ է, անիմաստ քայլ է՝ ցույց տալու համար, թե իբր մենք քրիստոնյա ենք, այն դեպքում, երբ քրիստոնյա չենք: Այդ քայլը նույնիսկ Հայ Եկեղեցու հետ հակասության մեջ չէ, ես պարզապես ասում եմ, որ Հայ Եկեղեցու ավանդության մեջ նման բան չկա, արձանաշինություն չկա:

Հիմա Կաթոլիկ Եկեղեցին դնում է արձաններ, դա Կաթոլիկ Եկեղեցու ավանդության մեջ է, և սխալ բան չկա այնտեղ: Այն, որ ամբողջ կաթոլիկ աշխարհը լեցուն է Քրիստոսի արձաններով, դրա մեջ սխալ բան չկա:

Մենք արձաններով չենք արտահայտել մեր հավատը: 1700 տարի մենք Քրիտոսի արձան չենք կերտել, որովհետև դրանով չէ, որ արտահայտել ենք մեր հավատը: Մենք մեր հավատն արտահայտել ենք Քրիստոսի պատգամները կատարելով, ոչ թե ինքներս մեզ խաբելով՝ ասելով, թե մենք քրիստոնյա ենք՝ Քրիստոսի չգիտեմ քանիմետրանոց արձանը դնելով:

Հիմա էլ ասում եմ՝ ավելի լավ է քրիստոնյա լինել, Քրիստոսի արձանը ունենալ սրտի մեջ, քան սարի վրա դնել ու ապրել հակաքրիստոնեական կյանքով:

– Այսինքն՝ դուք ակնարկում եք, որ Գագիկ Ծառուկյանը ավելի լավ է ապրի քրիստոնեավայել կյանքով, քան …

– Չէ, միայն իրեն չի ուղղված խոսքս, բոլորիս է ուղղված: Ավելի լավ է բոլորս լինենք քրիստոնյա, ապրենք քրիստոնեավայել կյանքով, այդ թվում՝ նաև Գագիկ Ծառուկյանը, և Քրիստոսի արձան չդնենք, քան թե Քրիստոսի արձան դնենք ու շարունակենք մեր անառակ կենցաղավարությունը: Այդ թվում՝ ես և Գագիկ Ծառուկյանը:

– Ստացվում է՝ չեք ողջունում այս քայլը:

– Ո՛չ, ինչո՞ւ պետք է ողջունեմ: Իհարկե չեմ ողջունում: Ոչ թե որ դա սխալ բան է ապրիորի, այլ որովհետև անիմաստ, ավելորդ բան է: Հասկանո՞ւմ եք: Մի բան, որ ավելորդ է, ինչո՞ւ պետք է ողջունեմ:

Օրինակ՝ ի՞նչ կարելի էր անել այդ գումարով:

– Հազար բան կարելի էր անել: Տեսեք, դուք` որպես հայկական ժամանակակից մտածողության կրող, մտածում եք միայն գումարի մասին: Մենք մտածում ենք հոգևոր ազդեցության մասին: Հոգևոր ազդեցություն թողնելո՞ւ է, թե՞ չի թողնելու: Մենք ասում ենք՝ չի թողնելու և նույնիսկ ավելորդ է:

– Ծառուկյանն ասում է` Քրիստոսի արձան կանգնեցնելը «հայ ժողովրդին վերածնունդ ու լույսի ճանապարհ ցուցանող բացառիկ ծրագիր է»:

– Ինչպե՞ս, այդ արձանաշինությունը երբվանի՞ց դարձավ լույս տանող ծրագիր: Ժամանակին այդպես էին մտածում նաև բոլշևիկները, որ ամեն տեղ բարձունքի վրա կանգնեցնում էին Լենինի ու Ստալինի արձանները: Է՛, ի՞նչ եղավ, հասա՞ն: Հիմա էլ կասեն՝ Քրիստոսին համեմատում է Լենինի, Ստալինի հետ: Հարցը դա չի, հարցն այն է, որ արձանը դնելով ի՞նչ է փոխվում մեր մեջ: Մեր մեջ մի բան փոխվո՞ւմ է:

Ավելի լավ է՝ մենք մեզ վերափոխենք և դրսից եկողը ոչ թե արձանը տեսնելով ասի՝ այստեղ ուրեմն քրիստոնյա ժողովուրդ են, այլ մեր կենցաղը տեսնելով ասի՝ երևաց, որ քրիստոնյա ժողովուրդ են:

Հիմա Ռիո դե Ժանեյրոյում որ դրված է Քրիստոսի արձանը, ի՞նչ է՝ աշխարհի ամենաբարոյական քաղա՞քն է, աշխարհի ամենաանառակ քաղաքն է Ռիո դե Ժանեյրոն: Այնտեղ արձանին այցելում են զուտ նկարվելու համար: Ի՞նչ է փոխել Ռիո դե Ժանեյրոյի կամ Բրազիլիայի կյանքում Քրիստոսի արձանը, բա՞ն է փոխել: Փոխել է այնքանով, որ այդ քաղաքը դարձել է տուրիզմի վայր: Բայց դա ի՞նչ կապ ունի քրիստոնեության հետ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am