Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակման հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է Մոսկվայի բոլոր չորս խոշոր օդանավակայանների՝ «Շերեմետևո»-ի, «Վնուկովո»-ի, «Դոմոդեդովո»-ի և «Ժուկովսկի»-ի աշխատանքը, հայտնում է Meduza-ն։
«Աէրոֆլոտ»-ը ուղևորներին հորդորել է օդանավակայան մեկնելուց առաջ ստուգել չվերթների կարգավիճակը, իսկ չեղարկման դեպքում օգտվել առցանց վերադարձի կամ ամսաթվի փոփոխության հնարավորությունից։
Միայն «Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է շուրջ 30 չվերթ։ Օդանավակայանի վարչակազմի տվյալներով՝ իրականացվել է ուղևորների և աշխատակիցների տարհանում, իսկ տերմինալների մուտքը ժամանակավորապես փակվել է։
«Ռոսավիացիա»-ն հայտնել է, որ օդանավակայաններում մնացած ուղևորներին տրամադրվում են առաջին անհրաժեշտության պայմաններ՝ խմելու ջուր, հանգստի պարագաներ և մոր ու մանկան սենյակներ։
Ռուսական կողմի տվյալներով՝ հունիսի 18-ի գիշերը Մոսկվայի ուղղությամբ արձակվել է գրեթե 200 անօդաչու թռչող սարք։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանում, իսկ քաղաքի մի շարք փողոցներում սահմանափակվել է երթևեկությունը։



















