Պաշտպանության նախարարության զորամասերից երկուսում արդեն շահագործվել են նոր արդիականացված ճաշարաններ՝ նոր սարքավորումներով և գույքով․ այստեղ զինվորներին մատուցում են բարձր որակի և հարուստ սննդացանկով ուտելիք։ Հիշեցնենք, որ դեռ 2018 թվականի դեկտեմբերին Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր փորձնական ծրագիր սկսելու մասին, որի իրականացման համար հայտարարվել էր մրցույթ։ Այս մրցույթում հաղթող էր ճանաչվել մի քանի ընկերություն, որոնցից մեկն էլ «Արտ Լանչ» սննդի կետերի ցանցն է։ Այս մասին գրում է Factor.am-ը։
Ընկերության հիմնադիրներից Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իրենց ընկերության կողմից ՊՆ 2 զորամասի նոր շահագործված ճաշարանների լուսանկարներն ու կից գրել։
«Մի քանի օր առաջ «Արտ լանչը» սկսեց ՊՆ զորամասերից 2-ում ճաշարանների շահագործումը: Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ արածդ պարզապես բիզնես չէ՜, երբ հացդ զինվորն է ուտելու։ Սա մեր համար պատվի խնդիր է: Զինվորներից շատերը հարցրել են մեր խոհարարներին.
«էս հետո էլ ա ըսենց համով ու բազմազան լինելու, թե՞ սկիզբն ա դրա համար ա»։ Պատասխանում եմ՝ նոր ենք դրա համար ա ըսենց, կամաց-կամաց ավելի լավ ա լինելու։ Գործընթացը շարունակական է, ամիսը մի քանի զորամասերի ճաշարաններ կանցնեն նույն մեթոդի»:
Factor.am-ը Պաշտպանության նախարարությունից փորձեց ճշտել, թե ՊՆ քանի զորամասում է նախատեսվում ունենալ ժամանակակից ճաշարաններ։ Հարցին ի պատասխան՝ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․
«Թե այս պետական ծրագրի ընթացքում քանի զինվորական ճաշարանում է կատարվելու համապատասխան փոփոխություն և մատուցվելու նոր որակի սնունդ, չեմ կարող ասել, քանի որ դա գաղտնիք է։ Նշեմ, որ նախարարության կողմից իրականացվող այս ծրագրի շրջանակում մեզ հետ համագործակցում է 6 ընկերություն, որոնցից մեկն էլ «Արտ լանչ» սննդի կետերի ցանցն է։ Հավելեմ, որ այս ընկերությունը փորձառու է, իրենց նախաձեռնությունները վերաբերում են կոնկրետ մարտավարական լուծումների։ Իրենք ունեն նաև այլ հետաքրքիր նախաձեռնություներ ևս»։
Նշենք, որ Պաշտպանության նախարարության ներկայացրած ծրագրով նախատեսվում է զորամասերի ճաշարանների, պահեստների ու ճաշարանային արտադրամասերի վերակառուցում կամ վերանորոգում, տեխնիկայի, կահույքի, խոհանոցային սպասքի փոխարինում ժամանակակից միջոցներով, օդափոխության, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, հակահրդեհային արդիական համակարգերի տեղադրում, դաշտային պայմաններում ու առաջնագծում ճաշատեսակների բազմազանության ապահովում։