Ըստ երևույթին՝ սկսվել են դիվանագիտական ճնշումները Թուրքիայի և Ադրբեջանի վրա, բայց մեր հույս մեր վրա պիտի դնենք. Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, ի՞նչ վիճակ է հիմա Ստեփանակերտում, հրթիռակոծումը շարունակվո՞ւմ է։

Ստեփանակերտի համար արդեն սա դարձել է առօրյա։ Ինչպես իր փառահեղ պատմության մի շարք շրջաններում, հակառակորդը շարունակում է իր անմարդկային քաղաքականությունը, մենք էլ դիմադրում ենք, նրան հակահարվածներ հասցնում և կորուստներ պատճառում։ 

Բավականին թեժ մարտեր են եղել այս գիշեր։ Ինձ հայտնի է միայն մեկ բան, որ մեր բանակը կանգնած է և չի նահանջում է որևէ ձևով, դիմակայում է և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին, և՛ գրոհայիններին՝ պաշտպանելով քաղաքակիրթ մարդկությանը։ 

Հարվածում են քաղաքների, գյուղերի, քաղաքացիական բնակչության ուղղությամբ։ Մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ մինչև վերջ կանգնենք մեր սահմաններին։ Իրավիճակը այսպիսին է։

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են երկու կողմերին կոչեր անել դադարեցնել պատերազմական գործողությունները։ Ինչպե՞ս եք գնահատում։

– Ըստ երևույթին՝ սկսվել են դիվանագիտական ճնշումները Թուրքիայի և Ադրբեջանի վրա, այդ ուղղությամբ աշխատանք է իրականացվում, բայց մենք դրա վրա չպետք է հույս դնենք, մեր զգոնությունը չպետք է թուլացնենք, մեր առաքելությունն այն է, որ սահմանները պաշտպանենք, հնարավորինս նյութական և մարդկային ուժերը պաշտպանենք։

Իհարկե այս հայտարարություններն էլ կարևոր են, սա էլ է ցույց տալիս մոտեցում, փիլիսոփայություն, բայց ակնհայտ է, որ պետք է հայտարարություններից անցնեն կոնկրետ ճնշումների, խոսքը պատժամիջոցների մասին է։

– Ո՞վ կզսպի Էրդողանին։

– Էրդողանին կզսպենք մենք, ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Չինաստանը, քաղաքակիրթ աշխարհը։

– Նշվում է, որ ադրբեջանցիները փախուստի են դիմել Գյանջայից։

– Բա պիտի դիմեն, բա ի՞նչ պետք է անեն, երկու խենթ հանցագործ առաջնորդ կոչեցյալներ այսպիսի արկածախնդրություն են ձեռնարկել, Ալիևը էրդողանի մոտ սատրապ է աշխատում։ 

Հիմա Հեյդար Ալիևը մտածում է, որ իր ստեղծած երկիրը որդին սկուտեղի վրա տարել-հանձնել է Թուրքիային, և հիմա Ադրբեջանի նախագահը փաստացի Էրդողանն է։

– Ստեփանակերտում քաղաքացիները շարունակում են ապաստարաններում մնա՞լ։

Որ հատվածն ինքնին վտանգ է ներկայացնում, այդ հատվածի քաղաքացիներն ապաստարաններում են։ Մեզ համար յուրաքանչյուր կյանք ինքնին արժեք է, հնարավորինս քիչ կորուստներ տանք, հնարավորինս շատ մարդ փրկվի։ 

– Արցախի ԱԳՆ-ն կոչով դիմել է միջազգային հանրությանը Արցախի անկախությունը ճանաչելու խնդրով։

– Բնական եմ գնահատում, այդ գործընթացը ստանում է իր բնականոն շարունակությունը, այս ագրեսիայի պայմաններում մենք այլ տարբերակ չենք տեսնում։ Թուրք-ադրբեջանական ագրեսիան այլընտրանք չի թողնում։ Արցախն ինքնին առաջնագիծ է, և բոլորն այստեղ առաջնագծում են։ Ինքը միջնաբերդ է, ճակատ է։

Մանե Հարությունյան

MediaLab.am