Գեղարքունիքի մարզպետը գերմանական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավարի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել

Այսօր գերմանական «Ֆրեդերիխ էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նաիրա Գևորգյանի հետ հեռավար ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր։

Այդ կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հուշագրի հիման վրա հաջորդ ուսումնական տարում հիմնադրամի ֆինանսավորմամբ կգործարկվի Գեղարքունիքի մարզի «Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության» առցանց հարթակ:

 Հարթակի գործունեության նպատակն է բարձրացնել մարզի հանրակրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության ոլորտների մշտադիտարկման արդյունավետությունը, հանրայնացնել մարզի հանրակրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների, ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի գործունեությունը, ձևավորել նորությունների միասնական հարթակ և խթանել նշված կառույցների միջև փորձի փոխանակումն ու համագործակցությունը։

 Այսօր, քան երբևէ, մենք ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք նշված ոլորտներին։ Ժամանակակից պետությունները մրցունակ են առաջին հերթին իրենց կրթական մակարդակով ։ Համոզված եմ՝ մարզի կրթության զարգացման հարցում այլ գործոնների թվում կարևոր դեր կխաղա նաև ստեղծվող հարթակը։

 Նորաստեղծ հարթակում իրենց էջերն ստեղծելու հնարավորություն կունենան կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության ոլորտներում գործող մարզային և համայնքային ենթակայության կազմակերպությունները, ՀԿ-ները և զբոսաշրջության ոլորտի ընկերությունները։ Հարթակի գործունեությունը կհամակարգի Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը:

 Հարթակը հնարավորություն կընձեռի կազմակերպել առցանց մշակութային միջոցառումներ, ստեղծագործական մրցույթներ, ցուցահանդեսներ։ Իր տեսակի մեջ, գործառույթների և ընդգրկման առումով, այն առայժմ եզակի է հանրապետության տարածքում և նախատեսվում է գործարկել 2021 թվականի սեպտեմբերին»։