«Ցուցաբերել պատասխանատու վարքագիծ և վիրուսից մաքրել Հայաստանը, որպեսզի մեր զինվորները և բժիշկները կարողանան անել իրենց գործը». հայտարարություն

Կորոնավիրուսի ահագնացող միտումներով մտահոգված՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Սիրելի՜ հայրենակիցներ,

Մեր երկրի առջև ծառացած այս բարդ ժամանակաշրջանում, երբ ծանրագույն աղետները, պատերազմը և համավարակը մարտահրավեր են նետել, յուրաքանչյուր ոք պարտավոր է իր ներդրումն ունենալ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի ագրեսիայի հետևանքով սպառնալիքները չեզոքացնելու և ագրեսորին պարտության մատնելու գործին:

Եվ թեպետ բոլորս չենք կարող կռվել մարտի դաշտում, բոլորս ենք ի զորու մարտի բռնվել վիրուսի հետ և պաշտպանել մեր զինվորներին և բժիշկներին, որպեսզի նրանք զբաղվեն իրենց պարտականությունների կատարմամբ:

Մեծ ջանք չի պահանջվում դիմակ կրելու և կանխարգելման մյուս միջոցները կիրառելու համար, սակայն այդ պարզ և տարրական միջոցը պաշտպանում է ոչ միայն մեզ և մեր ընտանիքները, այլ նաև՝ մեր պետությունը:

Լոկ այն փաստի գիտակցումը, որ մեր կողմից այս հարցի երկրորդային պլան մղմամբ նպաստում ենք, որպեսզի վիրուսը հասնի մեր այն զինվորներին, ովքեր իրենց կյանքն են վտանգում հանուն մեզ, բավարար է, որպեսզի ոչ միայն կրենք դիմակ, այլ նաև՝ ջատագովենք դիմակ կրելը:

Անգամ եթե չեք հավատում, որ վիրուսը գոյություն ունի, կամ եթե կարծում եք, որ դիմակը վտանգավոր է Ձեր առողջության համար, կարծում ենք՝ կհամաձայնեք, որ պարտավոր եք կրել դիմակ՝ պաշտպանելու համար նրանց, ովքեր շատ ավելի մեծ վնասի և վտանգի պայմաններում են այսօր:

Կոչ ենք անում մեզ բոլորիս` ցուցաբերել պատասխանատու վարքագիծ և վիրուսից մաքրել Հայաստանը, որպեսզի մեր զինվորները և բժիշկները կարողանան անել իրենց գործը՝ առանց լրացուցիչ ռիսկի և վնասների, և որպեսզի մեր ռեսուրսները խնայվեն՝ հանուն մեր սահմանների ամրության և պաշտպանության:

Կոչ ենք անում պատասխանատու պետական մարմիններին և գերատեսչություններին, մասնավորապես ՀՀ Ոստիկանությանը՝ առավել խստություն ցուցաբերել համավարակի կանոնների պահպանումն ապահովելու տեսակետից։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Հանրային լրագրության ակումբ

«Ազդեցիկ Քաղաքացի» ՀԿ-ն

«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ

Երիտասարդները հանուն փոփոխության քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ

Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ

«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ

«Կրթության Ասպարեզ» ՀԿ

Երիտասարդական ավանգարդ ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ

Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ

Վստահություն առողջապահական ՀԿ

Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ

«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

«Լոռե էկո-ակումբ» ՀԿ

«Տաթևիկ» ՀԿ

«Սինեմարթ» ԵՀԿ»: